Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցը զուգարանի պատ չէ, որտեղ ինչ ասես կարելի է գրել

Դեկտեմբեր 05,2011 23:16

Արդեն քանի օր է՝ «Առավոտը» նման գրություններ է ստանում. «Ինչու չեք զետեղել իմ քոմենթը, բա ասում եք՝ ազատ մամուլ է, սա՞ է ձեր ազատությունը, երեւի փողո՞վ եք տպել հոդվածը», «Իսկ ես կարծում էի, թե «Առավոտն» անկողմնակալ թերթ է… Բայց դուք չեք հրապարակում անհավասարակշիռ, բարոյական արժեքներից զուրկ և դատապարտվածությամբ փաստված հանցագործի մասին մեր մեկնաբանությունները»,   «Առավոտում մեկնաբանությունները գրաքննվո՞ւմ են: Ես գրել էի, որ նման թունոտ վրեժխնդրությամբ միայն «անտեսված» կինը կարող է գրել իր «սիրո օբյեկտի» մասին»:

Պատասխանեմ՝ այո, մենք «գրաքննում ենք» վիրավորանքները, եւ այդ մասին տեղեկացրել ենք ի սկզբանե. «Մենք չենք հրապարակի այն մեկնաբանությունները, որոնք պարունակում են հայհոյանք, ոչ նորմատիվային լեքսիկա, անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ. դրանք անհարիր են քաղաքակիրթ բանավեճին: Դուք կարող եք վիճարկել բովանդակությունը, բայց հարձակումներ մի գործեք հեղինակի կամ այլ մեկնաբանողների վրա»:

Իսկ վերոհիշյալ մեկնաբանությունները հենց պարունակում են վիրավորանքներ հեղինակի կամ հոդվածի հերոսի հասցեին: Ի դեպ հատկանշական է, որ մեզ կշտամբողներից շատերը «Սերոֆիմ Միտրոֆանով» ու նման հորինովի անուն ազգանուններով են ստորագրել իրենց մեկնաբանությունները: Ու վստահ եմ՝ հրապարակեինք մենք դրանք ու վիրավորանքների  «առարկան» դիմեր դատարան ընդդեմ «Առավոտի»՝ պաշտպանելով իր պատիվն ու արժանապատվությունը, մեկնաբանողներն այդպես էլ ի հայտ չէին գա, ինչպես չեն գալիս մեկ այլ թերթի պարագայում , որը ստիպված է պատասխան տալ իր ընթերցողների մեկնաբանությունների փոխարեն:

Այդ թերթը չի հայտնում խնդրո առարկա մեկնաբանությունների հեղինակների IP հասցեները՝ իր վրա վերցնելով հարվածը: Իսկ ես կարծում եմ, թե ընդհանրապես՝ արժեր մի քանի հասցե հայտնել, որպես ցուցադրական դաս անստորագիր նամակներ գրել սիրողների դեմ, որ իմանան, թե հարկ է պատասխան տալ սեփական պնդումների համար, եւ վերջապես, որ համացանցը զուգարանի պատ չէ, որի վրա կարելի է գրել ամեն հայհոյանք՝ առանց բռնվելու վախի:

Մենք անստորագիր, անանուն, անհասցե մեղադրանքներին դեմ ենք: Եվ սա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն մեկնաբանություններին: Հենց այդ պատճառով մեր կայքը չի հրապարակում ոչ «Չենք լռելու» կամ «Խոսքի իրավունք» շարժումների, ոչ «Բանակում ծառայած երիտասարդների» գրագրությունները: Հրապարակավ՝ սեփական անուն-ազգանունով հանդես է եկել «Չենք լռելու»-ի միայն մեկ անդամ, ինչը, կարծում եմ, բնավ բավարար չէ շարժում կոչվելու համար: Իսկ «Խոսքի իրավունքի» կամ «Բանակում ծառայած երիտասարդների» ընդհանրապես որեւէ ներկայացուցիչ չի «գաղտնազերծվել»: Վերջիններիս ինքս առիթ եմ ունեցել անգամ նամակ գրել՝ խնդրել, որ զանգահարեն, հայտնեն իրենց ներկայացուցչի անունը՝ հարցազրույցի համար: Որեւէ պատասխան չի հետեւել:

Գիտեմ, որ այս մեր դիրքորոշումը «պոպուլյար» չէ: Գիտեմ, որ հայհոյանք ու վիրավորանք տեղադրող ԶԼՄ-ները բավական պահանջարկված են: Սակայն «Առավոտն» ի սկզբանե ազդարարել է, որ այդպես չի վարվելու: Մեզ համար խոսքի ազատությունը վիրավորելու ազատությունը չէ: Եվ ով որ համաձայն չէ մեր այս դիրքորոշմանը՝ ազատ է գտնել սեփական ոճին առավել համապատասխան այլ լրատվամիջոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031