Ինչպես հայտնի է, ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարն անցկացվելու է Քաթարում: Այս երկրի շեյխերին հաջողվել է ՖԻՖԱ-ի ղեկավարությանն ու աշխարհին համոզել, որ իրենց երկիրն ի վիճակի է կազմակերպել եւ ընդունել թիվ մեկ մարզաձեւի լավագույն ընտրանիներին: Եվ դրանում ոչ ոք չի կասկածում: Կազմակերպական բոլոր խնդիրները շեյխերն ի վիճակի են լուծել ամենաբարձր մակարդակով, որ երբեւէ եղել է: Բայց մինչեւ վերջերս բաց էր մնում մի հարց. ի՞նչ անել +50 աստիճան ջերմության հետ: Ամեն ֆուտբոլասեր չէ, որ ի վիճակի է դիմանալ: Մանավանդ, եթե նա այլ երկրից է: Շեյխերի միլիարդները դրա լուծումը նույնպես գտել են. հատուկ աշխարհի առաջնության համար անապատային կլիմա ունեցող այս երկրում կառուցվելու է 12 նոր ստադիոն, որոնցից բոլորի նստելատեղերն անհատական կառավարմամբ օդորակիչներ են ունենալու: