Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սկսնակ վարորդի նոթերը շարունակվում են կամ՝ «Երեկոն Տիչինայի խաչմերուկում»

Դեկտեմբեր 04,2011 03:00

Նախաբան

Զրույց Ֆեյսբուկում.

Հասմիկ-Մելոււււււււշ, բայց էդ օրն այդպիսով չվերջացավ, բա մնացածը խի՞ չես պատմել…)))

Ես- Հաս, ուզում ես լրիվ խայտառակ լինեմ??????:ՃՃՃՃՃՃՃ

Հասմիկ- Արդեն եղել-պրծել ես, Մել ջան: …ասենք` սենց կարաս վերնագրես` «Երեկոն Տիչինայի խաչմերուկում»:))))

                                                                                      Ես- ՃՃՃՃՃՃ

Նկատառում- Բլոգիս այս գրառումը կարդալուց առաջ անպայման պետք է կարդալ սկսնակ վարորդիս առաջին նոթը՝ նախ «թեմայի մեջ» լինելու, եւ հետո՝ նախաբանս հասկանալու համար:

 

…..Ասում եմ «երջանիկ» սլացանք, եւ, թերեւս, Մազդա Քսեդոսիս հայելու միջից իմ բոլոր 28 (էդքանն էլ հերիք է) ատամները միաժամանակ տեսնելով, Անին էլ էր մտածում, որ ես երջանիկ եմ, բայց ես հո ինքս լավ հասկանում էի, որ դա հիստերիկ ծիծաղ է, եւ ծնկներիս շրջանում իրեն դեռ զգացնել տվող դողը հուշում էր, որ եթե Անին շարունակի մեքենայի հայելու մեջ ինձ թարս-թարս նայելով «իբր ինչի՞դ վրա ես էդքան ուրախ», «ծիծաղելո՞ւ բան կա, մամա», «գոնե սրանից հետո կհիշե՞ս մեքենայիդ համարները», «չեմ պատկերացնում, որ սենց բան կարող էր քեզնից բացի մեկ ուրիշի հետ կատարվել», «ամբողջ աշխարհը խառնեցիր իրար, ու դեռ ծիծաղո՞ւմ ես»  տիպի նկատողություններ անել, ապա շատ արագ այդ հիստերիկ ծիծաղը կվերափոխվի նույնքան հիստերիկ լացի:

Հասանք տուն թե չէ՝ ամուսնուս ասացի.«Վե՛րջ, էլ ոչ մի մեքենա, է՛լ ոչ մի վարորդություն: Մոռանում ենք դրա մասին եւ շարունակում ենք հարստացնել մեր հարազատ «Զովունի» տաքսի սերվիսը կամ տառապել Զովունիից մինչեւ օպերա 8 կմ-անոց ճանապարհը 48 րոպեում անցնող 36Ա ավտոբուսի մեջ: Կամ՝ ծայրահեղ դեպքում, Գենան է շարունակում տառապել ոչ միայն քեզ, այլեւ՝ ընտանիքի մնացած անդամներին տանել-բերելով (Գենան նրա վարորդն է)»: Ամուսինս, որ արդեն գիտեր իմ գտնված կորուստի պատմությունը, իրեն հատուկ ոճով ասաց.«Ա նու կա՝ օտստավիծ ռազգավորչիկի: Կա՞կ ծիբե նե ստիդնո: Բա եղա՞վ: Մի թեթեւ միջադեպի պատճառով հանձնվո՞ւմ ես»: «Ի՞նչ թեթեւ միջադեպ, ամբողջ աշխարհով մեկ խայտառակ եղա, քիչ էր մնում ոստիկանություն գար…»,-լացակումած փնթփնթում եմ ես: «Կակայա ռազնիցա… զաբո՛ւձ, բոլորի մոտ էլ լինում են տենց բաներ»: «Լավ, մինչեւ խելքի գամ էսօրվա դեպքից հետո, մի քանի օր չեմ քշի»: «Ես քո տեղը լինեմ՝ հենց էսօր էլ կքշեմ, բայց իհարկե՝ որոշողը դու ես»,-ամուսնուս այս խոսքերից հետո ես անմիջապես հիշեցի, որ առավոտյան «Աչաջուրում» ընկերուհուս հետ ժամադրվել էի.«Վա՜յ, ես էլ Հասիկի հետ պայմանավորվել էի, որ այսօր երեկոյան Արմինեի բալիկի «բարձին» ես կտանեմ աղջիկներին: Զանգեմ ասեմ՝ տաքսիով կգնանք»: «Մելուշ ջան, ավելի լավ է՝ ոնց որոշել ես, տենց էլ անես»,- նորից պնդեց ամուսինս, ու ես էլ սկսեցի մտածել, որ պետք է հետեւողակա՛ն լինել, չընկճվե՛լ դժվարություններից, չհիասթափվե՛լ մի փոքր միջադեպի պատճառով եւ այլ դաստիարակչական բաներ:

Երկու ժամից զանգեցի Մարգոյին, եւ ասացի, որ Արմինեենց տուն գնալու համար արդեն Հասմիկի հետ պայմանավորվել եմ, եւ որ հիմա իրեն կվերցնեմ Դավիթաշենից, հետո՝ Շիրվանզադեի դպրոցի մոտ կվերցնենք Հասմիկին ու Լուսինեին: Ժամը պայմանավորվեցինք, ու դուրս եկա:

Մի քանի մետր չէի քշել՝ մեքենայից լսեցի նույն ձայնը, ինչ-որ երկու օր առաջ էի լսել: Քսեդոսիկիս հարցրի՝ «էլի՞: Քեզ ի՞նչ պատահեց, չէ՞ որ երկու օր առաջ Գենան ստուգեց եւ ասաց, որ ոչինչ էլ չկա, ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ ես էլի խռխռում»: «Չգիտեմ, ինչ-որ լավ չեմ»,- տնքաց Քսեդոսս: «Դե, դե, քեզ լավ պահիր,-հանգստացրեցի նրան,-տես, արդեն Մարգոյին ենք մոտենում»: Մարգարիտը կանգնած էր ճամփեզրին, բայց որեւէ ուշադրություն չդարձրեց վրաս: «Մարգո՞ւշ,-ձայն տվեցի պատուհանից, -արի»: Զարմացած նայելով՝ Մարգոն մոտեցավ.«Վա՜յ, Մել, դո՞ւ ես քշում, ես էլ գիտեմ տաքսիով ես գալու: Վա՜յ, ո՞նց ես քշում, Մել, չգիտեի, որ արդեն քշում ես… արի իջի, տաքսի նստենք, գնանք, էլի..»: «Մարգո՞, քեզ ինչ եղավ, նստիր»: «Վայ, Մելուշ, գիտես՝ Լիլիթս արդեն երկու տարի է՝ քշում է, ես իր մեքենան դեռ նստած չկամ, վախենում եմ, արի համաձայնվի, իջի, տաքսիով գնանք էլի…»,-կամաց-կամաց նստելով մեքենան՝ շարունակում էր պնդել Մարգոն: «Մարգ ջան, խոստանում եմ՝ վթարի չես ենթարկվի, ես շատ դանդաղ ու հանգիստ եմ քշում»,-անհաստատ ձայնով տնքացի ես: Շարունակելով փնթփնթալ՝ Մարգոն, այնուամենայնիվ, տեղավորվեց, ու մենք շարժվեցինք:

Նորից լսվեց Քսեդոսիկի խռխռոցը: «Մե՞լ, էս ի՞նչ էր»,- Մարգոյի ձայնի մեջ տագնապի նոտաներն այնպիսի ֆորտեով հնչեցին, որ իմ փորձը՝ հնարավորինս համոզիչ լինել, արդեն իսկ դատապարտված էր տապալման.«Հեչ, Մարգ ջան, բան չկա, մի քանի օր է՝ սենց մի քիչ խռխռում է, Գենան նայեց, ասեց՝ բան չկա»: «Մելան, նորից եմ ասում՝ իջիր, նստենք տաքսիով գնանք»: «Մարգ ջան, բայց արդեն կամուրջի վրա ենք, ո՞նց իջնենք»,- շարունակում էի դիմադրել ես՝ պատկերացնելով, թե այս զրույցից ինչ ապրումների մեջ է ընկնելու Քսեդոսս:

Այսպես խռխռալով, փնթփնթալով ու տնքտնքալով սեւականաչս, Մարգոն ու ես հասանք Շիրվանզադեի դպրոցի մոտ, որտեղ մեզ էին սպասում Հասմիկն ու Լուսինեն: Պարզվեց՝ Լուսկան էլ չգիտեր, որ այդ օրվա վարորդը ես եմ, մի թեթեւ զարմացավ, բայց քաջաբար նստեց մեքենան՝ հընթացս մեզ ցույց տալով Արմինեի որդու համար գնած նվերները: «Մել ջան, ոտքներս խերով»,-աղջիկների այս խոսքերից հետո Մարգոն ներկայացրեց իր կասկածները՝ իմ վարորդությամբ ճանապարհը շարունակելու կապակցությամբ: Սակայն Լուսինեի եւ Հասմիկի քաջալերանքին չարժանանալով՝ «դե դու գիտեք, ես իմ կարծիքն ասացի»,- եզրափակեց նա եւ որոշեց այլեւս այդ թեման չբացել:

Աղջիկները սկսեցին աշխույժ քննարկել նորածնի նվերները, եւ այդ ընթացքում, նկատելով, որ իր վրա ուշադրություն դարձնող չկա, Քսեդոսս նեղացած տոնով գաղտնի դիմեց ինձ.«Ի՞նչ ա ուզում քավորկինդ ինձնից: Եթե մի բառ էլ ասի՝ ինձնից չնեղանաք»: «Վա՜յ, ցավդ տանեմ,- անհանգստացա ես,- ինչ ես խոսում, ինքը քո հանդեպ ոչ մի վատ բան չունի, ուղղակի շատ վախկոտ ա, լսեցիր՝ սեփական աղջկա մեքենան արդեն երկու տարի ա՝ չի նստում, հա, ես գիտեմ, որ նույնիսկ պատահական տաքսի չի նստում, միայն ծանոթի մեքենան, այնպես որ՝ նիչեգո լիշնեգո, մի մտածիր»: Քսեդոսս մի քիչ հանգստացավ, բայց ամեն դեպքում մի անգամ էլ խռռաց ու ասաց՝ «ես զգուշացրեցի…»:

Երբ հասանք Լենինգրադյան փողոց, Քսեդոսս կամաց խռռաց եւ գաղտագողի մրթմրթաց.«Լավ չեմ զգում, քրտնում եմ մի տեսակ, ոնց-որ տաքություն ունեմ…»: «Յա՜,- արդեն բարկացա ես,-մի հատ հավաքիր քեզ, քիչ մնաց, հեսա հասնում ենք»: Սեւականաչս փորձեց իրեն հավաքել, բայց փոխարենը մի ծանր խռխռոց լսվեց: Մարգոն, որ մինչ այդ, չնայած լուռ էր, սակայն ակնհայտորեն իրեն փշերի վրա էր զգում, էլ չդիմացավ.«Մելուշ, վերջը գլխներիս մի օյինա գալու, եկեք քանի ուշ չի՝ դուրս գանք, նստենք տաքսի»: «Մա՜րգ, դե լավ, շատ լավ էլ քշում ա, էլ մի՜…,-ծոր տվեց Հասիկը, -Համ էլ ինչքան շատ կողքից խոսենք՝ էնքան վատ»: «Հա, հա, նորմալ ա, գնում ենք, էլի»,- հաստատեց Լուսինեն, ու Մարգոն էլի լռեց, բայց հայացքով հասկացրեց՝ «դուք գիտեք, ձեզ հազար եմ ասել՝ մեծի խոսքը չլսողի ոտը քարին դեմ կառնի»:

Երբ թեքվեցինք դեպի Սեբաստիա, ինչպես ամեն անգամ այդ փողոցով անցնելիս, սիրտս մի քիչ ավելի արագ սկսեց աշխատել՝ կյանքիս առաջին 16 տարին այդ փողոցի վրա եմ ապրել, այդ տարածքում են ապրել կամ դեռ ապրում են իմ դասընկերները, այդ տարածքի հետ են կապված իմ մանկության եւ պատանեկության հուշերը…

«Բանկի կրուգից» թեքվեցինք աջ, ճիշտն ասած մինչեւ հիմա չգիտեմ այդ փողոցի անունն ինչ է, բայց դատելով նրանից, որ նախաբանում Հասմիկն ինձ խորհուրդ տվեց այս պատմությունս կոչել «Երեկոն Տիչինայի փողոցում», փողոցը հենց այդպես էլ կոչվում է:

Տիչինայի փողոցով Քսեդոսս անցավ անընդհատ խռխռոցով, իսկ երբ հասանք այն խաչմերուկին, որից հետո պիտի թեքվեինք ձախ՝ դեպի Բանգլադեշ, նա կանգնեց, եւ ծուխ արձակելով հայտարարեց.«Ֆսյո՛: Ես էլ չեմ գնում»:

«Մե՞լ, էս ինչ էր»,- Քսեդոսի քթերից արձակվող ծուխը տեսնելով՝ տեղից վեր թռավ Մարգոն: «Մե՞լ, բան պատահե՞ց»,- նկատելով, որ առաջ չենք գնում՝ հետեւի նստատեղից անհանգստացած ձայնեց Հասիկ-Լուսիկ երկյակը: Մի պահ ինձ թվաց՝ լեզուս կուլ եմ տվել… Ետեւից եկող մեքենաները սկսեցին ազդանշաններ տալ՝ արդեն կանաչ լույս էր վառվում…«Երեխեք, կանգնեց, չի գնում…»,- ապշահար եւ ինձ լիովին կորցրած արձանագրեցի ես: Ծուխը դեռ դուրս էր գալիս, եւ աղջիկները խելամտորեն դուրս եկան մեքենայից:

Ես սկսեցի փորձել հանգած մեքենան «խոդ տալ»: Ոչ մի ռեակցիա: Հետեւից լսվող ազդանշաններն ականջներիս մեջ բազմապատկվում էին, հնչում էին որպես ամենաանտանելի կակաֆոնիա, ինձ թվում էր, թե մի քանի զրահանավ «Ավրորա» միասին ազդարարում են Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը: Ապուշի պես շարունակում էի փորձել միացնել «ստարտերը»: «Քսե՜դ… էս ինչ օյին բերեցիր գլխիս, Քսե՜դ…»,- աչքերումս պահված ողջ արցունքները զայրույթի վերածելով մտքիս մեջ գոռացի մեքենայի վրա: «Քեզ չասեցի՝ վատ եմ, վա՛տ, մեռնում եմ…»,- տնքաց գունատված սեւականաչս:

Այդ ժամանակ կողքից մի ջիպի վարորդ պատուհանի ապակին իջեցրեց եւ ձեռքը տնկելով՝ գոռաց.«Ավարիյնիդ միացրու, ա՛յ քուրիկ…» ,- ու շարունակեց քշել: Չնայած նրա տոնից ենթադրելի էր, որ այդ «ա՛յ քո՜ւրիկ»-ը թարգմանվում է՝ «ա՛յ էշի գլուխ… տո ես քո ձեռը մեքենա տվողի ինչն եմ ասել», բայց միեւնույն է՝ դրանից բան չփոխվեց, որովհետեւ ես չգիտեի, թե ինչ ա նշանակում՝ «ավարիյնիդ միացրու» արտահայտությունը: Իմ ուստեն մոռացել էր ինձ դրա մասին ասել: Շունչը փչելովч Քսեդոսս նվաղած ցույց տվեց տեղը.«էն կարմիր կոճակս տեսնո՞ւմ ես, սեղմիր…»: Երբ վթարային կոճակը սեղմեցի՝ զրահանավերի շչակները լռեցին: Հեղափոխությունը ավարտված էր, բայց՝ մեքենայից դուրս եկող ծուխը՝ ոչ:

Չնայած աղջիկները դրսից համառորեն ինձ կանչում էին, բայց ես շարունակում էի նույնքան համառորեն մնալ մեքենայի մեջ եւ փորձել «խոդ տալ»: Հարցն այն չէ, որ «վիզ էի դրել»: Ինձ ավելի շատ անհանգստացնում էր այն, որ հանկարծ դուրս գամ՝ այս տարածքում ապրող դասընկերներիս կարող եմ տեսնել… «Միայն թե՝ ոչ դա, միայն թե՝ ոչ դա»,- ժամացույցի պես ուղեղիս մեջ կտկտում էր վերեւներին ուղղված այդ աղաչանք-պաղատանքը: Ես նույնիսկ աչքերս չէի ուզում բարձրացնել՝ տեսնելու համար, թե ինչ է կատարվում շրջապատում. վախենում էի, որ մեքենայից դուրս գամ թե չէ, տեսնելու եմ ամբողջ մեր դասարանը, զուգահեռ դասարաններն էլ՝ վրադիր, կանգնած են փողոցում եւ ծիծաղում են վրաս:

Հանկարծ կողքիս կանգնեց մի մեքենա, եւ վարորդը, փառք Աստծո՝ անծանոթ, դուրս գալով, ասաց.«Քուրիկ ջան, դուրս արի մեջից, հրենք՝ խաչմերուկի մեջտեղից հանենք գոնե…»: Գլուխս կախած եւ ակնոցներս աչքերիս քաշած՝ դուրս եկա: Մի քանի հոգով մեքենան աջ քաշեցին կանգնեցրին: «Իսկ դու ասում էիր՝ հո խաղալի՞ք չեմ, որ ինձ հրեն»,-քմծիծաղեցի Քսեդոսի վրա: «Զահլես մի տար,- տնքաց մեքենան,- եթե չես հասկանում փակ, սիգնալիզացիան միացրած մեքենայի ու բանալին վրան մեքենայի տարբերությունը, ես քեզ հետ խոսալու բան չունեմ»: «Ու շատ լավ ա, որ չունես,-բարկացա ես,- ամբողջ աշխարհով մեկ խայտառակ արեցիր: Գոնե ուրիշ օր վատանայիր, չէ՞ր լինի, չէ՞…»: «Անխիղճ, անջիգյար աղջիկ ես դու, ահա թե ինչ կասեմ քեզ: Ֆսյո՛: Գենային կանչիր»: «Լավ ես սովորել, էլի…մի բան լինում ա՝ Գենային կանչիր: Մի հատ էլ Գագոյին չզանգե՞մ»: «Հա, զանգի, զանգի, միլպետին էլ զանգի, ցնդա՛ծ…»,- արհամարհանքով երեսը շրջեց Քսեդոսը: «Արդեն չափերդ անցնում ես»,-բարկացա ես ու ոտքով հարվածեցի նրա առջեւի աջ անիվին: «Ա՜խ, ցավա՜ց»,- տնքաց Քսեդոսս ու նրա հետ միաժամանակ Հասմիկը թե՝ «հա լավ, Մել, հանգստացի, բան չկա…»:

Զանգեցի Գենային, մի քիչ մուննաթ եկա՝ «որ ասում էի՝ մեքենան խռխռում ա, չէիր հավատում», ու խնդրեցի որ գա: Մինչ Գենան՝ մեքենայից հասկացող մասնագետի հետ կգար, կանգնել էինք Տիչինայի մի անկյունում, ու որպեսզի մի քիչ թուլացնեմ լարվածությունը՝ Հասմիկին եւ Լուսինեին պատմում էի առավոտվա արկածս: Մարգոն արդեն ոչ միայն ինձ ու Քսեդոսիկին տեսնել չէր ուզում, այլեւ՝ մնացածին, ու մեզ թողած գնում էր…«Մա՞րգ, էդ ո՞ւր…»,-կանչեցինք հետեւից: «Ես ոտ-ոտ կգնամ, երեխեք, դուք հետո կհասնեք ինձ: Չեմ կարող կանգնել, մի տեսակ գլուխս ցավում ա…»,- առանց վրաներս նայելու ասեց Մարգոն եւ քայլերն արագացնելով շարունակեց ճանապարհը:

Մինչ մենք փորձում էինք գուշակել, թե որքան ժամանակից Գենան կհասնի, կամ մինչեւ ո՞ւր պետք է Մարգոն ոտ-ոտ գնա, մի մարդ մոտեցավ.«Աղջիկներ, էս ձե՞ր մաշնեն ա»: «Ահա»,-համերաշխ ձայն տվեցինք մենք: «Ի՞նչ ա եղել որ…»:  «Չգիտեմ, ինչ-որ խռխռում էր, ծուխ էր անում, կանգնեց ու չի գնում»: «Հա՜…կարելի ա չէ՞ մի հատ կապոտը բացեմ նայեմ…Չմտածեք՝ հետաքրքիր ա, պռոստը ես հասկանում եմ էս գործից, դրա համար, էլի…»: «Հա, իհարկե, նայեք…»: Բացեց կապոտը եւ ինչ-որ դիագնոզ տվեց, որը որեւէ ձեւով չտպավորվեց մեջս, քանի որ այդ ամբողջ նախադասությունը ինձ համար հնչում էր չինարենի պես, ապա ասաց՝ «բայց պիտի որ խոդի ընկնի, ինչի՞ չի ընկնում…»: «Ճիշտն ասած՝ չգիտեմ, անընդհատ փորձեցի, չի ստացվում»: «Յա՜, մի հատ էլ կփորձես, քուրիկ ջան…»: «Ճիշտն ասած՝ միտք չունի, որովհետեւ հիմա գալու են մեքենայի հետեւից՝ տանեն»: Այնուամենայնիվ, նա համոզեց, եւ ես նստեցի ղեկին: Կրկին փորձեցի՝ խոդի չի ընկնում:

Անծանոթը գլուխը մտցրեց պատուհանից ներս, նայեց Քսեդոսիկին, նայեց ինձ, նորից նայեց ինձ՝ խղճահարությամբ, մի անգամ էլ նայեց՝ գլուխը տմբտմբացնելով ու հարցրեց՝ «քուրիկ ջան, շուտվանի՞ց ես քշում»: «Չէ, մի շաբաթ չկա…»: «Հա՜… բա քեզ չե՞ն սովորացրել, որ մինչեւ ռիչագդ չդնես պարկինգի վրա՝ մաշնեն խոդի չի ընկնի…»: «Հըը՞՞՞»,-ցնդածի հայացքով նայում եմ մեկ էդ մարդուն, մեկ՝ փոխանցման տուփի լծակին ու հասկանալով իրավիճակի ողջ զավեշտը, խոստովանում եմ՝ «հա, սովորեցրել են, չէի տեսել ուղղակի, որ D-ի (drive) ռեժիմի վրա ա մնացել…»: Լծակը դնում եմ P՝ «կայանում» ռեժիմի վրա, պտտեցնում եմ բանալին, եւ… Քսեդոսիկս հանում է իր անուշ ձայնը… ուռռա, մեքենան «խոդի ընկավ»: «Վսյո ժը՝ ավելի լավ ա չքշես, թող մի հատ սարքեն (չեմ հիշում ինչը), թե չէ մաշնեդ էլի կկանգնի ու ծուխ դուրս կգա»: «Ըհը…»,-ամաչելով ժպտում եմ ես ու նորից դուրս գալիս մեքենայից:

Քսան րոպե հետո, երբ Արմինեն արդեն մի քանի անգամ տաքացրել-սառացրել էր ճաշը, մենք Գենայի մեքենայով սլանում էինք Արմինեի հրաշք բալիկին տեսնելու…

Վերջաբան

Քսեդոսը այդ պատահարից հետո բուժվեց, եւ հիմա լավ է, այլեւս չի բողոքում տաքությունից:

Մարգարիտը այդ օրվանից հետո այլեւս չնստեց իմ մեքենան, եւ երբ իմացավ, որ պատրաստվում եմ գրել այս պատմությունը, ասաց՝ «Յա՜, ախչի, իմ մասին բան չգրես…»:

Լուսինեին այդ օրվանից հետո չեմ տեսել, բայց գիտեմ, որ նա շարունակում է Ֆեյսբուքին նայել մատների արանքով, հետեւաբար՝ պարզ չի՝ կկարդա՞ արդյոք այս պատմությունը, թե ոչ…

Հասմիկը այդ դեպքից հետո էլի առիթ ունեցել է շփվելու Քսեդոսի հետ, եւ նրանք իրար չեն բարկացրել:

Արմինեի բալիկը ուրախ եւ առողջ մեծանում է՝ երջանկացնելով իր ծնողներին:

Գենան շարունակում է իմ հեռախոսազանգերից վախենալ՝ «հաստատ էլի մի բան պատահել է…»:

Դե իսկ ես… հենց այսպես էլ ապրում եմ՝ խոսելով անշունչ առարկաների հետ…

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031