Այսօր դեկտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` գիշերը ժամը 00:30-ի սահմաններում, Վաղարշապատի հիվանդանոցից Վաղարշապատի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ Սերյոժա Հակոբյանը, ինչպես նաև մարմնական վնասվածքներով նույն գյուղի բնակիչներ` Արսեն Արսենյանը և Վահրամ Նազարյանը:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ավագ քննիչ Վահան Տիգրանյանի գլխավորությամբ: Արդեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները` 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Արսեն Արշակյանի և նույն գումարտակի առաջին վաշտի, առաջին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Պարզվել է որ դեկտեմբերի 3-ին ժամը 23:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արագած գյուղի կենտրոնական ճանապարհահատվածում, Վահրամ Նազարյանին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի 12 ՏՍ 597 համարանիշի ավտոմեքենան վարել է 1990 թ. ծնված Արագած գյուղի բնակիչ Արսեն Արսենյանը, վերջինս մեքենան վարելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի բանուկ մասից դեպի աջ ճամփեզր և բախվել ճամփեզրին կայանված 1964 թ. ծնված Գագիկ Ազատյանին պատկանող ԶԻԼ ՄՄԶ 4502 մակնիշի 12 00 996 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին, այնուհետև բախվել է Գ. Ազատյանի տան պատին:
Բախման հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող 1991 թ. ծնված Սերյոժա Հակոբյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Արսենյանը և մյուս ուղևոր Վահրամ Նազարյանը տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի