Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիկ Քոչինյանը տակ փորող չէ, վանաձորցիները նախանձ չեն

Դեկտեմբեր 05,2011 16:05

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը չի հավատում, որ իր նախորդի՝ Արամ Քոչարյանին պաշտոնազրկելու գործում, գործուն դեր է ունեցել նրա նախորդը՝ Հենրիկ Քոչինյանը: Հիշեցնենք, որ այս տարվա հունիս-հուլիսին, երբ պաշտոնանկ արվեց Արամ Քոչարյանը՝ լուրեր տարածվեցին, թե նրա «ոտի տակը քանդել է» Հենրիկ Քոչինյանը, որ վերստին դառնա մարզպետ: Բայց մարզպետ նշանակեցին Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանին: Այս առթիվ Aravot.am-ը Արթուր Նալբանդյանին հարցրեց. եթե լուրերը իրական էին, ուրեմն Հենրիկ Քոչինյանն իր նպատակին չի հասել, մարզպետ դառնալուց հետո Հենրիկ Քոչինյանի կողմից ձեր «տակը քանդելու» փորձեր զգացե՞լ եք, տեսե՞լ եք, նկատե՞լ եք, չկամություն զգացե՞լ եք: «Ես չեմ հավատում այդ լուրերին: Ես շատ լավ ճանաչում եմ Հենրիկ Քոչինյանին էլ, Արամ Քոչարյանին էլ: Երկուսի հետ էլ շատ նորմալ հարաբերություններ ունեմ: Նույնիսկ եթե կարիք կա ինչ-որ հարցի շուրջ խորհրդակցելու, մենք խորհրդակցում ենք»:

Արթուր Նալբանդյանի նշանակումից հետո լուրեր եղան, թե լարված են նրա եւ Լոռու մարզի դատախազ Կ. Շահբազյանի հարաբերությունները: Այս լուրերին ի պատասխան էլ՝ Արթուր Նալբանդյանն ասաց, որ դրանք զուտ աշխատանքային են, լարվածություն չկա, յուրաքանչյուրը իր աշխատանքն է կատարում եւ «մեր նորմալ հարաբերություններից շահում է թե մարզը, թե մարզի բնակիչը: Ոչ մի լարվածություն չի եղել եւ չեմ էլ պատկերացնում, որ կարող է լինել»:

Եվ, վերջապես, լուրեր են եղել, թե ալավերդցի Արթուր Նալբանդյանին Լոռու մարզպետ նշանակելուց հետո Լոռու մարզկենտրոնում  Վանաձորի բնակիչները լարվել են ալավերդցիների դեմ: Արթուր Նալբանդյանն այս լարվածության մասին լուրերն էլ հերքեց: «Դրանք ընդամենը խոսակցություններ են: Ալավերդին Լոռու մարզի համայնքներից մեկն է: Իսկ ո՞վ է ասել, որ Լոռու մարզպետը չի կարող լինել Լոռու մարզի որեւէ գյուղական կամ քաղաքային համայնքից: Բոլորս էլ լոռեցի ենք եւ նման լարվածություն՝ հատկապես Ալավերդու եւ Վանաձորի միջեւ, չկա, չեմ էլ պատկերացնում»:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031