ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
/Հատվածներ վեպից/
Պատերազմը՝ միշտ պատերազմ է: Նրա համար դժվար է լինել ուրիշ եւ բացահայտում է մարդկանց միայն թերի կողմերը:
Լոգաու
Ամեն մարդու մահը նվազեցնում է ինձ, որովհետեվ ես մարդկության մի մասն եմ, ուստի, երբեք մի հարցրու, թե ո՞ւմ մահն է գուժում զանգը, նա քո մահն է գուժում:
Ջոն Դոն
Ու Գենիկը, գլուխը կրծքին հակած, քնել էր արդեն, եւ գիշերներն ինքն-իր հաչոցի ձենից վեր թռչում ու տղերքի հետ անքուն էր մնում եւ հիմա անքնությունից դանթել էր գլուխը կրծքին հակած ու խրամատում նստած-մեջքը խրամատի պատին դեմ տված, ու Լյովան ասաց` մեղքա լակուտը, ու նաեւ ասաց` բայց տեսածն իրականություն է դառնալու, երազին եկած տատի խոսքերը ճիշտ է լինելու ու մեր գյուղը մենք նորից տեսնելու ենք, տղերք, մեր գյուղում մենք նորից ապրելու ենք: Տա Աստված, այդպես լինի, տղերք, ու մեր գյուղում մենք նորից ապրենք: Մեր գյուղը նորից շեն է դառնալու, տղերք: Շեն է դառնալու: ԷԷԷ՜, շատ բաներ տեսանք, տղերք, շատ բաներ: Բայց մեր գյուղը թուրքի ձեռքին, ոնց որ մենք, անձամբ ես, ոնց որ տակռեն-արմատը կտրած ծառ լինեի էսքան ժամանակ: Ծանր մի բան միշտ հոգուս վրա նստած է: Անճար մի բան կա մեջս նստած: Անճա՛ր: Մտածում եմ` լավ է կողքից մեկը չի հարցնում` որտեղից ե՞ս: Լավ է` չի հարցնում ինձ կողքից անծանոթ մեկը: Ու միշտ մտածում եմ, որ պատասխանեմ ու ասեմ` ո՛ր գյուղից եմ, ու, եթե հարցնողը չբարձրաձենի էլ, նախ, անպայման մտածելու է, ինքն-իրեն ինձ հանդիմանելու ու մտածելու է` բա, խի՞ դու էլ էդ սարի, ձեր գյուղի սարի դոշերին չմեռար ինքնաձիգը ձեռքիդ ձեր մնացած համագյուղացի-ինքնաձիգը ձեռքին-կռիվ տվող տղաների նման ու գյուղդ չպաշտպանեցիր, խի՞ դու էլ ձեր տեղաշորում գամված համագյուղացիների նման լլկանքի ու խոշտանգումների չենթարկվեցիր թուրքի կողմից, բայց` գյուղդ չթողեցիր ու գյուղդ չլքեցիր ու գյուղդ չհանձնեցիր: Բա խի՞ գյուղդ թուրքին թողեցիր ու թուրքին հանձնեցիր ու դու կենդանի մնացիր: Էս հարցերն իմ մեջ է էսքան ժամանակ, տղերք: Էսքան ժամանակ էս հարցերն իմ մեջ նստած է: Եւ Էնքա՜ն է եղել` գիշերով, գիշերով, հենց դուք քնում էիք՝ վազքո՛վ, վազքո՜վ, ամբողջ գիշեր վազքով սար ու ձոր կտրելով գնում ու մեր Փթոս-Բերդ-Ուսի ճակատին կանգնում ու թաքնվում, ու հեռադիտակը աչքերիս դրած, հեռադիտակը աչքերիս պահած, մինչեւ լուսաբաց ու մինչեւ լուսածագ մեր գյուղի ամեն-մի ծակուծուկը, ամեն-մի վառված-մոխիր դառած-սեւացած տան պատն ու ծառը ուսումնասիրում-տնտղում էի: Կարոտով ուսումնասիրում-տնտղում էի: Կարոտում եմ, տղերք, մեր գյուղին, կարոտում եմ: Ու հեռադիտակով նայել-տեսել եմ, նայել-տեսել եմ` մեր քարերի կեսի վրա կրակել են, կեսն էլ ջարդել են: Եվ տղերքը նայում էին անհասկացող ու Լյովան բացատրեց ու ասաց` թուրքերը գերեզմանոցի քարերի կեսը ջարդել են, կեսի վրա էլ, հատկապես` նկարների, կրակահերթեր են արձակել, սաղ քարերն ու նկարները ճաքճքած ու ցըլըփ տվածա: Սաղս, կռվից հետո, այ էսքանս, ինքնաձիգներս շպրտում ու առաջին հերթին, հենց գերեզմանն ենք կարգավորում: Հետո, ստեղ-ընդեղ գիշերով թաքուն թաղված մեր հալիվորներին ենք հանում ու մեր գերզմանոցում` իրենց պապական շիրիմների կողքն ենք վերահուղարկավորում: Հետո, շինարարական բրիգադի շորեր հագնում ու մեր գյուղն ենք վերականգնում: Մեր գյուղը: Նենց, ոնց որ մինչեւ պատերազմը կար` ուտող-խմող, լուսավորված փողոցներով, ջրագծերով, գազաֆիկացված, գյուու՜ռ: Երանի էդ օրը գա` տղերք: Երանի էդ օրը գա: Ու տղերքին ոգեւորություն իջավ եւ, ասես, Գենիկի երազն ու տատի պատգամներն ու Լյովայի պատմածը իրականություն է, ու Բորիկն ասաց` վռազ ամուսնանալու եմ ու 4-5 երեխա եմ ունենալու` 4-5: Տունս էլ աղբյուրի գլխին եմ կառուցելու, մեկ է, հինը հողին հավասարեցրել են թուրքերը: Համ էլ բոլ է, ինչքան քերծին կպած ապրեցինք: Իջնելու եմ աղբյուրի գլխին տուն սարքեմ. լա՜վ բաղ ու բոստան եմ գցելու` խաղողի այգի, ըտեղ հի՜ն ժամանակներից մնացած հնձաններ կան, մի երկուսի տեղը խաղաղ ժամանակ գտել էի, ցյաքով-մյաքով ծածկել էի, գնալու եմ մնացածն էլ գտնեմ, պապս ասում էր` էդ կողմերում, դեպի Բխճին-Գյոլի քարափները, էդ ձորակի ամբո՜ղջ երկարությամբ, հին մարդիկ հի՜ն հնձաններ են թողել, մնացածն էլ եմ գտնելու, բացեմ, մաքրեմ, լա՜վ խաղողի գինի եմ քաշելու: Տղերք, ի՜նչ լավ կլինի` խաղաղություն լինի, նե՜նց եմ կարոտել խաղաղ տարիներին: Նե՜նց եմ կարոտել: Ու տղերքը, բոլորն էլ կարոտել էին խաղաղ օրերին ու ժամանակներին, ու ոգեւորված Բորիկին էին նայում, ու նրանցից Էդոն ասաց… Բայց, կողքի քաշված, խրամատում նստած-մեջքը խրամատի պատին դեմ տված ու գլուխը կրծքին հակած-նինջ դրած Գենիկը նորից շան հաչոցը դրեց ու` երկար, ջղայն, ոռնալու հանգով կատաղի հաչում էր, հաչում էր կատաղի, եւ Լյովան գնաց ու կտրուկ տափ տվեց ու ասաց` ա՛ լակուտ, վեր կաց, մի վեր կա՞ց, ու Գենիկը կիսաքուն վեր թռավ ու տղերքի մեջտեղը խրամատում կանգնեց ամոթով ու քնից նոր արթնացածի ճմլկոտոցով, եւ տղերքն արդեն խղճահարված էին նրան նայում ու Լյովան ասաց` քո կիսատ-պռատ խելքով մեզ մի ֆռռացրու, ասում եմ` քո կիսատ-պռատ խելքով մեզ մի ֆռռացրու ու ասա` տեսնեմ` ի՞նչ ես տեսնում երազում քո տատի պատգամներից բացի, ասա` տեսնենք` ի՞նչ ես տեսնում: Ու Գենիկը խեղճացած նայում էր ճմլկոտելով եւ գլուխը կողքի շուռումուռ տալով, եւ Լյովան ինքն էլ իր հերթին խեղճացավ ու խեղճացած-խղճահարված ասաց` տղերքը կարիդոր են թողել ու չի գնացել, ու տղերքը չեն կպել եւ տղերքին պատմել-ասել է, թե՝ «խաչապաշտ է» ու քրիստոնեություն է ընդունել թաքուն իրենց թուրքերից, ու էս թուրքերից փախած-մեր կողմից գրավված մոտիկ թուրքական գյուղում մի թուրքի- բախտագուշակ-պառավ կա մուշտուկը բերանին` «սաղ օրը ծխելուց` մատերն ու ատամներն ու մազերը դեղնած-սեւացած»` մուշտուկը բերանին սաղ օրը տղերքի բախտը բացումա. մի երկու պաժկա «Աստրա» վերցրու, գնանք-տեսնենք` ինչա՞ ասում էդ «խաչապաշտ»-քրիստոնեություն ընդունած թուրքի պառավը: Մենակ, ասա-պատմի` տեսնենք, էդ ի՞նչ ես տեսնում քո հայվան ուղեղով քնածդ ժամանակ քո երազներում, ասա` տեսնենք, ի՞նչ ես տեսնում: Եւ Բորիկն էլ իր հերթին խղճահարված ասաց` ավտոմատի տակը կտամ-կսպանեմ, արնախում անասուն, էդ անմեղ մարդուն աչքիս դեմը կտոր-կտոր արեցիր, արնախում անասուն, ես քեզ զգուշացրել էի, ասել էի, որ գիշերները չես քնելու: Հանգիստ չես քնելու գիշերները: Գոնե, ինձ պատմիր, գոնե, մեզ պատմիր` թեթեւացիր: Գոնե, մեզ պատմիր` թեթեւացիր, այ անասուն-հայվան: Ու խրամատում Գենիկի շուրջը խռնված տղերքը վրա տվին ու Գենիկից` Գենիկի տեսած երազներն էին ուզում լսել, ու Գենիկն իր բնավորությամբ մի առժամանակ խունջիկ-մունջիկ էր գալիս, ու նազ ու տուզ էր անում, բայց վերջում տեղի տվեց ու տեղի տված սկսեց պատմելն ու ասաց, ասաց… Մի անծանոթ, բայց հարազատի շնչով կին եմ տեսնում. ես նրան տեսած չկամ, նրան, ընդհանրապես, տեսած չկամ. հայուհու դիմագծերով, բարի ու բարեսիրտ կերպարով, մի 35-40 տարեկան կլինի, ու որ պատկերին նայում ես, մտածում ես, որ ինքը հենց էդ տարիքում էլ մահացել է, բայց որ ապրելուց լիներ, հիմա մի 65-70 տարեկան կլիներ: Ու նրա պատկերին նայելուց, անկախ էդ տպավորությունն ես ստանում, էդ տպավորությունը, որ էդ տարիքում` 35-40 տարեկանում, կորուստ է ունեցել, ճակատագրական կորուստ է ունեցել, ամուսին է կորցրել, երեխա է կորցրել, ինքն էլ է էդ տարիքում մահացել, մե՜ծ կորուստ ու ցավ տեսնելուց հետո մահացել-համբարձվել է ու հենց էդ տարիքում էլ երկինք է բարձրացել: Ու Գենիկն ասաց` սա ինքը չի պատմում, ինքն, ընդհանրապես, բան չի պատմում, անկախ քեզանից, հենց երազիս մեջ էդ կինը գալիս է, անկախ քեզանից` նրա էդ պատմությունը հետը պատմվելով է գալիս: Բայց տառապանք չկա նրա երեսին` պայծա՜ռ, պայծա՜ռ, մաքուր երես ունի ու խոսելուց` ձայնի մեջ էլ տառապանք չկա, բայց էդ ամբո՜ղջ պատմությունը մի մե՜ծ տառապանքով է ներկայանում, ինձ մի մե՜ծ տառապանքով է ներկայանում էդ պատմությունը: Մի մե՜ծ տառապանքով: Ու թեթեւ է «պատմվում», ու էս է «պատմում», ու «պատմածն» էս է, ասում է` Կիրովաբադում, գիշերով կանգնած գնացքի կուպեում ինձ ու ամուսնուս, որ 4-5 արնախում վրաներս թափված խեղդում էին, էրեխես ճամպրուկների արանքում կուչ եկած տեսնում է էդ ամեն-ինչը, նա վախից աչքերը չռած-կուչ եկած տեսնում է էդ ամեն-ինչը: Ու էդ օրվանից նրա լեզուն կապ է ընկնում, նրա լեզուն վախից կապ է ընկնում, ու ասում է` նա ոչ խուլուհամր է, եւ ոչ էլ հոգեկան է. նա տեսել է, թե իր հորն ու մորը գիշերով գնացքի կուպեում չորս-հինգ արնախում ոնց են խեղդում, եւ էդ օրվանից, վախից ու ցավից ու ապրումներից՝ լեզուն կապ է ընկել: Իմ երեխու լեզուն կապ է ընկել էդ օրվանից: Ու ասում է, որ թուրքի բախտագուշակի մոտ գնաք ու նրան տեսակցության գնաք, նրան իմ խորին երախտագիտությունն ու շնորհակալությունը կհայտնեք, նրան իմ-մոր ապրումներով խորին երախտագիտությունն ու շնորհակալությունը կհայտնեք, իմ շնորհակալությունը կհայտնեք նրան… Եվ ասում է, ասում է` ես իմ բալիկին ստեղ չեմ գտնում, ես իմ բալիկին ստեղ, վերեւում՝ չեմ գտնում, ես իմ բալիկին ըտեղ` հիվանդանոցի պատի տակ, արնաշաղախ ու արնակոլոլ, հոշոտված ու մորթոտված եւ քերթահան արված եմ տեսնում, ամեն օր այդպես եմ տեսնում. դու՝ ինչո՞ւ իմ բալիկին ցավ տվեցիր եւ ինչո՞ւ՝ ինձ չդադարող երկրորդ ցավը տվեցիր, ինչո՞ւ՝ ինձ չդադարող ու մշտական, ներսս վառող անմար ու անշեջ ցավը տվեցիր: Ու Գենիկն ասաց, լուռ ու մունջ իրեն լսող տղաներին ասաց` բայց նա էսքանն ինձ պատմելով ու խոսելով չի ասում, նա էսքանն ինձ պատմելով ու խոսելով չի պատմում, նա ընդամենն ինձ պայծա՜ռ դեմքով դիմահար նայելով թեթեւ ներքեւ է ծորում, ինձ դիմահար նայելով պայծառ դեմքով թեթեւ ներքեւ է ծորում, եւ ուղեղս միանգամից ընկալում է նրա մտածածը, ուղեղս ընկալում է նրա ասածը: Ու Լյովան խղճահարված ու խղճմտանքով ասաց` դու ուղեղ ունե՞ս, որ «միանգամից» ընկալի-ընդունի, ա՛յ, ղասաբ-անասուն, այ ղասաբ-անասուն, մեզ սաղիս կրակի մեջը կոխեցիր ու կրակի մեջ դրեցիր: Մեզ սաղիս կրակի մեջը կոխեցիր քո հայվան-անասունի ուղեղով: Սակայն Գենիկն անտրամադիր գլուխը կողքի շուռ ու մուռ տալով, հայացքով հածում էր տղաներին ու խրամատի պատերը եւ ուշադրություն չդարձրեց Լյովայի խոսքերին ու գլուխը շուռ ու մուռ տալով ու հայացքով տղաներին հածելով ու Լյովային ու տղաներին կողքանց նայելով՝ շարունակեց պատմությունն ու ասաց` ու էդ կինն ասում է` սովետի խաղաղ-ճահիճ-եղբայրական տարիներն էր, բայց մեզ` հենց հա՛յ լինելու համար են խեղդել էդ 4-5 արնախումները, հենց հա՛յ լինելու համար: Ինձ ու ամուսնուս` հենց հա՛յ լինելու համար են խեղդել մի գիշերով թուրքի կիսակայարանում ճամպրուկների արանքում թաքնված-կուչ եկած էրեխուս աչքի առաջ սովետի ճահիճ-տարիներին: Եվ կինն ասում է` բայց խեղդվելուց-վերջին շնչում տեսել եմ, վերջին շնչում տեսել եմ, թե՝ իմ բալիկն արտասուքները կուլ տալով ու լեզուն վախից ու ապրումներից կապ ընկած, ինչպես՝ աննկատ դուրս պրծավ գնացքի կուպեից ու գնացքից, եւ մեն-միայնակ, մեն-միայնակ, 4-5 տարեկան մի երեխա, իրեն գիշերային անհայտությանը պահ տվեց, իրեն օտար քաղաքի օտար անհայտությանը պահ տվեց վախից ու հարազատի կորստից արտասուքները լուռ ու մունջ կուլ տալով: Ու ես դրանից հետո չեմ տեսել իմ բալիկին, չեմ տեսել: Ուշքս հետ չի եղել, իմ ուշքը հետ չի եղել իմ բալիկի համար ու չեմ տեսել ես նրան: Եվ հիմա էլ կուզենայի չտեսնել, բայց ես հիմա եմ տեսնում նրան, նրան ես հիմա եմ տեսնում` 40 տարի հետո, 40 տարի հետո, ու մորթոտված ու քերթահան արված եմ հիմա ես նրան տեսնում: Հոշոտված ու մորթված եմ ես նրան տեսնում: Ու քո ձեռքով եւ մեր հայի ձեռքով մորթոտված ու քերթահան արված եմ ես նրան տեսնում: Մեր հայի ձեռքով քերթահան արված եմ ես նրան տեսնում: Ու Գենիկը պատմելուց կարմրել եւ այլայլվել էր եւ ասաց` փոխնիփոխ եմ տեսնում էդ երազները. մեկ տատիկս է երազիս գալիս իր խրատ-հանդիմանանքով ու մեկ էլ էդ կինն է գալիս: Բայց իմ տատիկի դիմահար խրատ-հանդիմանանքն այնքան էլ վրաս չի ազդում: Ինձ այդ ցավ տարած ու ցավ տեսած կնոջ պայծառ-բարի դեմքն ու ցավով ապրված հանդարտ խոսքերն ու գլխով անցած հանդարտ պատմությունն է վրաս ազդում: Ու, էդ դեռ բոլորը չէ. իր պատմությունը «պատմելու» հետ ու «պատմելուն» զուգահեռ, նա սպիտակ-երկար շորերով երազիս եկած պայծա՜ռ-լուսաշող երկնքից իջնում է թեթեւ ու բարի, ու բարի հայացքով, ժպտալով, ու ինչ-որ տեղ, նաեւ ասես ինձ արհամարհելով ու չտեսնելով, «ասում է»` տղա ջան, իմ անմեղ-գառնուկ բալիկը, իմ Աստծո գառն ի՞նչ էր արել քեզ, քեզ ի՞նչ էր արել իմ անմեղ-գառնուկ-բալիկը, Աստծո անմեղ գառը քեզ ի՞նչ է արել, որ կտոր-կտոր արեցիր պատերի տակ ու աչքերիս դեմը: Ու Գենիկն ասաց` ժպտալով է «ասում» ու ժպտալով է «հարցնում» ու՝ թեթեւ, թեթեւ իջնելով գալիս-հարցը տալիս ժպտալով ու ժպտալով-սիրալիր ձեռքից մի լավ խնամված ու սիրուն-սպիտակ կատու է բաց թողնում դեմս, ու կիսաթեք նայելով, ժպտալով-հոսելով-լողալով անցնում գնում է կիսաթեք-հետ նայելով: Ու կատուն փշաքաղված, փոխակերպված-գազան դառած վրաս է գալիս մռլտոցով, վրաս է գալիս մռլտոցով ու ինձ թվում է, հիմա ինձ հոշոտելու ու մարմինս կտոր-կտոր է անելու, ինձ հոշոտելու ու մարմինս կտոր-կտոր է անելու: Եւ քնածս ժամանակ ես զգում եմ, ես զգում եմ, որ հաչում եմ, ու շան նման կատաղած` ինձ վրա եկող կատաղած-մռլտոցով կատվի վրա եմ գնում ու կատաղած հաչում եմ, ու ես քնիս մեջ զգում եմ, ես քնիս մեջ զգում եմ, որ շան նման կատաղած հաչում եմ: Եվ ամոթ եմ զգում քնիս մեջ, տղերք, քնից դեռ չարթնացած, ես իմ քնի մեջ ահավոր-անասելի ամոթ եմ զգում: Ամոթ եմ զգում ինքս-ինձ համար…
…Ու տղաները մի քանի հոգով` Գենիկի հետ, թուրքի բախտագուշակի մոտ գնացել ու հետ էին վերադարձել: Հետ էին վերադարձել արդեն: Ու խրամատում իրար գլխի խռնված ու հավաքված ու այդքա՜ն բաներ տեսած, սակայն եվ փշաքաղված ու քարացած տղաներին, Լյովան պատմում ու վերապատմում էր թուրքի պառավի հետ կայացած հանդիպումը: Պատմում ու վերապատմում էր: Ու Լյովան նորից, որերորդ անգամ ասաց` մարմինս փշաքաղվեց, տղերք, ու թուրքի պառավն ասաց` կատուն, սպիտակ կատուն` Աստծո թաշկինակն է երկրիս վրա… Ու թուրքի բախտագուշակի խոսքերը նորից հիշելով, Լյովան ասաց` մարմինս փշաքաղվեց: Ու շարունակեց ու ասաց՝ պառավը, չիբուխը ատամների արանքում կրճտացնելով, ձեռքն էս հայվանի վրա, աչքերը կիսախուփ ու ծխի մեջ կորած, ինքն-իրեն մրմնջում ու մրթմրթում էր, ու թառաչանքով լսում էր էս հայվանի պատմությունը: Ու երազի ապսպրանք- պատմությունն էլ լսեց ու ջղաձիգ սկսեց ցնցվել ու ասաց` վերջապես իմացա նրա մոր ու ծնողների մասին ու նրանց ո՛վ լինելը: Վերջապես իմացա նրա մոր պատմությունը: Վերջապես իմացա իմ էրեխու ու զավակի մոր ու նրա ծնողների պամությունը: Իմացա վերջապես…
…Ու պառավն անցավ իր պատմությանն ու ասաց` ես ու ամուսինս շատ ենք չարչարվել, շատ ենք տանջվել հիվանդանոցների ճամփին ու հիվանդանոցներում, բայց մեր Ալլահը ժլատ եղավ ու բոլ-բոլ երեխաներ չտվեց մեզ ու վեցին հիվանդացրեց-սպանեց-տարավ ինձնից ու իմ ամուսնուց եւ մեն-մինուճար մի որդի-զավակ տվեց-թողեց, ու մեր մինուճարին ես ու ամուսինս երես տվեցինք, ու նրան երես տվեցինք ես ու ամուսինս, եւ իմ ու իմ ամուսնու մեր մինուճար Թահիր-տղան, 4-5 տարեկանում արդեն` շատ դժվար ու ջյանջյալ, չար ու երեսառած, տեղում տիտիկ չանող երեխա էր, սիրում էր շրջապատում ամեն-ինչը տակնուվրա անել, եւ ինքնասիրահարված ու ինքնասածի էր ու շրջապատում ամեն-ինչը ջարդուփշուր ու տակնուվրա էր անում: Եվ մի օր յայլաղից եկա ու տուն էի ուզում մտնել, տուն էի ուզում մտնել, եւ ի՞նչ լսեմ` երեխեքի քրքռոց ու կատվի աղերսող ու աղերսալի մլավոց, եւ տանձենիների տակից երեխաների քրքռոց ու կատվի աղերսալի ու աղերսող մլավոց ընկավ ականջիս, ու սիրտս վատ բան գուշակեց ու ոտքերս տակս ծալվեց ու թուլացավ ու թուլացած ոտքերով չորեքթաթ ու շնչակտուր վազ տվի էդ ուղղությամբ, վազ տվի էդ ուղղությամբ, ու տեսածս սպանեց ինձ, ու տեսածս մինչեւ հիմա հիշում եմ ու սպանում է ինձ: Ու իմ տեսածով, որ մինչեւ հիմա հիշում եմ, իմ Թահիր-4-5-տարեկան երեխան դանակը ձեռքին, իր տարեկից իր նման չար լակոտ-լուկուտներին գլխին հավաքած, հաստաբուն տանձենուն դեմ տված փայտե սանդղավանդակի մի աչքից կենդանի-կենդանի մի սպիտակ կատու կախել ու կենդանի-կենդանի եւ իր մլավոցով մարդու նման աղերսող կատվին հռհռալով ու քրքռալով քերթում էր, ու նրանք հռհռալով սպիտակ ու իր մլավոցով մարդու նման մղկտացող կատվին քերթում էին: Ու կատուն, սպիտակ կատուն նվաղած, աղերսալի մլավում ու կլանչում էր ցավից: Ու կատուն կլանչում էր ցավից: Ու չդիմացա ու ցավից ծկլթացի, ու մոր ծիծը չի թողնում մոր անեծքը երեխուն, սեփական երեխուն մոր անեծքը կպնի, ու ես նրան, իմ Թահիր-տղային, Ձեր Աստծուց ու ձեր Աստծո պատժից փրկելու-պահպանելու համար, անիծեցի մայրաբար ու մայրական անեծքով նրան անիծեցի: Ու անեծքը` անեծք, բայց նաեւ կատվի հետ մլավում ու կլանչում էի ցավից: Ու սպիտակ կատուն ձեր Աստծո թաշկինակն է երկրիս վրա եւ, ես արդեն գիտեի, ես արդեն գիտեի ու տեսել էի` ու կատվի ցավի կլանչելուս հետ միասին, նաեւ իմ Թահիր-մինուճար ու չար տղայիս կորստյան ցավն էի կսկծում: Ու կատվի ցավի հետ միասին, նաեւ իմ մինուճար զավակի արդեն ինձ տեսանելի կորստյան ցավն էի ցավում ու կսկծում: Կորստյան ցավն էի ցավում: Եւ ձեր Աստված զորեղ է ու չներեց իմ Թահիր-4-5-տարեկան մինուճար տղային, եւ էդ նույն թվերի տարեվերջին, աշնան մի կատաղած-հեղեղոտ օր, Քուռը կոլոլեց իմ 4-5 տարեկան Թահիր-տղային ու իմ ամուսնու հետ` ձեռք-ձեռքի տված, հափռեց-տարավ ու Կասպիցում խեղդել տվեց: Ու էդ նույն տարում Քուռը տարավ ու իմ Թահիր-տղային իմ ամուսնու հետ խեղդեց իր այլայլված-պղտոր ալիքներում: Ու էդ նույն թվերի վերջում, նույն 4-5 տարեկանում ձեր Աստվածը մեր գյուղ բերեց ձեր հայի տղային: Ձեր հայի տղային, որ՝ վախեցած, լուռ ու համր, տխուր աչքերով վախվորած-անտարբեր-ոտաբոբիկ ցնցոտիներով ման էր գալիս մեր գյուղամիջի փողոցներում, ման էր գալիս մեր գյուղամիջի փողոցներով, ու սոված իր հալով, գետնին ընկած հացը չէր ուտում, չէր ուտում գետնին ընկած հացը, ու գետնին ընկած հացը գետնից վերցնում-ափերի մեջ շուռումուռ տալիս ու համբուրում ու պատի ճեղքերին էր դնում, չափարների վրա էր դնում, վախվորած շուրջբոլորն էր նայում ու աչքերը` սե՜ւ-սե՛ւ, տխու՜ր-տխու՛ր: Ու հայերեն էր խոսում, սովորաբար, լուռ ու համր էր եւ խոսեցնելուց` չէր խոսում, բայց մեկ-մեկ, ինքն-իր հետ ու մեկուսի, ինքնամոռաց ինքն-իր հետ-բարձրաձայն հայերեն էր խոսում, ու կարծես, ինչ-որ մեկի հետ բանվիճում-կռիվ էր տալիս, ու դեմքը ցնցվում էր էդ պահերին ու մե՜ծ գութ էր շարժում շրջապատի համար, ու մերոնք ու մեր կանայք, շուրջը-վրա թափված` ծնկներին էին խփում: Մերոնք վրա թափված` ծնկներին էին խփում: Մերոնք վրա թափված ծնկներին էին տալիս ու խփում ու ասացին` էրմանի՛, քո մոր աչքերը քոռանան, դու մոլորվել ես, էրմանի՛, դու հաստատ մոլորվել ես, բա քո մերը քեզ ո՞նց է մենակ բաց թողել: Ու` վախեցա՜ծ, նիհա՜ր, սովալլուկ ու ցնցոտիների մեջ եւ տխու՜ր-անպաշտպան կուչ էր եկել մերոնց խոսքերի տարափի տակ, անպաշտպան-տխուր կուչ էր եկել, ու սիրտս փուլ եկավ, եւ վրա տվի ու փեշիս տակն առա: Փեշիս տակն առա, ու ասացի` Էրմանի, չվախենաս, չվախենաս, ձեր Աստվածը իմ Թահիր-տղային տարել ու փոխարենը քեզ է բերել ինձ: Փոխարենը քե՛զ է ինձ զավակ բերել. ես քեզ մոր նման պահելու-մեծացնելու եմ, ու քեզ իմ հարազատ զավակի նման պահելու- մեծացնելու եմ: Ու հաց տվի` չէր ուտում, ջուր տվի` չէր խմում, ու գյուղի կնանիքը ծնկներին տալիս ու լաց էին լինում, ու լաց էին լինում գյուղի կնանիքը ծնկներին տալով նրա անպաշտպան-վախվորած տեսքից: Ու սա էլ` վախի՜ց, վախի՜ց` կուչ եկել-մի մատ էր դարձել ու շվարած-մեղսավոր-վախեցած շուրջբոլորն էր նայում: Եւ` սովա՜ծ էր, սովա՜ծ էր, ու տեսքից, անուժ տեսքից երեւում էր` սոված էր, ու հաց տվինք գյուղի կանանցով ու չէր ուտում, եւ եքա՜-մեծ մարդ էր, բայց չդիմացա ու ծիծս հանի ու դրի բերանը ու ասացի` կե՛ր, էրմանի, կե՜ր` քո մոր աչքերը քոռանան՝ ես քո մայրն եմ: Ու ծիծս` չորացա՜ծ, սմքա՜ծ, կաթ չկար մեջը ու չպիտի էլ լիներ ու սա էլ եքա՜-մեծ, 4-5-տարեկան մե՜ծ մարդ էր ու՝ որբի օրը կտրվի՝ ծիծս բերանն էլ չպիտի տաներ ու չպիտի էլ ուտեր, բայց սա ծիծս վերցրեց ու բերանն առավ եւ ջերմություն անցավ մարմնովս ու կաթս գալիս է՜ր, գալի՜ս էր ու էդ տարվա իմ որդու ու իմ ամուսնու կորստյան ցավից մղկտալով ու մլավելով կաթ էի տալիս, ծիծ էի տալիս ձեր հայի երեխուն, ու սա էլ արդեն եքա՛-մեծ մարդ էր, բայց ծիծս բերանն առել ու իր հորն ու մոր կորսված պատկերներն երեւի, թե աչքի դեմն ունենալով, հեկեկալով ու մղկտալով իմ մայրական-չեղած կաթն էր ուտում ու ծծում, իմ մայրական չեղած կաթն էր ծծում ու ուտում: Ու էդ օրվանից ձեր հայի լակոտը, նաեւ իմ լակոտն էր ու իմ թանկագին-մուրազ բալեն էր արդեն, ու ձեր հայի տղայի համար ես իր մուրազ-թրքուհի մայրն էի այլեւս: Ու իր մայրն էի այլեւս: Եվ ես նրա մայրն էի այլեւս: Եվ մտածում էի, որ նրան որդեգրելուց հետո, իմ Թահիր-որդու ու իմ ամուսնու կորուստը թեթեւ կտանեմ, մի քիչ թեթեւ կտանեմ ու հանգստություն կիջնի վրաս: Մտածում էի, որ հանգիստ կտանեմ նրանց կորուստը: Ու պառավն ասաց` բայց չէ, այդպես չէր: Այդպես չէր. ու ցերեկները` ոչինչ, օրվա գործով, ձեր հայի տղայով ու արդեն իմը դարձած իմ տղայով, օրվա մտքերով-բանով տարված` ցերեկները կարծես, թե հանգիստ էր անցնում ու հանգիստ էի տանում: Ցերեկները հանգիստ էի տանում, բայց հենց երեկոյանում էր ու գլուխս բարձին էի դնում, բարձը ծանրանում ու գլխիս էր կպնում ու ծա՜նր, ծա՜նր, մղձավանջային երազներ էի տեսնում: Ու ծանր մղձավանջային տեսիլքի մեջ սենյակս թանձր-ծանր հոգիներով էր լցվում, աղճատված դիմագծերով աղճատված մարդկային այլանդակ կերպարներով էր լցվում, ու էդ կերպարների արանքը ճղելով, հոգնած ու տանջված դեմքերով, ոտքերը զոռով քարշ տալով ու ամեն մեկը` հարյուր-հազար տարեկան հալիվորների դեմքով ու հայացքով` ձեռք-ձեռքի բռնած դեպի ինձ են քարշ գալիս իմ Թահիր-որդին ու իմ ամուսինը: Ու` կոտրվա՜ծ ու տանջվա՜ծ: Եւ իմ Թահիր-որդին մի անգամ ասաց` անա՛, մեզ ստեղ տանջում են: Ու մի անգամ էլ, էդ մղձավանջային երազներից ու տեսարաններից հետո մի սպիտակ շողք ընկավ բարձիս ու երեսիս, ու էդ լույսի միջով փառահեղ ու համեստ մեկը իջավ ու խոնարհ-համեստ դեմս կանգնեց ու համեստ, առանց հանդիմանանքի, բայց շատ ազդդու ու տեսանելի-հասկանալի ասաց` երբ, որ ծնողները լավ զավակներ չեն դաստիարակում ու սրանք իրենց արնածոր դանակներն երկիր նետված իմ սպիտակ թաշկինակներով են մաքրում, ապա տառապում են, ծնողներն ու զավակները, մինչեւ չեն ապաշխարում-մաքրագործվում` տառապում են: Ու թուրքի պառավն ասաց` դրանից հետո, էդ դեպքից հետո, քուն ու դադար չունեի, հանգիստ մի օր ու մի պահ չունեի: Ու էդ կատվի մլավոցը, մարդու նման ցավից աղերսող կատվի մլավոցն ու արյունոտ ձեռքերով-շորերով արյունոտ դանակը ձեռքին իմ 4-5 տարեկան Թահիր-տղան էր անընդհատ իմ աչքին: Ու իմ աչքին անընդհատ էդ պատկերն էր, անընդհատ էդ պատկերն էր, ու էդ պատկերում, իմ Թահիր-տղան, իր նման չար ու ջյանջյալ-դժվար թաղի տղաներին գլխին հավաքած, քրքջալով ու ծամածռություններով, մարդու նման իր կլանչոց-մլավոցով ցավից աղերսող երկիր նետված ձեր Աստծո սպիտակ թաշկինակ սպիտակ կատվին էր քերթահան անում, սպիտակ կատվին էր կտոր-կտոր անում: Եւ էդ պատկերը աչքիս` տեղից-տեղ եմ անցել, գյուղից-գյուղ եմ տեղափոխվել, քաղաքից-քաղաք եմ անցել: Ու մտածել եմ, մտածել եմ, որ Քյուռով դեպի Կասպից կոլոլած տարած իմ որդուն ու իմ ամուսնուն, ձեր Աստվածը` ո՛չ Կասպիցում է հանգիստ թողնելու, եւ ո՛չ էլ վերեւում է հանգիստ տալու, ու էդ պատկերն անընդհատ աչքիս առաջ, գիշերները անըմբռնելի ու անտեսանելի, խորհրդավոր մի բանից վեր էի թռնում, մղձավանջից վեր էի թռնում: Ու մտածեցի, որ ձեր Աստվածին պիտի մեղա գամ, պիտի ոտքերն ընկնեմ ու աղաչանք-պաղատանք անեմ, ու որոշեցի, որ իմ Կրոնն եմ նրան մատաղ անելու ու, որպեսզի ձեր Աստվածն իմ 4-5 տարեկան տղայի ու ամուսնու հոգիները հանգիստ թողնի ու ինձ էլ մղձավանջներից պրծացնի-ազատի, որոշեցի, որ մեր Կրոնն եմ նրան մատաղ անելու: Ու մի օր էլ, ձեր հայի տղային գիրկս առած, համագյուղացիներից ու ծանոթ-բարեկամներից ու մեր հավատացյալներից թաքուն` ոտքով, ոտքով, ոտքով, էէէ՜, էդ տարածություններն ու սարերը ոտքով կտրելով Շորբուլախի վեհ գագաթին միայնակ վեհ կանգնած ձեր քարակերտ ու իր միայնակ հպարտության մեջ անառիկ կանգնած եկեղեցուն եմ չորեքթաթ հասել, ու ձեր հայի 4-5 տարեկան անխոս երեխուն գրկիցս կողքի դրած ու նրա դիտողունակ-անխոս-աչալուրջ հայացքի տակ, չորեքթաթ աղաչանք-պաղատանք եմ արել ձեր Աստծուն ձեր քարակերտ ու սիրուն-խաչերով հին ու սիրուն եկեղեցու միջոցով: Ու մոմ եմ վառել ու չորեքթաթ եմ տվել ու ձեր եկեղեցու բոլոր խաչերն ու եկեղեցու պատերը պաչել-լիզել եմ: Ու աղաչել-պաղատել եմ ձեր Աստծոն: Եւ ասել եմ, ու երդվել եմ ձեր եկեղեցու խաչի դեմն ու ձեր եկեղեցու խաչի դեմը քրիստոնեաբար խաչակնքվել եմ, երեսս դեպի վերեւ` ձեր Աստծո ոտերի տակ հառած, ձեր եկեղեցու մեջ ու պատերի տակ անընդհատ խաչակնքվել ու ձեր Աստծո առաջ երդում եմ կերել: Ու սա պայմանագիր չի եղել, եւ երեսս նրա ոտի տակը, ես փոքր մարդ եմ, որ իմ ու ձեր Աստծո հետ պայմանագիր փորձեմ կապել, բայց էդ օրվանից իմ ու ձեր Աստծոն ես իմ կրոնն եմ մատաղ արել ու Քրիստոնեություն եմ ընդունել: Ես էդ օրվանից խաչապաշտ եմ դարձել ու Քրիստոնեություն եմ ընդունել: Ու խնդրել եմ ձեր Աստծուն ու էդ օրվանից նաեւ իմ Աստծուն, խնդրել եմ, աղաչել եմ, անընդհատ խաչակնքելով աղաչել-պաղատել եմ` իմ 4-5 տարեկան երեխու ու իմ ամուսնու մեղքերին թողություն տա ու խաղաղեցնի ու խաղաղ պահի նրանց հոգիները երկնքում: Ապաշխարանք տա նրանց մեղսավոր հոգիներին ու խաղաղություն հաղորդի նրանց մեղսավոր հոգիներին: Եւ, էդ ամենի վկան ձեր հայի զավակի ու իմ արդեն ինձ հարազատ դառած, 4-5 տարեկան աչալուրջ ու հասկացող ու էդ ամենին ակնդետ-դիտողունակ նայող իմ զավակի՝ լուռ, էդ ամենն ընդունող վկայությամբ է եղել: Ու նաեւ դրանով ենք մենք իրար հետ կապվել էդ օրվանից: Ու էդ օրվանից խաղաղվել եմ մի տեսակ, էդ օրվանից մի տեսակ խաղաղություն է իջել վրաս եւ մղձավանջ չկար այլեւս, ու էդ հզորությունը իջավ վրաս, ու մի օր էլ էդ հզորությունը իջավ վրաս ու ես էս ձորակում բախտագուշակ էի արդեն մարդկանց համար, ու մարդկանց բախտն էի բացում: