Հատված ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հարցազրույցից
– Պարոն Սահակյան, դժգոհեցիք, որ «Ժառանգություն»-ում չեն էլ ցանկացել քննարկել ԱԺ նախագահի ձեր թեկնածուին՝ միանգամից ասելով, որ իրենք իրենցն ունեն՝ Ալավերդյանին։
– Հետաքրքիրն այն Է, որ Ստյոպա Սաֆարյանի ելույթը՝ «որ չքնաղ հայերենով կամ լավ հայերենով» (Լարիսա Ալավերդյանը), ուղղակի ես ցնցված եմ. Լարիսա Ալավերդյանը ռուսական կրթություն ունի, կարելի Է նաեւ ներողամիտ լինել, բայց ես Էնտեղ հայերեն շարադասության որեւէ նախադասություն չտեսա։ Քիչ էր մնում՝ կարմիր գրիչս վերցնեի ու որպես մասնագետ՝ նաեւ տառասխալներն ուղղեի, առավել եւս՝ հնչերանգները։ Եվ նաեւ ներկայացվում է, որ մաքուր անգլերեն է խոսում՝ չմտածելով, որ անգլերենը Լարիսա Ալավերդյանի, ինձ համար, մյուսի համար միջոց է, իսկ հայերենը միջոց չէ, հայերենը դա կերտվածք է, նպատակ է։ Բերել օտար լեզուն եւ հայերենի հետ շաղկապել… ես համոզված եմ, որ անգլերեն ավելի լավ կխոսի, քան հայերեն։
Կարդացեք նաև
Հ. Գ. Նկատենք, որ Գալուստ Սահակյանը, ով պատրաստ է, գրիչը ձեռքին, ուղղել Լարիսա Ալավերդյանի սխալները, ինքն էլ, չնայած մասնագիտությանը, բավական հաճախ է դրանք թույլ տալիս։ Որպես օրինակ՝ նշենք ընդամենը մեկ նախադասություն վերոնշյալ հարցազրույցից, որտեղ առնվազն երկու կոպիտ սխալ կա. «Այդ ըմբռնումները իմ համար հասկանալի չէ»։ Մինչդեռ գրագետ հայերենով այդ նախադասությունը պետք է հնչեր այսպես. «Այդ ըմբռնումն ինձ համար հասկանալի չէ» կամ «Այդ ըմբռնումներն ինձ
համար հասկանալի չեն»:
Անուշ Դաշտենց
«Ժողովուրդ»