Դեկտեմբերի 1-5-ը Տիկնիկային թատրոնում արդեն 8-րդ անգամ էկրանին հայտնվում են միայն գեղեցիկ սեռի նկարած ֆիլմերը: Նախորդ տարիների նման «Կին» կինոփառատոնում ներկայացվում են տարբեր ազգերի ներկայացուցիչների ստեղծագործությունները: Այսօր` դեկտեմբերի 3-ին, ցուցադրվեց շուրջ 16 ֆիլմ: Դրանցից յոթը վավերագրական է, ութը` կարճամետրաժ, մեկն էլ` անիմացիոն: «Կին» միջազգային կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը համոզված է, որ իրենք ունեն իրենց հանդիսատեսը, ով միշտ ներկա է ցուցադրումներին: Ասաց, որ մասնագիտությունները պետք չէ հատկացնել միայն մեկ սեռին: «Կան բազմաթիվ մասնագիտություններ, որոնք համարվում են ոչ կանացի: Ռեժիսորի մասնագիտությունը մտնում է այդ մասնագիտությունների մեջ: Ամբողջ աշխարհում կին ռեժիսորները փոքր տոկոս են կազմում, որի համար ել կազմակերպվում են նման փառատոնները: Կանայք են նկարում եւ ներկայացնում իրենց խնդիրները, այդ իսկ պատճառով էլ կինոփառատոնը անվանվել է «Կին»»,- հայտնեց նա: Ինչպես նաեւ նշեց, որ այս տարի մտցվել են սեմինարներ հատուկ կին-ռեժիսորների համար: Դրանք վարում են «Կանայք ֆիլմեր են նկարում» ամերիկյան կազմակերպության տնօրեն Դերբա Ցիմերանը և ռեժիսոր Թրեյսի Հոլդերը: «Այսօր մեր առաջին դասընթացն էր, որը շատ հետաքրքիր անցավ: Այժմ արդեն ամերիկյան շուկան բաց է բոլոր ռեժիսորների համար: Մեր աղջիկներն էլ կարող են դիմելով իրենց` նկարահանել ֆիլմեր»:
Ռուբինա Սաֆարյան