Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալա բալա նիցայի» համար ՀՌԱՀ-ը տուգանեց «Արմենիա» TV-ին (տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2011 16:42

«Արմենիա» TV-ին իր եթերում «Ալա բալա նիցա» ֆիլմը գովազդելու ընթացքում խախտել է գովազդի ժամանակային սահմանափակումների վերաբերյալ օրենսդրական նորմերը: Սա հարուցել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) վրդովմունքը, քանի որ հայաստանյան հեռուստաընկերություններից մեկն էլ իր մոնիտորինգի արդյունքում սա նկատել է, եւ բողոքով դիմել հանձնաժողովին:

Այսօր ՀՌԱՀ-ը նիստ էր հրավիրել, որպեսզի որոշեր, թե ինչ պատասխանատվության է ենթարկելու «Արմենիա» հեռուստաընկերությանը: Մինչ այդ հանձնաժողովի անդամները պարզեցին, թե ինչ արդարացումներ ունի հեռուստաընկերությունը: «Արմենիայի» ներկայացուցիչ Հերմինե Հովսեփյանը ՀՌԱՀ-ի անդամներին փորձում էր համոզել, որ իրենք ոչ թե գովազդ, այլ ֆիլմի մասին ուղղակի անոնս են եթեր հեռարձակել, սակայն ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը պնդում էր, որ տվյալ տեսահոլովակի մեջ չկա, թե երբ է այդ ֆիլմը հեռուստատեսությամբ եթերով հեռարձակվելու, ուստի այն անոնս համարվել չի կարող. «Այդ նույն օրերին էլ եղել է ֆիլմի գովազդը»: Հ. Հովսեփյանն արդարանում էր, որ այդ տեսահոլովակում չկա նաեւ այն տեղեկատվությունը, թե երբ եւ որտեղ է ֆիլմը ցուցադրվելու. «Մենք չենք նշել, որ այն կցուցադրվի որեւէ կինոթատրոնում այսինչ օրվանից եւ այլն: Մենք ուղղակի եթեր ենք տվել հայրենական արտադրության ֆիլմի մասին»: Հանձնաժողովի անդամներից մեկն այս արտահայտությանը այսպես արձագանքեց. «Կոկա- կոլայի» գովազգում էլ չեն նշում, թե այն որտեղ եւ ինչ գնով է վաճառվում, բայց այն գովազդ է»:

«Արմենիայի» ներկայացուցչի ասածները համոզիչ չհնչեցին, եւ ՀՌԱՀ-ը որոշեց տուգանել հեռուստաընկերությանը՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով  ( 1 միլիոն դրամ), միաժամանակ տեղեկացնելով, որ հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարանում:

Aravot.am-ի հարցին, թե ինչպիսի խախտում է համարվում «Արմենիա» հեռուստաընկերության արարքը՝ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը պատասխանեց. «Խախտվել է գովազդի տեւողությունը, 1 ժամվա համար սահմանված 14 րոպե ժամանակահատվածը գերազանցվել է»: Մեր այն հարցին էլ, թե ո՞ր հեռուստաընկերությունն է դժգոհել «Արմենիայից», պարոն Ամալյանը պատասխանեց. «Ոչ պաշտոնական կարգով մեզ որպես բողոք ներկայացվել է հեռուստաընկերություններից մեկի կողմից արված մոնիտորինգի արդյունքները, որի համաձայն՝ «Արմենինան» նման գովազդ էր արել, թեեւ դա մեր կողմից նկատվել էր: Ճիշտ չեմ համարում այս պահին ասել, թե որ հեռուստաընկերությունն է դիմել մեզ»: Սակայն «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ բողոքով դիմել էր «Շանթ» հեռուստաընկերությունը:

Իսկ «Արմենիայի» ներկայացուցիչը մեր հարցերին չպատասխանեց:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031