Այս անգամ մեր Ժամադրությունը Մկրտիչ Արմուզանյանի հետ էր: Երկար սպասեցինք հանդիպման օրվան: Ժամադրությունը տեղի ունեցավ իրենց գրասենյակում: Հանդիպման ժամը 12:00:
Բակից տուն եկավ, հայրիկի ընկերները տանն էին, ուրախ դեմքով բարեւեց, հետո նույն դեմքով հայհոյեց բոլորին: Մկրտիչ Արզումանյանն է հիշում, բարեւողն էլ, հայհոյողն էլ ինքն էր: «Հորս բարևի փոխարեն՝ տեսնում եմ հայացքն, ու «թռնում եմ» սենյակ: 3 օր ինձ չէին թողնում սենյակից դուրս գայի»,- պատմում է դերասանը: Ասում է՝ փոքր էր, չէր հասկանում, բակային կյանքն էլ հայհոյելով է անցել, երբ ասում էին ՝ մի հայհոյիր, չի կարելի, երգելով էր հայհոյում՝ «Իբրեւ չեմ ասում, երգում եմ»,- պատմում է նա: «Շատ չար եմ եղել: Հաճախ փախչում էի մանկապարտեզից ու թաքնվում: Նայում էի, թե ինչպես են ինձ փնտրում սպիտակ խալաթով դաստիարակները »,-հիշում է Մկրտիչը: Ասում է՝ երբեմն էլ փախչում էր ու գնում բակում խաղալու, խաղերից էլ հիշում է պահմտոցին, օբան, 7 քարը: Հիմա էլ ունի փոքրիկ մեքենաների ու մետաղադրամերի հավաքածու. «Դրանց պահպանմամբ զբաղվում է հայրս »,- ասում է նա:
Ծնվել է Գյումրի քաղաքում, երաժշտական դպրոցում ջութակի դասերի է գնացել: «Այն վայրը, որտեղ ապրում էինք, մոտ էր երկաթգծի կայարանին: Այնտեղի եռուզեռը ինձ շատ էր հետաքրքրում: Երկու պապս էլ այնտեղ էին աշխատում»: Պատմում է՝ ընկերներով գնում ու ժամերով նայում էին անցնող – դարձող շոգեքարշներին: Այդ տարիներից մնացին մտերիմ ընկերները, հիմա բոլորի գործունեության բնագավառը տարբեր է, բայց ընկերության ամրությունը մնացել է նույնը:
Հումորիստ, դերասան Մկոյի ուսանողական տարիների վատ հիշողությունները կապված էին մութ ու ցուրտ տարիների հետ. «Մանավանդ Գյումրիում քաղաքը երկար տարիներ ոտքի չկանգնեց: Շատ վատ էր: Ընկերներով որոշեցինք օղի ու կոնյակ «փակել »: Երկու ընկերներով պատրաստում էին օղին, ու պարզ չէ՝ ինչի՞ց, մյուսները` վաճառում: Մի մարդ կար, ով գնում էր, այդպես էլ չիմացանք՝ ի՞նչ եղավ նրա հետ»-հիշում է նա: Պատմում է՝ ընկերներով ձեռնարկած օղու, կոնյակի գործը չստացվեց, որոշեցին Արմավիրից մրգեր ու բանջարեղեն բերել. «Էլի ընկերներով մեկ գիշեր տանջվեցինք: Թիմերի էինք բաժանվել. որոշել էինք` ով պիտի գնար բերելու, և ով վաճառեր: Ես գնացողների մեջ էի: Բերեցինք, ու շուկայում սկսեցինք վաճառել: Ոչ ոք չէր գնում: Վերջում մեր ծնողները գնեցին, ու ասացին. դուք գործ անող չեք»,- ժպտում է նա:
Ուսանողության տարիների վառ եւ լուսավոր հուշերից է իր կնոջ հետ ծանոթությունը: Հիշում է առաջին ժամադրությունը. «Ես 3-րդ կուրս էի, նա՝ 1ին: Սկսվեց КВН-ը: Այդ ժամանակ էլ ծանոթացանք: Մի գեղեցիկ օր, Ճարտարագիտական համալսարանից տուն գնալուց, ես ասացի, որ անտարբեր չեմ նրա նկատմամբ: Ժամանակ էր պետք, որ մտածեր: Չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե բացասական պատասխան տար»:
Մելանյա Հարությունյան