Անահայմի «Honda Center» համալիրում ավարտվեց Վախթանգ Դարչինյանի եւ Անսելմո Մորենոյի միջեւ մենամարտը, որում մրցավարները, միավորներով հաղթանակը, շնորհեցին ամբողջ 12 ռաունդ ակտիվ մարտից խուսափած պանամացուն: Հարկ է նշել, որ այս էլ որերորդ անգամ Վիկի մասնակցությամբ մարտերում ռեֆերին աչքի չընկավ մասնագիտական որակներով: Նրա աչքին անհասկանալիորեն աննկատելի էին, թե ինչպես է Մորենոն անընդհատ բռնած պահում հայ բռնցքամարտիկի հարվածող ձեռքը, խուսանավելիս գլուխը թույլատրվածից ցածր իջեցնում: Իսկ ահա, երբ Վիկը մեկ անգամ փորձեց կտրուկ շարժումով ձեռքն ազատել մրցակցի «աքցանից» եւ Մորենոն ընկավ, դա դիտարկեց որպես կանոնների խախտում եւ Վախթանգին նկատողություն հայտարարեց:
Սակայն հանուն արդարության նշենք, որ մեր բռնցքամարտիկն էլ, հավանաբար, ոչ ճիշտ տակտիկա էր ընտրել` հարվածաշարերի փոխարեն շեշտը դնելով մեկական հարվածներով գրոհների վրա, ինչից խուսանավելն, ինչպես երեւաց, այնքան էլ դժվար չէր Մորենոյի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ