Լրահոս
Օրվա լրահոսը

«էս ինչի՞ համար ա». զարմանում են, երբ լսում են

Դեկտեմբեր 05,2011 18:17

Էրգոթերապիան միջամտության ուղի է , որի միջոցով վերականգնվում է ֆիզիկական և մտավոր անկարողություններով անձանց նպատակային գործունեությունը և աշխատանքային կարողությունը: 2003 թվականին TEMPUS / Օկուպացիան Թերապիայի զարգացումը Հայաստանում և Վրաստանում/ ծրագրի շրջանակներում      ENOTHEի / Օկուպացիոն Թերապիայի Բարձրագույն Կրթության Եվրոպական Ցանց/ գործադիր տնօրեն Հաննեկե վան Բրյուգենի անմիջական ղեկավարությամբ հիմնադրվեց և հետագայում զարգացում ապրեց էրգոթերապիա մասնագիտությունը Հայաստանում: 2007 թին հիմնադրվեց էրգոթերապիստների 1-ին հայկական ասոցիացիան` ԱՐՄԷԹԱ:  Ստորև` հարցազրույցում, ներկայացնում ենք ՀՊՄՀ-ի Էրգոթերապիայի բաժնի ուսանողուհի Թերեզա Թոքմաջյանի ակնկալիքներն ու գործունեությունը այս բնագավառում:

 

Էրգոթերապիան համեմատաբար նոր մասնագիտություն է ՀՀում, այսինքն մոտ 7 տարվա պատմություն ունի:  Ի՞նչ նշանակություն ունի այս մասնագիտությունը մեր իրականության մեջ:

-Լինելով Հայաստանում մոտ 7 տարեկան` էրգոթերապիան ունի հազարամյակների պատմություն ու այսքան երկար տարիներ տարբեր ազգերի կողմից ընդունվել ու կիրառվում է երևի թե մի հիմնական հատկանաիշի շնորհիվ` այն բազմաողմանի է: Այսինքն` լինելով էրգոթերապեւտ` մի քիչ բժիշկ ես, մի քիչ հոգեբան, մի քիչ մանկավաժ, մի քիչ լոգոպեդ: Այս բոլոր մասնագիտությունների հմտությունները հավաքելով, խմբավորելով` կարողանում ես օգնել այս կամ այն ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող անձին ներգրավվել որևէ զբաղվածության մեջ, զգալ իրեն կարևոր ու անհրաժեշտ հասարակության համար և հասարակության մեջ:

 

Քո մասնագիտությունը ի՞նչ հետաքրքիր և գրավիչ կողմեր ունի: 

 

-Հայաստանի պայմաններում ավելի շատ երեխաների հետ ենք աշխատում, ու օրինակս ավելի հստակ կլինի այս դեպքում: Երևի բոլորին էլ պարզ է ու զարմանալի չի լինի, եթե ասեմ, որ երեխայի կյանքում ամենակարևոր հետաքրքիր ու հիմանական զբաղվածությունը խաղն է: Այսինքն` պետք է օգտագործել անհրաժեշտ միջոցները, վերածել դրանք խաղի` լավ արդյունքների ակնկալիքով: Օրինակ՝ ձեռքի մոտորիկայի հետ կապված խնդիրներ ունեցող երեխաների մի խմբի հետ կոլաժ էինք պատրաստել: Կոլաժի նյութերը շատ էին ու տարբեր ոճերի, նաև սենսոռ զգայությունը բարձրացնելու և շտկելու համար: Օգտագործել էինք թղթեր, թելեր, էմուլսիա, փայտեր, անգամ ատամի մածուկ` կոլաժում լիճ պատրաստելու համար:

Երիտասարդության կողմից  ինչպիսի՞  հետաքրքրվածության կա դեպի էրգոթերապիան:

-Միգուցե զարմանալի է, բայց` կա: Հենց հիմա ինքս մի նախագծի մեջ եմ ներգրաված, որը իրականացնում ենք 3 կուրսեցի /ընկեր/ կոլեգաներով: Նպատակը` տեղեկացնել, պատմել, ներկայացնել էրգոթերապիայի մասին ավագ դպրոցների աշակերտներին, այսինքն` 11-12-րդ դասարանցիներին: Դե սկզբում բոլորը սենյակ են մտնում անտարբեր, անհետաքրքիր դեմքի  «էս ու՞ր եք մեզ բերել»,  «էս ինչի՞ համար ա»  արտահայտություններով, բայց ասեմ, որ անգամ մենք ենք ապշում, թե վերջում մեր «դասախոսությունը» ինչ ինտերակտիվ զրույցի է վերածվում: Արդեն բոլորը հետաքրքված դեմքերով ուշադիր լսում են, հարցեր են տալիս ու միշտ այդպես է լինում: Անգամ դեպքեր են եղել,երբ մոտեցել և ցանկություն են հայտնել մեզ հետ մանկատուն գալ ու պրակտիկ աշխատանքները տեսնել:

Ո՞րտեղ են հիմնականում անցնում ուսումնական պրակտիկաները և ինչ արդյունքներ ես դու արձանագրել:

-Փորձում ենք համագործակցել որքան հնարավոր է շատ կազմակերպությունների հետ: Հիմնականում` Խարբերդի մասնագիտացված մանկատանն ենք աշխատում, «ԱՐԲԵՍ» բժշկական կենտրոնում, Նորքի հոգեբուժարանում, 4-րդ Գյուղի Ծերանոցում, Աբովյանի «Նարեկ» ծերանոցում, «Փրկություն», «Օրրան» ՀԿ-ների հետ ենք համագործակցում: Իմ պարկտիկայում երևի ամենամեծ ձեռքբերումը 4-րդ գյուղի ծերանոցում Պարկինսոնի հիվանդությամբ Տատիկի հետ աշխատանքն էր: Կարծեմ 2-րդ կուրսում էի ու մոտ մի շաբաթ անընդհատ խոսում էի դրա մասին :Եվ տատիկն էր ուրախ, գիտակցում էր, որ մի քայլ էլ առաջ գնաց իր նպատակի համար, և ծերանոցի բուժանձնակազմը, որը անընդհատ աջակցում էր, և  ես էի ինձ լավ զգում, որ կարողացա ինչ որ չափով օգնել:

Աննա Փորսուղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031