Այսօր նոր նշանակումներ են կատարվել Շիրակի մարզի Ազգային անվտանգության ծառայության համակարգում: Գյումրու ԱԱԾ երկարամյա պետ Ստաֆիկ Չախոյանի մահից հետո այդ պաշտոնում նշանակել են նրա տեղակալ Սուրեն Սողոմոնյանին: Նշենք, որ Գյումրու ԱԱԾ պետը մահացավ մոտ մեկ ամիս առաջ, 59 տարեկան հասակում` սիրտթոքային անբավարարությունից: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, վերջինս վնասել էր իր ոտքը, վիրահատվել , փոխել էր ոտքի անոթը ու պարբերաբար ստուգումների էր մեկնում Երևան: Նա ճանապարհներին մրսել, թոքերի գաղտի բորբոքում է ձեռք բերել ու մահացել: Մեր աղբյուրների բնութագրելով, թեև «կագեբեյշիկների» աշխատանքը անտեսանելի է, սակայն նախկին պետը աչքը կուշտ անձնավորություն էր ու սովորական ապրող մարդ: Գյումրու ԱԱԾ պետի տեղակալ Սուրեն Սողոմոնյանի փոխարեն նշանակել են ԱԱԾ Ախուրյանի տարածաշրջանի պետ Թոմիկ Աշոտիչին, ով նույնպես հին աշխատող է: Իսկ ահա Ախուրյանը վստահվել է հանրապետության ԱԱԾ պետ, Գյումրու պատվավոր քաղաքացի Գորիկ Հակոբյանի եղբոր որդուն, ով մոտ 30 տարեկան է, և աշխատում էր Գյումրու Ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես ավագ օպեր:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ