Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ես ոչ մեկի «մարդը» չեմ» (տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2011 19:10

Երբ  ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց՝ հայտարարելով, թե ավելի կարեւոր է համարում ստանձնել կուսակցության նախընտրական շտաբի պետի պարտականությունները, լրատվական եւ քաղաքական դաշտից, նաեւ փորձագետների կողմից  դիտարկումներ եղան, թե՝ նրա հրաժարականը պարտադրված է եղել, եւ որ հերթական պաշտոնանկությամբ Սերժ Սարգսյանը շարունակում է իր շրջապատը մաքրել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներից, ինչպիսին նրան, անգամ WikiLeaks-ի գաղտնազերծած նյութերի համաձայն, համարել էր ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Փենինգթոնը:

Որպես՝ ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի, քան՝ Սերժ Սարգսյանի կողմնակից շրջանառվում է նաեւ ՀՀ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի անունը: «Առավոտը» հենց վերջինիցս հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում իր՝ որպես փարձառու օրենսդիրի եւ ՀՀԿ խմբակցության 11 տարվա ղեկավարի, թեկնածությունը չառաջադրելը հե՛նց այդ՝ Քոչարյանի «մարդ» լինելու ընկալման պատճառով չէ՞ր:

«Ես իմ ամբողջ կենսագրությանը վիրավորանքով կվերաբերեի, եթե  հանրությունը մտածեր, որ ես կարող եմ լինել որեւէ մեկի «մարդը»: Ես անձնական տեսակետից որեւէ մեկի պատասխանատվության կամ որեւէ մեկի նկատմամբ պարտավորությունների շրջանակում չեմ կարող լինել»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, թե ինքն իր սեփական սկզբունքներն ունի, եւ ինչ որոշում էլ, որ ընդունում է՝ մինչեւ վերջ դառնում է իր այդ ընդունած որոշումների գերին: «Այնպես որ ծիծաղելի կլիներ, որ Գալուստ Սահակյանին համարեին որեւէ մեկի «մարդը»: Իմ դաստիարակությունը, իմ ամբողջ կենսագրությունը հենց այդպիսին է: Խնդիրն էլ հենց նա է, որ ես որեւէ մեկի նկատմամբ պարտավորված չեմ, իսկ  պարտավորությունները սովորաբար անձնական հիմք են  ունենում: Ես ընդամենը քաղաքական գործիչ եմ՝ իմ գաղափարներով, իմ սկզբունքներով եւ առաջնորդվում եմ այն գաղափարախոսությամբ, որն ի սկզբանե ունեցել եմ»,- եզրափակեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031