Այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հայտարարեց, որ վերջին տարիները Հայաստանում բեկումնային են տեղական ինքնակառավարման մարմինների համար, այսօր ՏԻՄ համայնքը կայացածներից է: Օրինակ Լոռիում եթե երեք տարի առաջ համայնքները տասնյակ միլիոնների հասնող աշխատավարձերի եւ սոցվճարների պարտքեր ունեին, այսօր ընդամենը 2,5 միլիոն դրամ, որը կարող է մարվել մինչեւ տարեվերջ: Մարզպետի խոսքով, համայնքները միջազգային տարբեր կառույցների օգնությամբ որոշակի հմտություններ են զարգացրել ու հիմա կարողանում են կազմել իրատեսական բյուջեներ:
Սրանով, սակայն, չեն սպառվում Լոռու կամ ՏԻՄ-երի խնդիրները: Ավագանու ինստիտուտը դեռ զարգանալու տեղ ունի, համայնքին մատուցվող ծառայությունների որակը պետք է բարձրացվի, քիչ-քիչ պետք է արմատավորվի ավանդույթը, որ համայնքապետերը հաշվետվություն ներկայացնեն ոչ միայն ավագանուն, այլ նաեւ՝ համայնքին: Վանաձորում աշխատատեղերի խնդիր կա, մարզի շատ գյուղերում մտավոր աղքատություն է՝ 15 երեխայով դպրոցներ, Լոռիում կան բուժհաստատություններ, որ անմխիթար շենքային պայմաններում են եւ այլն:
Բազմաթիվ հրապարակումներ են եղել, թե որոշ իշխանավոր կամ իշխանամերձ պաշտոնյաներ Լոռու անտառների հաշվին կահույքի արտադրություններ ունեն ու դրանից զգալի տուժում է Լոռվա բնությունը: Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ասաց, որ կահույք արտադրողներն անցել են լամինատ եւ նման նյութերի ու քիչ են օգտագործում բնական փայտանյութ: Լոռիում եւ հատկապես Գուգարքում անտառը հատում են գյուղացիները՝ սոցիալական հարցեր հոգալու՝ տունը տաքացնելու համար:
Նոյեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը որոշեց անտառամերձ բնակավայրերի ընտանիքների կողմից ոչ արտադրական նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման համար բնօգտագործման վճարի գծով արտոնություն սահմանել. 1 խմ թափուկի դիմաց գյուղացին վճարում էր 1200 դրամ, որոշմամբ իրավունք ստացավ անտառային տնտեսություն վարող տարածքային կազմակերպություններից անվճար ձեռք բերելու մինչեւ 8 խմ թափուկ վառելափայտ:
Կարդացեք նաև
Ըստ Լոռու մարզպետի, այս որոշումը դեր խաղացել է: Բայց անտառամերձ գյուղերի բնակիչները հատում են անտառը: Լոռիում լուծում գտնվել է, համայնքներին մերձ մեկ անտառտնտեսությունը կդառնա երկու, տարածքը կփոքրանա եւ հսկողությունը ավելի արդյունավետ կլինի:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ