Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամներին հիշում են տարին մեկ անգա՞մ

Դեկտեմբեր 06,2011 11:04

Դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Նոյեմբերյանի զորամասի շտաբի պետ Վահե Հովսեփյանը եւ այլ զինվորականներ այցելեցին մարտադաշտում վիրավորված, հաշմանդամ դարձած երկու ազատամարտիկի՝  Բաղանիս գյուղի բնակիչ Անդրանիկ Սահակյանին եւ Լճկաձորի բնակիչ Վարդան Միրզոյանին:

Բաղանիսցի Անդրանիկ Սահակյանը հետաքրքիր կենսագրություն ունի: Նա մայրը ադրբեջանուհի է, հայրը` Դերենիկը հաշմանդամ էր դարձել Մեծ հայրենականում: 1992 թվականին Դերենիկը ադրբեջանական հրետակոծությունից զոհվել է իր տան առաջ: Անդրանիկը, որն ակտիվ մասնակցել է հայրենի Բաղանիսի պաշտպանությանը, ժամկետային ծառայության ժամանակ կամավոր մեկնել է Հորադիզ: Մարտերից մեկի ժամանակն էլ կորցրել ոտքը: Ճակատագիր է, որ նա էլ հոր նման ոտքը կորցրեց նույն տարիքում, նույն զենքից: Անդրանիկը Սահակյանը սակայն չհուսահատվեց: Նա ամուսնացավ, ունի 3 որդի: Հայրենի գյուղում զբաղվում է կոշիկների նորոգմամբ: Անդոն լավ երգիչ է, նվագող եւ ինքնուս երգահան , Բաղանիսում եւ հարեւան գյուղերում քեֆերն առանց Անդրանիկի հայրենասիրական երգերի չեն անցնում: Նոյեմբերյանի զորամասի հրամանատարությունը Անդրանիկին սուր հանձնեց, Նոյեմբերյանի քաղաքապետը` այլ նվերներ: Չնայած Անդրանիկը չի բողոքում, սակայն նրա փոքրիկ տան ծածկը հուսալի չէ, անձրեւները տուն են թափանցում: Հյուրերը խոստացան, որ Նոյեմբերյանի զորամասի ներկայացուցիչը կգա Բաղանիս` տանիքի նորոգման համար նախահաշիվ կազմելու համար, որ հետո այն ներկայացվի պաշտպանության նախարարություն, որպեսզի նախարարությունն աջակցի այս հարցում:

Անդրանիկ Սահակյանի օջախի ներքո լավատեսության եւ կենսուրախության ոգի կա: Այլ պատկեր էր Լճկաձորում: Վարդան Միրզոյանը 1991 թվականի մայիսի 4-ին Ոսկեպարի ճանապարհին, «ՈՒԱԶ-ի» մեջ վիրավորվեց ադրբեջանական տանկի արկից, նրա երկու ոտքերը անդամահատված են: Վարդանը մի քանի տարի աշխատել է Լճկաձորի ակումբի վարիչ, սակայն թողել է գործը, քանզի դժվարությամբ էր ակումբ հասնում: Նա ամուսնացած չէ, ապրում է առողջական խնդիրներ ունեցող եղբոր` Համլետի եւ 80-ամա մոր` Նիգյարի հետ: Ծեր կինը հազիվ հասցնում է իրենց այգին մշակել, սակայն առաջացած տարիքի պատճառով դժվարանում է տան հոգսերը հոգալ: Վարդանը զբաղմունք չունի, ինչը նրա առօրյան դժվար եւ միապաղաղ է դարձնում: Վարդան Միրզոյանին եւս սուր եւ այլ նվերներ հանձնվեցին: Երկրապահ կամավորականների միության Նոյեմբերյանի մասնաճյուղի նախագահ Ռաֆիկ Ասլանյանը բոլորի ներկայությամբ պարտավորվեց աջակցել, որ Վարդանն առաջիկայում ամուսնանա, ինչը կփոխի նրա կյանքը: Ցանկալի կլինի, որ հայրենիքի պաշտպանության հարցում վաստակ ունեցողներին հիշեին ամբողջ տարին եւ ոչ դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 3:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031