ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Զինված ուժերի ղեկավար կազմը դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, այցելել են Արցախյան ազատամարտի մասնակից հաշմանդամ ազատամարտիկների, ծանոթացել նրանց խնդիրներին, զրուցել նրանց հետ և հանձնել նվերներ:
Սեյրան Օհանյանն այցելել է առաջին խմբի զինհաշմանդամ Ապետ Աղաբաբյանի բնակարան: Ապետ Աղաբաբյանը ծանր վիրավորվել է 1993 թվականի փետրվարին` ԼՂՀ Մարտակերտի շրջանում, որից հետո անդամահատել են նրա ոտքը:
Մտերմիկ զրույցի ընթացքում Պաշտպանության նախարարը ծանոթացել է ազատամարտիկի անցած մարտական ուղուն, ինչպես նաև նրա սոցիալ-կենցաղային խնդիրներին: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Ապետ Աղաբաբյանին Արցախյան ազատամարտում ունեցած ավանդի համար և քաջալերել ազատամարտիկին ու նշել. «Մարդ պետք է հոգեպես առողջ լինի, ամենակարևորն այն է, որ նա հոգեպես հաշմանդամ չլինի: Հենց այդ ոգին է, որ պատերազմի հետևանքով ֆիզիկական խնդիրներ ունեցող մեր մարտական ընկերներին տոկուն է պահում»: Այս մասին Aravot.am -ին տեղեկացնում են Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: