Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այո, սկյութներ են նրանք

Դեկտեմբեր 06,2011 12:28

Իմ մանկության տարիներին ես լսել եմ մի բառ, որն այսօր, կարծես թե, չի գործածվում՝ «ֆընդըխ»: Այսինքն՝ խախուտ, շինծու, անլուրջ, դատարկ: Ահա այդպիսի մի բան է ինձ ներկայանում «Եվրասիական միություն ընտանիք» կոչվածը: «Նոր ժամանակներ» կուսակցությունը կոչ է անում Հայաստանին միանալ այս ընտանիքին, որի վերաբերյալ հուշագիրը (ուշադրություն դարձրեք՝ առայժմ միայն հուշագիրը) ստորագրել են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: ՆԺԿ-ն դրա օգտին բերում է փաստարկներ, որոնք ինքնին անվիճելի են եւ կապված են ՌԴ-ի հետ մեր տնտեսական համագործակցությանը, որն, անշուշտ, պետք է զարգացնել: Թե ինչու է դրանից բխում, որ պետք է մաս կազմել ռուս-բելառուսա-ղազախական ընտանիքին, այնքան էլ հասկանալի չէ: Միակ հնարավոր պատասխանը կարող է լինել այն, որ Ռուսաստանը մեզ «զոռով» ստիպի մտնել այդ կառույցի մեջ: Դրա հավանականությունը, իհարկե, կա, բայց միայն այն դեպքում, երբ այդ միությունը կդառնա լուրջ, կայացած կառույց, որին Հայաստանի անդամակցելը անչափ կարեւոր կլինի Ռուսաստանի համար: Առայժմ «ընտանիքը» գոյություն ունի հռչակագրի մակարդակով, եւ որեւէ նախանշան չկա, որ այն ինչ-որ բանով կտարբերվի ԱՊՀ-ից, Սեւծովյան երկրների համագործակցությունից կամ տարբեր տեսակի մաքսային դաշինքներից:

Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ «Եվրասիական միության» ջատագովները այդ կառույցի մեջ ներդնում են ոչ միայն զուտ պրագմատիկ տնտեսական, այլեւ քաղաքական եւ հոգեբանական իմաստ: Նման միության գաղափարը, որքան հասկանում եմ, պատկանում է փիլիսոփա Ալեքսանդր Դուգինին, որն այժմ Կրեմլին մոտ կանգնած ինտելեկտուալներից մեկն է: Դեռեւս 90-ականներին նա խոսում էր այն մասին, որ Ռուսաստանը պետք է դարձյալ իր մեջ ինտեգրի նախկին խորհրդային հանրապետությունները՝ նախեւառաջ ռուսալեզու Ղրիմը եւ Արեւելյան Ուկրաինան: Մի կողմ թողնենք, թե որքանով է այդ գաղափարը թարմ եւ իրագործելի: Փոխարենը արժե, հավանաբար, արձանագրել, որ Դուգինը, ըստ որոշ տեղեկությունների, խորհրդատվություն էր մատուցում թուրք իրավաբան եւ հրապարակախոս Մեհմեթ Փերինչեքին, որը, հիմնվելով ռուսական եւ խորհրդային փաստաթղթերի վրա, իր նոր գրքում «ապացուցում է», թե Հայոց ցեղասպանություն չի եղել:

Զուտ հոգեբանորեն ես ինձ «եվրասիացի» չեմ զգում, եթե դրա տակ հասկացվում է Պուտինի, Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի ռեժիմների հետ «գրկախառնությունը»: Երբ ասվում է՝ եկեք Եվրամիությանը հակադրենք Եվրասիական միությունը, դա նույնպես համոզիչ չի հնչում, որովհետեւ ավտորիտար ռեժիմներն իրար հետ նման համագործակցության համակարգ չեն կարող ստեղծել՝ այստեղ մեկը մյուսին պետք է պարզապես «կուլ տա»: Երբ կառավարիչները ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց հասարակությունների առաջ, դա էլ է տեսականորեն հնարավոր: Ուրիշ հարց, որ Ռուսաստանն այսօր այն վիճակում չէ, որ կարող է նման բան անել: Կիրակի օրն անցած ընտրությունները դրա ապացույցն են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031