110 մլն ՌԴ քաղաքացիներ Ռուսաստանում, ևս 1.8 միլիոնն արտասահմանում այսօր ընտրելու են Պետդումայի 450 պատգամավորների: Խորհրդարանում կհայտնվեն 7 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները:
Մեր երկրում ապրող ՌԴ քաղաքացիները հնարավորություն կունենան ընտրել Հայաստանի տարածքում ձեւավորված 10 ընտրատեղամասերում, որոնցից հինգը ՌԴ դեսպանության տարածքում, մնացածը` Գյումրիի ՌԴ գլխավոր հյուպատոսության ընտրատարածքում, որը ներառում է Լոռու եւ Շիրակի մարզը:
Երեւանի ընտրական տեղամասում գրանցված է 1986 մարդ:
Կարդացեք նաև
Այս պահին դեսպանատանը տեղակայված ընտրատարածքում քաղաքացիները հանգիստ կերպով` մեղմ երաժշտության ներքո, իրենց ընտրությունը կատարում են, թեեւ դրսում ընտրողների փոքր կուտակումներ կան:
Ւնչպես Aravot.am-ին տեղեկացրեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Սերգեյ Աբելյանը, դեսպանատան հյուպատոսային տարածաշրջանի հինգ ընտրատարածքներում` (Դեսպանատուն, Էրեբունի օդանավակայան, Արմավիր, Արտաշատ, Մեղրի), ժամը 16.00-ի տվյալներով, 2966 քաղաքացի արդեն կատարել է իր ընտրությունը, որոնցից 1602-ը քվերակել են դեսպանատանանը` թիվ 5015 ընտրատատեղամասում:
Ժամը 13.00-ի տվյալներով, ընտրությանը մասնակցել էր Ռուսաստանի դաշնության 1997 քաղաքացի, որոնցից 875-ը` դեսպանատան ընտրատեղամասում:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, Հայաստանի ընտրատեղամասերում քվեարկել են նաեւ Վրաստանի տարածքում ապրող Ռուսաստանի քաղաքացիները:
Ընտրողների շրջանում մեր կատարած հարցումներից պարզ դարձավ, որ քաղաքացիները իրենց հույսը կապում են Վլադիմիր Պուտինի եւ նրա ղեկավարած «Միասնական Ռուսաստանի» («Եդինայա Ռոսիա) հետ:
Նշենք, որ այս անգամ ընտրություններին մասնակցելու են ԿԸՀ-ում գրանցված բոլոր 7 կուսակցությունները: Դրանք են «Միացյալ Ռուսաստան»-ը (Եդինայա Ռոսիա), Լիբերալ–ժողովրդավարական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Յաբլոկոն», «Արդար Ռուսաստան» (Սպրավեդլիվայա Ռոսիա), «Արդար գործ» (Պրավոյե դելո), ինչպես նաև «Պատրիոտի Ռոսիի» կուսակցությունները: Դաշնային ցուցակներում ընդգրկված են 3000 պատգամավորներ: Ընտրություններին կհետևեն 650 միջազգային դիտորդներ տարբեր երկրներից:
Ընտրությունների վերաբերյալ տեսանյութը` շուտով
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ