Անցյալ տարի կայացած ամփոփիչ ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Ամանորը անցկացնելու է Հայաստանում, հարազատների հետ, հավելելով, թե ընդամենը մեկ անգամ է արտերկրում դիմավորել Նոր տարին: Դա 1999 թվականին էր՝ ֆրանսիական համալսարաններից մեկում հայ ուսանողներով գումար չեն ունեցել Հայաստան վերադառնալու համար, ուստի ուսանողական հանրակացարանում են դիմավորել: Ճագարի տարում ծնված նախարարը նաեւ ասել էր, թե չի հավատում չինակորեական աստղագուշակներին, որովհետեւ կարծում է, որ մարդու ճակատագիրը կանխորոշված է Աստծո կողմից: Երեկ պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե որտեղ է անցկացնելու Ամանորը, նախարարն ասաց. «Այս տարի էլ Հայաստանում եմ անցկացնելու, կփորձեմ խուսափել շատ զանգվածային սեղանակցություններից, եթե դա հաջողվի, ավելի շատ ժամանակ կտրամադրեմ ընտանիքիս հետ լինելու համար»:
Իսկ ի՞նչ նվեր են խնդրել զավակները Ձմեռ պապից: «Անկեղծ ասած, դեռ չգիտեմ: 10 օր է՝ տղաներս ոգեւորված են Ամանորով եւ ինձանից ակնկալում են, որ ժամանակ գտնեմ ու գնամ իրենց հետ տոնածառ գնելու, որը միասին կզարդարենք: Բայց դա դեռ իրականություն չի դառնում, քանի որ զբաղվածության պատճառով անընդհատ «ականջի հետեւ» եմ գցում: Գիտեմ, որ տղաներս նամակներ են գրել Ձմեռ պապին, բովանդակությանը դեռ ծանոթ չեմ, որովհետեւ երեկ երեկոյան են դրել իմ տան աշխատասենյակի սեղանին, դեռ չեմ հասցրել բացել: Հուսով եմ՝ ժամանակ կունենամ բավարարելու երեխաներիս ցանկությունները: Որքանով տեղյակ եմ՝ ավագ որդիս Հին Եգիպտոսի մասին գիրք էր ուզում, որովհետեւ մուլտֆիլմ էր դիտել ու շատ ոգեւորված էր Հին Հունաստանի,Հին Եգիպտոսի եւ Հին Հռոմի պատմությամբ: Ասում էր՝ ինչո՞ւ Հին Հայաստանի մասին մուլտիկ չկա: Ես փորձեցի այդպիսի մուլտֆիլմ գտնել Հին Հայաստանի մասին, բայց պարզեցի, որ չկա, միայն վավերագրական ֆիլմեր են, որոնք տղաս նայել է: Դիտել է նաեւ «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը»,- հայտնեց պարոն Աշոտյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ