Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոսանքահարված» զինվորի գործով ստացվել է փորձագետների եզրակացությունը

Դեկտեմբեր 05,2011 11:47

 

Լուսանկարը՝ www.hra.am կայքից

 

5 տարի առաջ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում անհասկանալի հանգամանքներում մահացավ զինծառայող Տիգրան Օհանջանյանը: Փորձագիտական եզրակացության համաձայն, զինվորը հոսանքահարվել էր, չնայած Տիգրանի պարանոցի լայն սպին նաեւ այլ վարկածների տեղիք տվեց, իսկ նրա ծնողների համար չփարատված կասկածները բազմաթիվ են:

Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը մի քանի օր առաջ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության հատկապես կարեւորագույն գործերով բաժնի պետ, գնդապետ Յուրի Բադալյանին է ուղարկել 6 էջից բաղկացած փորձագիտական եզրակացություն:

Քննիչ Լ.Պետրոսյանն այս տարվա ապրիլի 4-ին որոշում էր կայացրել փորձաքննություն անցկացնելու մասին: Նշված ինստիտուտից ներգրավված չորս փորձագետները զինվոր Տիգրան Օհանջանյանի մահվան հետ կապված միջնորդել էին իրենց տրամադրել Ռ-419 ռադիոէլեկտրոնային սարքը, եւ կազմակերպել դեպքի վայրի տեղազննություն:

Տեղեկացնենք, որ մինչ այդ փորձաքննություններ անցկացվել էին 2007թ. նոյեմբերի 16-ին, ապա՝ 2009թ. հոկտեմբերի 20-ին:

Հերթական փորձաքննության ժամանակ քննիչ Լ.Պետրոսյանի հարցին, թե կա՞ն թերություններ նշված եզրակացություններում, փորձագետները պահել են մասնագիտական էթիկայի կանոնները, եւ նշել. «Փորձագետների չիմացության կամ թերացման վերաբերյալ պատասխան տալ չենք կարող»:

Փորձագետները տեղեկացրել են, որ Ռ-419 սարքը ռադիոէլեկտրոնային հաղորդակցության միջոց է: Սարքն իր կազմում ունի էլեկտրասնման բլոկ, որը կերպափոխում է 50 Հց հաճախականության փոփոխական հոսանքի 220 Վ լարումը 32-27 Վ լարման, ուստի սարքի միայն նշված բլոկը կարող է համարվել էլեկտրասարքվածք: Ըստ 4 փորձագետների, Ռ-419 սարքի բարձր հաճախականային բլոկների խափանման, անտենան սնուցող համացանցի մալուխի մեկուսացման, վնասման դեպքում, անտենայի եւ այն պահող ձգալարերի վրա չէր կարող հայտնվել «սնող ցանցի լարումը»:

Ավելին, ըստ փորձագետների իսկապես բեկումնային եզրակացության՝ Ռ-419 կայանի ենթաբլոկը որից մալուխը գնում է անտենա, աշխատում է հաստատուն հոսանքի 27Վ լարմամբ, ուստի նշված ենթաբլոկը ընդունակ չէ արտադրել 180 Վ լարում, ինչը համապատասխանում է իրականությանը. «Կայանի բարձր հաճախականային բլոկներից եւ ոչ մեկի խափանման, վնասման դեպքում հնարավոր չէ սնող ցանցի լարման անցում դեպի անտենա»:

Փորձագետները քննչական ծառայությանը հայտնել են, որ չնայած քննիչի գործադրած բոլոր ջանքերին, իրենց չի հաջողվել տեսնել դեպքի վայրը, այսինքն, դեպքի վայրում կոնկրետ եղած Ռ-419 ռադիոռելեային կայանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031