Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն էլ կպայքարի ԲՀԿ-ի դեմ. գործարար Արման Սահակյանը պատրաստվում է ԱԺ պատգամավոր ընտրվել Գյումրիից

Դեկտեմբեր 03,2011 17:13

Այս մասին  այսօր Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատեց 33-ամյա գործարար Արման Սահակյանը: Հիշեցնենք, որ նա պարենային ապրանքների և խմիչքների ներմուծմամբ զբաղվող «Սովռանո» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Պրեսս ստենդի» և մի շարք ԶԼՄ-ների`«Կապիտալ» բիզնես օրաթերթի,  tert.am լրատվական կայքի հիմնադիրն է: Նա, ըստ էության, նոր մարդ է  Գյումրիում, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ձեռք է բերել անցած տարվա օգոստոսին, այժմ հսկայական ներդրումներ է կատարում՝ խաղադաշտն է կառուցում, թերեւս Գյումրիից ձայներ տանելու ակնկալիքով:

Հետաքրքիրն այն է, որ Արման Սահակյանը մեծամասնական կարգով առաջադրվելու է թիվ 34 ընտրատարածքում. ստացվում է, որ  պայքարելու է ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի դեմ: Արման Սահակյանը թեև անկուսակցական է, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, նրան սատարելու է  Հանրապետական կուսակցությունը, խոսակացություններ են պտտվում, որ Գյումրու հանրապետական քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ պատրաստվում է  նրան թև ու թիկունք  լինել: Քաղաքապետը հատկապես ոգևորված է  այն մտքից, որ գործարարը պատրաստվում է դեմ դուրս գալ Մարտուն Գրիգորյանին: Ինչպես հայտնի է` ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը անցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն էր առաջադրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում, որն էլ անչափ ծանր էր տարել Գյումրու քաղաքապետը` մինչև օրս չներելով նրան: Նշենք, որ  Արման Սահակյանը 2010 թվականին արժանացավ «Գյումրու տարվա մարդ» կոչմանը: «Այո, պատրաստվում եմ իմ թեկնածությունն առաջադրելու, բայց այսօրվա ասուլիսը Շիրակ ֆուտբոլային թիմին է նվիրված,  եկեք ֆուտբոլի մասին խոսենք, կլինի առիթ, էդ թեմայով ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ»,- ասաց ֆուտբոլային ակումբի տերը: Aravot.am-ի այն հարցին էլ` թե ով կլինի  Արման Սահակյանի ընտրազանգվածը Գյումրիում, նա մեկ անգամ եւս խոստացավ այդ թեմայով  առանձին ասուլիս հրավիրել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031