«Հանուն կրթության եւ գիտության» ՀԿ-ն «Կրթության ոլորտի բյուջեի բացերը՝ ոլորտի ծախսերի արդյունավետության եւ թափանցիկության համատեքստում» ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքում բացահայտվել են մի շարք թերացումներ:
Ըստ հետազոտության, 2010 և 2011 թվականներին ԿԳՆ բյուջեով դասագրքերի հրատարակման համար նախատեսվել է մոտ 765 միլիոն դրամ յուրաքանչյուր տարվա համար: Ուսուցիչների շրջանում կատարած հարցումները ցույց են տվել, որ դասագրքերը չեն ենթարկվում անհրաժեշտ փորձաքննության ու հրատարակվում են խմբագրական, ուղղագրական, տպագրական սխալներով:
Ուսուցիչների վերապատրաստման ու մեթոդաբանական թեստերի կազման վրա Կրթության ազգային ինստիտուտը (ԿԱԻ) ծախսում է իր բյուջեի կեսից ավելին, սակայն չի ապահովում համապատասխան որակ: ԿԱԻ-ի պաշտոնական կայքում տեղակայված հարցման արդյունքները փաստում են, որ հարցվածների հիմնական մասը ատեստավորման գործընթացը համարում է անարդյունավետ:
Ուշագրավ է կրթության ոլորտի բյուջեից հասարակական կազմակերպություններին տրամադրվող ֆինանսական միջոցների ծրագրային ուղղվածությունը: 2010-2012 թվականներին յուրաքանչյուր տարի ԿԳՆ-ն միևնույն 7 հասարակական կազմակերպություններին տրամադրել է մոտ 365 միլիոն դրամ միեւնույն ծրագրերի իրականացման համար: Ընդհանուր գումարի մոտ 38%-ը տրամադրվել է միայն մեկ կազմակերպության՝ «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ին, որի գործունեության ոլորտն ավելի շատ վերաբերում է մշակութային ոլորտին: Մնացյալ կազմակերպությունները եւ նրանց կողմից իրականացված ծրագրերը ևս ավելի շատ մարզական և մշակութային ուղղվածություն ունեն և վիճահարույց է, թե ինչո՞ւ դրանք պետք է ֆինանսավորվեն բյուջեի կրթության տողից, այլ ոչ թե մշակույթի կամ սպորտի:
Կարդացեք նաև
ԿԳՆ-ն ամեն տարի պատկառելի գումարներ է հատկացնում դասագրքերի մշակման և հրատարակման վրա: Կրթության բյուջեով 2010 և 2011 թվականներին հատկացվել է 764.649.600 դրամ: Իրենց կողմից արված հարցումների ու ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ նոր հրատարակված որոշ դասագրքերի մակարդակը բավականին ցածր է: 12-րդ դասարանի «Ֆրանսերեն» դասագրքի հենց կազմի վրա առկա է տպագրական սխալ` «Français»-ի փոխարեն տպագրված է` «Française»: Երեխաներն անընդհատ շփոթում են և կատարում են նույն ուղղագրական սխալը, ինչից խուսափելու համար ուսուցիչները երեխաներին հանձնարարել են կամ ջնջել ավելորդ տառը, կամ վրան թուղթ կպցնել:
«Եթե նախարարությունը պետբյուջեից միջոցներ է տրամադրում դասագրքերի մշակման և հրատարակման համար, բայց դրանք տպագրվում են աչքի ընկնող կոպիտ սխալներով և գրեթե ամեն տարի փոփոխվում են, արդյոք սա նույնպես չի կարելի համարել ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ ծախսման և համապատասխան վերահսկողական մեխանիզմների բացակայության արդյունք»,- նշվում է ուսումնասիրության մեջ: