Այս անգամ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանն է իր դասախոսական տպավորությունները կիսում՝ հայտնի քաղաքական գործիչների զավակների մասին:
Aravot.am-ի հետ զրույցում ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը պատմեց, որ ինքը բախտ է ունեցել դասավանդելու հանրապետության 3 նախագահների երեխաներին. «Նրանք առանձնացել են միայն դրական կողմերով: Հիմա երկրորդ նախագահի երկրորդ որդին մեզ մոտ մագիստրոսական ծրագրով է անցնում, ե՛ւ Դավիթը, ե՛ւ Սեդրակը նորմալ հաճախել են, Սերժ Սարգսյանի դուստրն էլ ասպիրանտուրայում է, այս տարի ավարտում է, նրանք բոլորը առանձնացել են բարձր առաջադիմությամբ, կազմակերպվածությամբ եւ պարկեշտությամբ»:
Դեկանն առանձնապես գովեստի խոսքեր չշռայլեց Սերժ Սարգսյանի՝ դասերից բացակայած եղբորորդու՝ Նարեկի մասին: Անդրադառնալով ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանի խոսքերին, որ Նարեկը եւ Վահան Հովհաննիսյանի աղջիկը՝ Աննան դասի չեն եկել, բայց դիպլոմ են ստացել՝ դեկանը վստահեցրեց, որ այդ առարկան Բագրատ Ասատրյանի սեփականությունը չէ. «Ոչ մի առարկա ոչ մի դասախոսի սեփականությունը չի, իմ առարկա հասկացությունը չկա, դա ամբիոնի առարկան է, իսկ ամբիոնն ունի ղեկավար»:
Մենք հետաքրքրվեցինք, թե մի ամբողջ առարկայի որեւէ դասաժամին չներկայացած, բացակայություններ ունեցող ուսանողին որեւէ նկատողություն չե՞ն տվել: Օրինակ, նույն համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում մի քանի բացակայություն ունեցող ուսանողների անունները հայտնվում էին դեկանատի պատին եւ այդ ուսանողներն ամոթանք էին ստանում: Հայկ Սարգսյանն ասաց, որ Նարեկն ու Աննան բացակայության համար նկատողություն չեն ստացել՝ հայտնիների զավակների նկատմամբ իրենց հանդուրժողականությունը բացատրելով այսպես. «Նրանք մեկ ուսումնական տարի օգտվել են անհատական գրաֆիկից, իսկ անհատական գրաֆիկը թույլատրում էր բացակայությունները»:
Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ Սաշիկ Սարգսյանի որդու ուսումնական առաջադիմության մասին մեր հրապարակումներին ծանոթ չէ: Մեր հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում ուսանողների բացակայություններին՝ նախարարն ասաց. «Ուսանողները չպետք է բացակայեն, բայց միայն չբացակայելը բավարար չէ՝ դիպլոմ ստանալու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ