Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել մանկավարժ ու երկու երեխաների մայր Սիլվա Ասատրյանին շինծու մեղադրանքով 9 տարվա ազատազրկման դատապարտելու մասին: Այդ գործով Սիլվա Ասատրյանի նկատմամբ հանցագործության բնույթ կրող բազմաթիվ ապօրինություններ են կատարվել.
ա) նա ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով ԱԱԾ աշխատակիցների կողմից վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից հափշտակվել եւ ապօրինի զրկվել է ազատությունից, ինչի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ-ի դեմ վճիռ է կայացրել,
բ) նա ենթակա լինելով արդարացման, գլխավոր դատախազության պնդմամբ դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, այն էլ գործի նյութերով չհետազոտված ապացույցներին հղում կատարելով, եւ վճռաբեկ դատարանը դա համարել է թույլատրելի,
գ) պատիժը կրելու ընթացքում ապօրինաբար, առանց օրենքով նշված 2 հիմքերից (պատիժ կրողի դիմում կամ խախտում) որեւէ մեկի առկայության, գլխավոր դատախազության գրավոր որոշման հիման վրա ԱՆ տեղաբաշխման հանձնաժողովը խստացրել է պատժի կրման ռեժիմը եւ դատարանը դա էլ է թույլատրելի համարել, պատճառաբանելով, որ որոշումը կայացվել է բաց քվեարկությամբ (քվեարկության ձեւը պահպանվել է), հետեւաբար չի կարող անվավեր ճանաչվել:
Բացի ՀՀ-ի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, վերը նշված երկու՝ բ) եւ գ) կետերի խախտումների վերաբերյալ էլ են դիմումներ ներկայացվել Եվրոպական դատարան, իսկ երեք անգամ էլ ՀՀ սահմանադրական դատարանն է հակասահմանադրական ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերը, որոնց կիրառմամբ վերադարձվել են Սիլվա Ասատրյանի վճռաբեկ բողոքները, սակայն վճռաբեկ դատարանն այդպես էլ վարույթ չի ընդունում եւ ըստ էության չի քննում Սիլվա Ասատրյանի վճռաբեկ բողոքը:
Բայց այս ամենով չեն ավարտվում պատանդի կարգավիճակում գտնվող Սիլվա Ասատրյանի դեմ շարունակական բնույթ կրող ապօրինությունները:
2011թ. մայիսի 26-ին հայտարարված համաներումից հետո էլ, Սիլվա Ասատրյանը շարունակում է ապօրինաբար պատանդի կարգավիճակում պահվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:
Բանն այն է, որ 9 տարվա ազատազրկումից 2 տարին ՀՀ քր. օր-ի 185 հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատիժն է, որի համար ՀՀ ԱԺ 26.05.2011թ. համաներման մասին որոշման 1-ին մասի 1-ին կետի համաձայն պատժից ազատվում են ամբողջությամբ (պատժից ազատվում են առավելագույնը երեք տարվա ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք), իսկ պատժի մնացած մասի նկատմամբ էլ կիրառվում է համաներման մասին որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետը, որը վերաբերում է ծանր հանցագործություններին եւ ըստ որի՝ պատժի չկրած մասը կրճատվում է մեկ քառորդով:
Քրեակատարողական հիմնարկը դատախազության պարտադրմամբ այն երկու տարվա ազատազրկման վրա էլ է տարածել պատժի չկրած մասը մեկ քառորդով կրճատելու դրույթը, որը ծանր հանցագործություններին է վերաբերում, փոխանակ այդ մասով կիրառեր պատժից ազատելու դրույթը:
Եթե Սիլվա Ասատրյանի նկատմամբ համաներումը կիրառվեր կամ ճիշտ կիրառվեր, ապա նա արդեն պետք է ազատ արձակված լիներ, քանի որ 26.05.2011թ. դրությամբ արդեն իսկ կրել էր 7 տարի եւ 15 օրվա պատիժ, իսկ 9-2=7:
Արդյունքում, խախտումները շարունակվում են, մարդը՝ մանկավարժ կինը, երկու երեխաների մայրը, պահվում է պատանդի կարգավիճակում եւ հերթական դիմումն է պատրաստվում ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Իսկ թե ինչու են Սիլվա Ասատրյանի նկատմամբ գլխավոր դատախազության ցուցումով նման ապօրինություններ կատարվում եւ թե ինչու է նա պատանդի կարգավիճակում պահվում, կփորձեմ բացահայտել Սիլվա Ասատրյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀ-ի դեմ հերթական վճռից հետո:
Կարեն Մեժլումյան
Փաստաբան
Հ.Գ. Այս վերջին խախտումը կատարվում է ԱՆ Հրայր Թովմասյանի նախարարության օրոք: Չեմ պնդում, որ նա դրան տեղյակ է, սակայն սույնով նրա ուշադրությունն եմ հրավիրում դրա վրա: «Աբովյան» ՔԿՀ-ի եւ գլխավոր դատախազության դեմ մեր բողոքն, ի դեպ, քննության է նշանակվել Եղվարդի դատարանում: