Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիսուս պապի աչերը բուժի, որ Քրիստիկը լավանա, դպրոց գնա…»

Դեկտեմբեր 04,2011 15:49

5-ամյա Քրիստինեն ձմեռ պապիկից ընկույզ է ուզում, իսկ Հիսուս պապիկին ասում է. «Աչերը բուժի, որ Քրիստիկը լավանա, դպրոց գնա»:   «Ձյուն է գալիս փաթիլ-փաթիլ, ծիտիկները շարվեցին, աստղիկները փայլեցին, Սասունցին էլ հյուր եկավ»,- արտասանում է աղջնակը: Արդեն իսկ իր կարգավիճակին համակերպված Քրիստինեն, խաղում է բոլոր խաղալիքներով, ուտում բոլոր մրգերն` առանց տարբերություն դնելու:

Ծնողներն ասում են, որ շատ խելոք երեխա է, ագրեսիվ չէ: Գույները չի ընկալում, բայց մեկ անգամ հիվանդանոց գնալիս տատիկին ասել է «Ծովո տեսա ՞ ր լույսը` կարմիր լույսը»: Երգում է «Սիլոյի պարը», որն ասում է «կոնքերի պար», սիրում է պարել:

Քրիստինե Սամսոնյանը ծվել է 27 շաբաթականում` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 3 հիվանդանոց: Նրան պահել են վաղահաս լույս աշխարհ եկած երեխաների համար պատրաստված տարրայի մեջ:

Այստեղ էլ բժիշկների անուշադրության հետեւանքով, ինչպես ծնողներն են ասում, կուրացել է: «Հիվանդանոցում թթվածին շատ են տվել, որի հետեւանքով վնասվել են աղջկաս աչքերը»,- ասում է մայրը` Արաքսյա Ավագյանը: «Հինգ ամիս պահել ենք, նոր հասկացել, որ Քրիստինեն չի տեսնում: Գունավոր խաղալիքներ էինք ցույց տալիս, բայց արձագանք չկար: Իսկ բժիշկները մեզ ասում էին, որ ամեն ինչ նորմալ է, անգամ թուղթ ունենք, որտեղ երեխայի առողջության ոչ մի թերություն գրած չի»,- վրդոված պատմում է տատիկը` Եպրաքսիա Ագամյանը: Քանի որ Հայստանում հրաժարվել են բուժել, Քրիստինեի տատիկը վաճառել է Ոսկեվազի տունը եւ երեխային տարել Սանկտ Պետերբուրգ:

Այնտեղ մեկ տարեկան ութ ամսականում նրա մեկ աչքը վիրահատել են, րմյուսն էլ արդեն հնարավոր չէր բուժել: Սակայն մեկ վիրահատությունը բավարար չէր, բժիշկները հորդորել էին որոշ ժամանակ անց կրկին վիրահատել: Սամսոնյանների ընտանիքն այժմ արդեն գումար չունի` եւս մեկ անգամ վիրահատելու: «Վերջին ստուգումից հետո ակնաբույժն ասաց, որ լույս թափանցում է աչքի մեջ, եւ վիրահատությունից հետո աչքը կտեսնի: Հայաստանի Մալայան կենտրոն  էին եկել չինացի, ամերիկացի բժիշկներ, ովքեր Քրիստինեյի աչքը նայելուց հետո եկան ընդհանուր որոշման, որ տեսնելու հավանականությունը մեծ է»,-ասում է մայրը: Օգնության համար շատերին են դիմել, բայց առայժմ` ոչ մի արձագանք:

«Մի քանի ուսանող եկան, ասացին, որ ուսանողական ֆոնդ են բացել ու գումարը կտրամադրեն Քրիստինեին: Մի քանի ամիս եկան-գնացին, ասեցին 600 հազար գումար է հավաքվել ու մեկ էլ կորան»,- պատմում է տատիկը: «Մենք ուտելիք կամ հագուստ չենք ուզում, փառք Աստծո, կարողանում ենք դա ապահովել: Ուղղակի վիրահատության համար մեծ գումար է պետք, ինչը չունենք»,-ասում է մյուս տատիկը` Անահիտ Ավագյանը:

Ժամանակն անցնում է, ինչի հետեւանքով աչքի բուժման հնարավորությունն ավելի է պակասում: Աղջկա ծնողները հույս ունեն, որ բարեգութ մարդկանց միջոցով կվերականգնեն փոքրիկի մեկ աչքի տեսողությունը, որից հետո նա առաջին անգամ կտեսնի լույսը:

Ռուբինա Սաֆարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031