«Իմ մայրը նպաստ չի ստանում: Մեր ընտանիքում մի քանի հոգի էլ աշխատավարձ չի ստանում, նպաստառուներին ենք տրամադրում: Եկեք լուրջ բաների մասին խոսենք: Մենք աշխարհի բոլոր մայրերին օգնում ենք եւ խոնարհվում, այնպես որ, թույլ չենք տա, որ այդպիսի բան լինի»,- Aravot.am-ի հարցին` համապատասխանո՞ւմ է իրականությանը Վանաձորում շրջանառվող այն լուրը, որ Ձեր մայրը նպաստառու է, այսպես պատասխանեց ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ վերջինիս է պատկանում Վանաձորի միակ սուպերմարկետը` սեփական անվան սկզբնատառերով «ՎաԲա»: Այն քաղաքի ամենամեծ եւ շքեղ խանութն է: Ժամանակին ընտանիքի այլ անդամների, մասնավորաբար, կնոջ, հարազատների եւ մտերիմների անուններով Վահրամ Բաղդասարյանը մասնավորեցրել է Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկան, կահույքի ֆաբրիկաները, այլ տարածքներ եւ խանութներ, Սեւանի ափամերձ տարածքներ, հացի փուռ: Բաղդասարյանների ընտանիքը նաեւ Վանաձորում շքեղ առանձնատներ ունի: Նախկին պատգամավորի եղբայրը` Վարդան Բաղդասարյանը, Հայռուսգազարդի Լոռու ԳԳՄ-ի տնօրենն է 1999-ից: Վահրամ Բաղդասարյանը նաեւ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում ամբիոնի վարիչ է:
«Իսկ նման ինֆորմացիա տարածողին ասեք, որ ես իր մորը պահել եմ, հուղարկավորել եմ, գերեզման եմ սարքել ու չեմ ափսոսում այդ ամենի համար»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը:
Տեղեկությունը հերքեցին նաեւ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնում: «Էդպիսի լուրեր տարածող մարդիկ այդ ընտանիքի հետ անձնական խնդիրներ կարող է ունեն»,- ասաց տնօրեն Կարեն Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ