Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղջկան ռեպ չի սազում», «Ավելի լավ ա ճաշ եփել սովորիր». Ասում են նրան

Դեկտեմբեր 04,2011 17:06

Անուշիկը 17 տարեկան ռեպեր է: Ստեղծագործում է անցած տարվանից: Հենց այդ ժամանակ էր, երբ մահացավ հայրը: Իսկ մյուս կողմից էլ ընկերուհիները, որոնք միայնակ թողեցին նրան, պատճառ, կամ ավելի շուտ ոգեշնչման աղբյուր դարձան, և նա սկսեց իր բողոքը հայտնել ռեպի միջոցով: «Այն ժամանակ ինձ թվում էր, թե շրջապատված եմ շատ ընկերուհիներով, որոնք սիրում են ինձ: Հիմա հասկանում եմ, որ անգամ մեկ ընկերուհի էլ չունեմ: Նրանք բոլորն էլ վազում են շահի հետևից, նրանց հետեւից, ովքեր հարուստ են»,-ասում է նա: Փոխարենը` տղա ընկերներ շատ ունի:

Անուշիկի առաջին ռեպը վերնագրված է «Չհանձնվես»: «Երբ այն կարդացի, նույնիսկ ծիծաղեցի, ասում էի` Անուշ ձեռ քաշի սրանից, էս աղջկա բան չի, բայց երբ լսեցի նրա կատարումը, ուղղակի ապշեցի»,-պատմում է եղբայրը`Արան:
Այս ռեպը Անուշիկը կարդում է իր ընկերներից Արամի հետ, նույնիսկ ձայնագրվել է: Բառերը ինքն է գրել, միայն վերջին տունն է Արամը հեղինակել: Երգը տեղադրվել է youtube.com-ում: Մեկնաբանությունների պակաս էլ գրեթե չկա` «Աղջկան ռեպ չի սազում» , «Լավ չես կարդում» , «Քո խելքի բանը չի», «Ավելի լավա ճաշ եփել սովորիր» և այլն: Անուշիկը խոստովանում է `դրանցից շատերը ջնջել է:

Սկզբում ընկերներն էլ էին նույնը ասում: Մայրն էլ դեմ էր աղջկա զբաղմունքին: Բայց մարդիկ էլ եղան, որոնց համար Անուշիկի երգը հենարան դարձավ: «Վերջերս ծանոթներիցս մի կին, ով միայնակ է պահում իր երեխային, ասաց, որ հենց տխուր է լինում, լսում է ռեպս և ուժ ստանում: Իսկ մաթեմատիկայիս դասախոսն էլ փիլիսոփայության վերաբերյալ ինձ մի գիրք տալով` ասաց. «Շատ լավն էր ռեպդ, վերցրու սա, կարդա և այն կօգնի քեզ ստեղծագործել»:
Անուշիկը 5 տարի շարունակ հաճախել է երաժշտական դպրոց`դաշնամուրի բաժին: Ինչպես ինքն է ասում, այն օգնել է իրեն ընկալել երաժշտության ռիթմը: Երազում է նմանվել Eminem-ին, որն իր ամենասիրած ռեպերն է: Մասնակցել է party-երի `հատկապես Crime street-ի կազմակերպած: Պատմում է`  երբ մի անգամ հերթը իրեն է գալիս, եղբայրը, որ մինչ այդ խրախուսում էր իրեն, արգելում է ու չի թողնում, որ նա բարձրանա բեմ ու ռեպ կարդա:

Ագրարային համալասարանում, որտեղ սովորում է, առանձնանում է ոչ միայն ռեպ կարդալով, այլև հագուկապով. «Հիմնականում հագնում եմ լայն տաբատներ ու բոթասներ: Քիչ եմ շպարվում: Ծանոթներս ասում են`ոնց որ տղա լինես» :
Նա նաև մի քանի այլ ռեպերի հեղինակ է: Օրինակ` դրանցից մեկը խաբեության մասին է, թե ինչպես են տղաները սեր խոստանում և ապա լքում` առանց բացատրության: Մյուսը թիթիզ աղջիկների մասին է, որոնց խոսակցության մշտական թեման օծանելիքներն ու հագուստներն են: Այս երգերը դեռ չի ձայնագրել. պատճառը գումարն է. «Փող չկա, (ծիծաղում է- Ն. Բ. ), բայց վերջերս առաջարկ եմ ստացել մի տղայի հետ ռեպ կարդալ, հուսամ ամեն ինչ լավ կլինի»:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031