Քիչ առաջ տեղեկացրել էինք ժամկետային զինծառայող, հունիս ամսին զորակոչված գյումրեցի Նարեկ Դավթյանի ինքնասպան լինելու մասին: «Չենք լռելու»-ի հաղորդագրության տարածումից հետո փաստը հաստատեց նաեւ Պաշտպանության նախարարությունը: «Դեկտեմբերի 3-ի, ժամը 00:55-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակակետի հերթափոխի ժամանակ հայտնաբերվել է պահակակետի ժամապահ, ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ռոբերտի Դավթյանի դիակը` ծնոտի տակից մահացու հրազենային վիրավորումով»,- այս մասին Aravot.am-ին տեղեկացնում են ՊՆ քննչական ծառայությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության յոթերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Կատարվել են դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, վերցվել են անհրաժեշտ նմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Կարդացեք նաև