Լրահոս
Օրվա լրահոսը

«Կացինը սրելուց առաջ ձեզ մի պահ ծառ զգացեք»

Դեկտեմբեր 04,2011 17:06

Ասում եք էլի, ծա՞ռն էլ սեփական գեղեցկության ձեռքը կրակն ընկնի: Բոլորը պայքարում են իրենց նմանակների դեմ, իսկ ես` ընդհակառակը, ամբողջ դեկտեմբեր ամիսը զբաղված եմ արհեստական եղևնիների PR ակցիաները կազմակերպելով. «Գնեք մեկ անգամ, օգտագործեք հազար անգամ»: Ճիշտ է` էդ հազարի պահը մի քիչ չափազանցնում եմ, բայց ի՞նչ անեմ, պետք է ինքնապաշտպանվեմ: Մարդիկ առաջնորդվում են. «Օրենքի անունը տուր, կացինը ձեռքդ առ» սկզբունքով: Ինչքան արգելում ես, այնքան ավելի շատ տարբերակներ են մոգոնում Ամանորին բնական եղևնիով հարևան-բարեկամներին զարմացնելու համար: Դե եթե էդքան շատ եք ուզում զարմացնել, Շոտլանդիայից Ձմեռ պապ հրավիրեք: Ճիշտ եմ ասում, ամբողջ տարին քննարկման թեմա կդառնաք: Թե չէ, ուժներդ միայն անպաշտպան ծառերի վրա է պատում: Մի քանի օրվա համար ինձ կտրում-տանում եք, փոխանակ ամբողջ տարին ներկայությունս վայելեք:

Է՜, էդպես էլ ձեր հոգեբանությունը չհասկացա: Ասում եք` բնականից լավը չկա, բայց  հենց տուն եք տանում, ինչքան խաղալիք ու փայլ կա վրաս եք լցնում: Հայկական սովորություն ա` ինչքան շատ, էնքան լավ: Իսկականից դառնում եմ տոնածառ: Իսկ ո՞ւր մնաց բնական գեղեցկությունս: Վաաաաաաաաաայ, բա որ կարմիր աստղ եք դնում գագաթիս: Ժողովո՛ւրդ, սովետը վերջացել ա, արթնացե՛ք: Հերիք է էդ աստղով գլուխս ծանրաբեռնեք: Մեկ է, էդ արդուզարդով սիրտս չեք շահի: Ասեմ, որ հյուրասիրությունից ու ուշադրությունից չեմ բողոքում: Սեղանը գլխավորելու պատիվը իհարկե հաճելի է, բայց ցանկալի չէ: Իմ ամանորյա երազանքը տոները արմատներիս հետ անցկացնելն է: Ախր ես էլ եմ ուզում ազատ ընտրության, մտքի, խղճի ու խոսքի ազատություն ունենալ:  Հիմա կասեք շատախոս ու բողոքական եղևնի եմ, բայց ինձ էլ հասկացեք: Կյանքում առաջին անգամ էսպիսի բացառիկ հնարավորություն եմ ստացել: Գիտեք ինչքան եմ պատրաստվել, բայց հիմա միայն մի բան եմ ուզում ասել. «Կացինը սրելուց առաջ ձեզ մի պահ ծառ զգացեք»:

Հերմինե Աղաջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031