Դեկտեմբերի 1-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Ճանապարհային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանի որոշմամբ ձերբակալվել է Երևանի Վրացական փողոցի բնակիչ 39-ամյա Արտակ Խաչատրյանը:
Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով :
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.00-ի սահմաններում Երևանի Հերացի փողոցից Խանջյան փողոց տանող ստորգետնյա ճանապարհին իրար էին բախվել 58-ամյա Ռազմիկ Սուքիասյանի կողմից վարած «ԶԱԶՍԵՆՍ» մակնիշի Տ 6954 համարանիշի և «Մերսեդես Բենս» մակնիշի 81 ՍT 111 համարանիշի ավտոմեքենաները:
Կարդացեք նաև
Բախման հետևանքով «ԶԱԶՍԵՆՍ»-ի վարորդը և ուղևորներ` «Լոյալ Ինտենս» ՍՊԸ-ի տնօրեն, Վանաձորի բնակիչ, 28-ամյա Կարեն Մազմանյանը, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության ավագ օպերլիազոր, Վանաձորի բնակիչ, 25-ամյա Արթուր Առուստամյանը և «Վ և Լ» ՍՊԸ-ի տնօրեն, Վանաձորի բնակիչ, 29-ամյա Վահե Նաջարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
«Մերսեդես Բենս»-ի վարորդը վթարի վայրից դիմել էր փախուստի` մեքենան թողնելով դեպքի վայրում:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանը:
Նրա հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր,որ վթարի հետևանքով հիվանդանոցում մահացել էր տաքսու վարորդը` 58-ամյա Ռազմիկ Սուքիասյանը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, ԱԺ նախկին պատգամավոր, «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի հորեղբոր որդին էր:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի