Այսօր ԿԳ նախարարությունում ամփոփվեցին ԿԳ նախարարության եւ finans.am պորտալի համատեղ կազմակերպած «Բիզնես գրավչության իմ բանաձեւը» խորագրով մրցույթի արդյունքները: ՀՀ տարբեր բուհերի 40 ուսանողներից ընտրվել են 7 լավագույնները, որոնցից 3-ը արժանացել են դրամական պարգեւի, իսկ 4-ին տրվել են հավաստագրեր:
finans.am-ի ղեկավար Արա Ադուրյանը հույս հայտնեց, որ ընտրությունը դժվար է կատարվել, իսկ իրենց պորտալը, լինելով մրցույթի կազմակերպիչ, օբյեկտիվության նկատառումներով, չի ընդգրկվել ժյուրիի կազմում:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը փաստեց, որ այս մրցանակաբաշխությունը առաջինն է ձեւաչափի մեջ եւ այն գալիս է հավաստելու, որ «Կրթական եւ տնտեսական բարեփոխումները սիամական երկվորյակներ են…Մեր հասարակության համար հաջողության բանաձեւն էլ սեփական գլխուղեղն է եւ ոչ թե խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերությունները»: Նախարարը նաեւ հավելեց. «Քանիցս հայտարարել ենք, որ կարիք ունենք մասնավոր հատվածի հետ համագործակցության նոր ուղիներ փնտրելու, աշխատաշուկա ձեւավորելու, կրթական համակարգ հարաբերությունները նոր որակի բերելու, մասնավոր հատվածի կողմից՝ կրթության բովանդակության մասնակցության»:
Արմեն Աշոտյանը finans.am պորտալի ղեկավարին առաջարկեց լավագույն ուսանողներին պահել իրենց ուշադրության կենտրոնում եւ աջակցել աշխատանքի տեղավորման հարցում: Արա Ադուրյանն էլ նշեց. «Չեմ կարող ասել՝ կընդունե՞նք աշխատանքի, թե՞ ոչ, բայց ինչ-որ մի ձեւով կաջակցենք»:
Կարդացեք նաև
Ժյուրիի անդամ, ԿԳՆ հաշվապահական հաշվառման եւ հաշվետվությունների բաժնի պետ Նորիկ Կարապետյանը տեղեկացրեց, որ ուսանողների բիզնես-նախագծերը հետաքրքիր էին, բայց ոչ իրատեսական. «Երեխաները հաշվի չէին առել մեր տարածաշրջանը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ