«Ընտրելու համար այստեղ չեն ճնշում, մտնում ես, ընտրում, դուրս գալիս, իսկ հայկական ընտրություններին միլիցիան կանգնած է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում էին Գավառից հատուկ ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու նպատակով Երեւան եկած ազգությամբ հայ, բայց Ռուսաստանի քաղաքացի ընտրողները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ռուսաստանում Պետդումայի ընտրություններ են: Հայաստանում ընտրողները գոհ էին ընտրությունների կազմակերպումից, Ռուսաստանից ու իրենց քվեն միանշանակ տալիս էին Պուտինի «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը: «Որովհետեւ մեր կենսամակարդակը բարձրացնում է ռուս ազգը»,- հավելում էին նրանք:
Եվա Աբրամովնա Մուրադյանը ծնվել է Ռուսաստանում, հետո ամուսնու` Աղաբեկ Մուրադյանի հետ, եկել Հայաստան, այժմ ամուսինները բնակվում են Կալինինգրադում: Հարսանիքի ներկա լինելու համար Երեւանում գտնվող ՌԴ քաղաքացի ամուսինները, որ քվեարկել էին «Եդինայա Ռոսիայի» օգտին, իրենց գոհունակությունն էին հայտնում ընտրությունների կազմակերպումից. «Իմանալով, որ հայ ենք, տեսնեք ոնց են մեզ հարգում, հասկանում, իսկ հայերն այդպես չեն անում»:
Ի դեպ, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, հաքերներն այսօր «կոտրել» են մի շարք ռուսական կայքէջեր, այդ թվում «Եդինայա Ռոսիայի» կայքը:
Կարդացեք նաև
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ