12-րդ դասարանի «Ֆրանսերեն» դասագրքի հենց կազմի վրա առկա է տպագրական սխալ` «Français»-ի փոխարեն տպագրված է` «Française»: ԿԳՆ-ն ոչ արդյունավե՞տ է ծախսում ֆինանսական միջոցները հրապարակման մեջ երեկ գրել էինք, որ կազմի վրա եղած սխալ բառի պատճառով երեխաներն անընդհատ շփոթում են ու կատարում նույն ուղղագրական սխալը, ինչից խուսափելու համար ուսուցիչները երեխաներին հանձնարարել են կամ ջնջել ավելորդ տառը, կամ վրան թուղթ կպցնել:
Ներկայացնելով «Քաունթերփարթ ինթերնեշնլի» եւ USAID-ի ֆինանսական աջակցությամբ «Հանուն կրթության եւ գիտության» ՀԿ-ի «Կրթության ոլորտի բյուջեի բացերը՝ ոլորտի ծախսերի արդյունավետության եւ թափանցիկության համատեքստում» ուսումնասիրությունը, նշել էինք, որ 2010 եւ 2011 թվականներին ԿԳՆ բյուջեով դասագրքերի հրատարակման համար նախատեսվել է մոտ 765 միլիոն դրամ յուրաքանչյուր տարվա համար: Ուսուցիչների շրջանում կատարած հարցումները ցույց են տվել, որ դասագրքերը չեն ենթարկվում անհրաժեշտ փորձաքննության ու հրատարակվում են խմբագրական, ուղղագրական, տպագրական սխալներով:
Հրապարակմանն արձագանքելով` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Aravot.am-ին հայտնել էր, որ արծարծված հարցերին անդրադառնալու համար արդեն հանձնարարել է, որ զբաղվեն: «Ցավոք, ուսումնասիրության ողջ տեքստը մեզ դեռ չեն ներկայացրել: Բայց արդեն, ինչպես ասում են, անզեն աչքով տեսանելի են որոշ «բացահայտումների» իրականությանը չհամապատասխանելու փաստերը»,- նշել էր Ա. Աշոտյանը եւ խորհուրդ տվել այցելել հետեւյալ հասցե` https://www.armedu.am/arm/files/material_files/France_12_2010.pdf, որտեղ ներկայացված է ճիշտ` «Français» տարբերակը:
Ի պատասխան ԿԳ նախարարի, «Հանուն կրթության եւ գիտության» ՀԿ-ի ղեկավար Մերի Ալեքսանյանը Aravot.am-ին փոխանցեց, որ նախարարի նշած հասցեում ոչ թե գրքի կազմն է, այլ պատկերված է գրքի ներքին էջը: «Պետք չէ վրիպակները «բարդել» տպարանի վրա: Չեմ էլ կասկածում, որ գիրք կազմողներն իմացել են` ինչպես գրել ֆրանսերեն բառը, բայց ինչպե՞ս է դասագիրքը փորձաքննության ենթարկվել եւ ո՞ է պատասխանատու սրբագրման համար, մի՞թե այս գործընթացները որևէ կերպ չեն վերահսկվում: Հետաքրքիր է նաև` ո՞ր տպարանում է տպագրվել դասագիրքը, և արդյոք աչքի ընկնող նման կոպիտ վրիպակի համար պե՞տք չէր «պատժել» տպարանին, պատվիրել վերատպագրել գրքի կազմերը և փոխել»,- ասաց նա: Ավելի ուշ տեղեկացրեց, որ երբ դեռ ուսումնասիրությունը վերջնական տեքի բերված չէր, թեմայի շուրջ քննարկում էին կազմակերպել ՀԿ-ների հետ, հրավիրել էին նաև ԿԳ նախարարության ներկայացուցիչներին`կից ներկայացնելով ուսումնասիրության համառոտ տարբերակը, սակայն ոչ մի արձագանք նախարարությունից չէր եղել:
Կարդացեք նաև
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ