Լրահոս
Օրվա լրահոսը

Սառցակալած ճանապարհի պատճառով մի քանի ավտոմեքենա վթարի է ենթարկվել

Դեկտեմբեր 05,2011 23:03

Այսօր` դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31-րդ կմ-ում մի քանի ավտոմեքենաներ դուրս են եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել:

Վթարի հիմնական պատճառը մոտ 2-3 կիլոմետրանոց սառցակալած ճանապարհն է եղել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշում է, որ ակնհայտ երևում է, որ այդ հատվածում ընդհանրապես որևէ մաքրման աշխատանք չի կատարվել. ո՛չ աղ է լցվել, ո՛չ ավազ:
Ֆոտոլրագրողը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզպետը ամպագոռգոռ հայտարարություններ էր անում, թե մաքրման առումով իր մարզը իդեալական վիճակում է, անանցանելի ճանապարհներ չկան, և ցանկացած ավտոմեքենա կարող է իր մարզով երթեւեկել:
Ստացվում է, որ մարզպետի ասածը «փուչիկ» է:
Այս պահին արդեն դեպքի վայրում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչները և հետաքննիչը:
Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև «Գարանտ լիմենս» ապահովագրական ընկերության աշխատակիցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել