ԱԺ Հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը վստահ է՝ խորհրդարանին պետք են գործարարներ
– Ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, եւ արդեն կարծես լարվածություն է զգացվում: Ըստ որոշ գնահատականների՝ քաղաքական ճգնաժամի մեջ ենք, Ձեր կարծիքով՝ կա՞ ճգնաժամ:
– Ովքեր հասկանում են քաղաքականությունից, կամ ովքեր քաղաքականության մեջ են, շատ հստակ գիտակցում են, որ առաջիկայում լինելու են խորհրդարանական ընտրություններ, եւ ակտիվանում են, այդ ակտիվությունը որոշ տպավորություն է ստեղծում, թե ինչ-որ ճգնաժամային խնդիրներ կան: Իրականում ոչ մի նման բան չկա, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով եւ կհասնի իր տրամաբանական ավարտին: Իհարկե, հիմա պետք է նախապատրաստվել, խնդիրներ են կարգավորում եւ այլն:
– Դուք կիսո՞ւմ եք այն կարծիքը, թե Ռուսաստանից մենք կախում ունենք, եւ նրանց քաղաքական զարգացումները բավականին զգալի են մեր քաղաքական գործընթացների համար:
Կարդացեք նաև
– Կարծում եմ՝ անակնկալ չէր «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը, այդպես էլ պետք է լիներ: Խնդիրը ոչ միայն Ռուսաստանն է, այլ նաեւ բոլոր ազդեցիկ երկրների հետ մենք պետք է կարողանանք արժանապատիվ հարաբերություններ ստեղծել, իհարկե՝ մենք ՌԴ-ի հետ ներդաշնակ հարաբերությունների կողմնակից ենք, եւ հարաբերությունները այդ երկրի հետ միշտ էլ շատ հստակ են եղել, եւ պատահական չէ, որ մեր այսօրվա հարաբերությունները եւս ակտիվ են: Վերջերս եմ վերադարձել Վրաստանից, եւ այնտեղ էլ այն կարծիքի են, որ չի կարելի ավանդաբար եկած հարաբերությունները կտրել, շատ դժվար է կտրել: Մեր ամբողջ առավելությունն այն է, որ մենք փորձում ենք բոլորի հետ ներկայանալ ըստ արժանվույն, բոլորը հասկանում են, թե մենք ովքեր ենք, եւ մենք երբեք քայլեր չենք անում ի հաշիվ մեր արժանապատվության: Մեր արտաքին քաղաքականությունը այս ոգով էլ կառուցվում է, եւ դա մեզ մոտ շատ լավ ստացվում է:
– Դուք պատրաստվո՞ւմ եք մեծամասնականով դարձյալ առաջադրվել պատգամավորության թեկնածու եւ ինչպե՞ս եք վերաբերվում այն կարծիքին, թե գործարարները չպետք է մտնեն խորհրդարան:
– Գիտեք, կա օրենք, իսկ օրենքով կան սահմանափակումներ այն անձանց նկատմամբ, ովքեր ունեն բիզնես եւ իրենք են աշխատեցնում այդ բիզնեսը: Ոմանք ասում են, թե գործարարը ԱԺ է մտնում անձնական շահի համար՝ այստեղ իր ուզած օրենքների նախագծերը ներկայացնելու եւ անցկացնելու համար: Ես, հավատացնում եմ, չեմ նկատել նման բան, որ գործարարը անձնական շահի համար նման բան անի: Ես համաձայն եմ այն մոտեցմանը, որ երբ ձեւավորվում են կուսակցությունների համամասնական ցուցակները, խնդիր չկա, այդ ցուցակներում կարող են չլինել գործարարներ, այլ լինեն մարդիկ, որոնք զուտ մասնագետներ են՝ իրավաբաններ, տնտեսագետներ, գաղափարախոսությամբ զբաղվողներ: Իսկ մեծամասնական ընտրակարգով ցանկացած մարդ կարող է դնել իր թեկնածությունը, ցանկացած մարդ կարող է հաղթել կամ չհաղթել: Ընտրողը ժողովուրդն է, եւ չի կարելի սահմանափակել նույն գործարարի իրավունքը: Մարդն ինքն է որոշում, եւ եթե ունի բիզնես, ընտրվելուց հետո դա հանձնում է կառավարման եւ այլն, այսինքն՝ պահպանում է օրենքի պահանջը: Գործարարությամբ զբաղվող մարդիկ, գործարարության ճանապարհն անցած մարդիկ այս իրականության մարդիկ են, մարդիկ, ովքեր ավելի մեծ փորձ ունեն նույն տնտեսական դաշտում, քաղաքական դաշտում, մարդիկ, ովքեր ավելի եռանդով ու հստակ նպատակներով են աշխատել: Գործարարները 90-ականներից հետո են ձեւավորվել, իսկ ովքեր են այդ մարդիկ. դրանք մարդիկ են, ովքեր մի քանի անգամ ավելի են աշխատում սովորական մարդկանցից, մարդիկ են, ովքեր մի քանի անգամ ավելի են լուրջ ռիսկերի գնում եւ այլն, ուզում եմ ասել, որ մարդիկ ինչ-որ բանի հասել են ոչ պատահաբար, այլ իրենց աշխատանքի շնորհիվ: Պատահական մարդկանց մենք շատ ենք տեսել, եկել են ու գնացել են, նույնիսկ չեն հիշվել: Իսկ այսօրվա գործարարին անտեսելը, ինձ թվում է, ճիշտ ճանապարհ չէ:
– «Բարգավաճ Հայաստանը» եւ Հանրապետականը կշարունակե՞ն իրենց համատեղ ուղին դեպի խորհրդարանական ընտրություններ, թե՞ կբաժանվեն:
– Չի կարելի ոչինչ բացառել, բայց այսօրվա վիճակով եւ ԲՀԿ-ն, եւ ՀՀԿ-ն կոալիցիայի անդամ են, եւ ԱԺ-ում են, եւ կառավարությունում, ու աշխատում են միասին: Չեմ կարծում, թե կբաժանվեն: Երկուսի գաղափարախոսությունն էլ, նպատակն էլ նույնն է, մի քիչ փոփոխված, բայց՝ նույնը: Եթե խնդիրներ էլ կան, կարելի է փոքրիկ սեղանի շուրջ լուծել: Ընդհանուր առմամբ, գոնե ես չեմ նկատել լուրջ տարաձայնություններ, չկան լուրջ տարաձայնություններ, չկան գաղափարախոսական տարաձայնություններ, եւ բոլորս էլ գիտենք, որ վերջին չորս տարվա ընթացքում այս ուժերը եղել են միասնական: Կան մարդիկ, որոնց ձեռնտու չէ խոսել այս մասին, մարդիկ էլ կան, որոնք իրենց վատ են զգում՝ տեսնելով ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի մտերմությունը, փորձում են ինտրիգներ ստեղծել, լարվածություն ստեղծել: Բայց եթե լինի լարվածություն, ովքե՞ր կշահեն՝ ուրիշները, նրանք, ում այդ լարվածությունը ձեռնտու է:
Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ