Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավանի միջնակարգ դպրոցն ուսման բնագավառում իր նվաճումներով եզակի է ոչ միայն Տավուշի մարզում, այլ հանրապետությունում: ՀՀ անկախության տարիներին դպրոցը 18 մեդալակիր շրջանավարտ է ունեցել, 2005 եւ 2006 թվականներին տալով 4-ական մեդալակիր շրջանավարտ: Դպրոցի մանկավարժներից 8-ն ունի վերապատրաստող ուսուցչի կոչում: Դպրոցի նորընտիր տնօրեն Արեւիկ Ասատրյանը հայտնեց, որ կրթօջախի 5 մասնաշենքերն ունեն նորոգման խիստ կարիք: 1997 թվականի հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժից հետո դպրոցի ներսը կոսմետիկ նորոգման է ենթարկվել, սակայն այժմ միջանցքներում ծեփը թափված է: 446 աշակերտ ունեցող դպրոցը նաեւ գույքի խիստ կարիք ունի: Տնօրենի խոսքով` իրենք օգտագործում են Արճիս գյուղի եւ Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցի օգտագործած ուսումնական գույքը: Կրթօջախի միջոցները բավականացրել են միայն վերջերս 7 սեղան, 14 աթոռ գնելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ