Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՑՈՐԴԸ

Դեկտեմբեր 03,2011 13:46

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասներորդ

ԱՆՑՈՐԴԸ

Եվ ես միջամտելով ասացի՝ «իզուր եք իրար խառնվել. Սեյրանը շատ էլ գոհ ա, որ իրա նկարը ձեր տանն ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ գոհ ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «զգացել եմ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հնարավոր ա՝ սխալ զգացած լինես», եւ ես ժպտալով ասացի՝ «ինքը մի քիչ դժգոհ էր, որ նկարը միջանցքում եք կախել», եւ Հրանտը զարմացած հարցրեց՝ «ինքն ի՞նչ գիտի, որ միջանցքում ենք կախել», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «ես եմ ասել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «փաստորեն, բերանբացություն ես արել», եւ ես արդարանալով ասացի՝ «ամեն անգամ էս նկարի մասին հարցուփորձ ա անում», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «իրան պիտի բացատրեիր, որ մեր միջանցքը շատ մեծ ու շատ լուսավոր միջանցք ա», եւ ես ժպտալով ասացի՝ «բացատրել եմ», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Վերժինեին ասաց՝ «ինչքան էլ բացատրի, մեկ ա՝ նեղանալու ա» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «նեղանալու ու աջուձախ վարկաբեկելու ա», եւ Վերժինեն հարցրեց՝ «ո՞ւմ ա վարկաբեկելու», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հատկապես՝ ինձ» եւ մի քիչ էլ մտածեց ու Վերժինեին ասաց՝ «քեզ հազար ասեցի՝ էդ նկարը ճաշասենյակում՝ ընդհանուր նկարների կողքին կախենք», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ճաշասենյակում կախեինք,   միջանցքը դատարկ էր մնալու» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ  ասաց՝ «իրան պիտի բացատրեիր, որ իրա նկարն էնքան ենք հավանում, որ մյուսներից առանձին ենք կախել», եւ Սիրավն անակնկալի գալով Վերժինեին հարցրեց՝ «այսինքն, իմ նկարը չեք հավանում, դրա համար ե՞ք ճաշասենյակում կախել» եւ մի քիչ էլ մտածեց ու Հրանտին հարցրեց՝ «իմ նկարը որպես անհաջող նկար ե՞ք ճաշասենյակում կախել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ես ոչ մի մեղք չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «էքսպոզիցիայի հարցերով Վերժուկն ա զբաղվում» եւ մի քիչ էլ մտածեց ու Վերժինեին ասաց՝ «Սիրավը որ նեղանում ա, պատկերացրու՝ Սեյրանը ոնց կնեղանա», եւ ես միջամտելով ասացի՝ «Սեյրանին որ ձեր միջանցքի մեծությունն ու լուսավորությունը նկարագրեցի, մի քիչ հանգստացավ», եւ Սիրավը Վարուժի պեյզաժին նայելով՝ Վերժինեին ասաց՝ «փաստորեն, Վարուժի նկարն էլ չես հավանել», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ժպտալով Սիրավին հարցրեց՝ «որ անկեղծ ասեմ՝ չես նեղանա՞», եւ Սիրավն ասաց՝ «ասա», եւ Վերժինեն Վարուժի  նկարին հիացմունքով նայելով ասաց՝ «Վարուժինն ամենից շատն եմ հավանում», եւ Սիրավը զարմացած հարցրեց՝ «բա ինչի՞ Վարուժինը չես միջանցքում կախել», եւ Հրանտը ծիծաղելով ասաց՝ «որովհետեւ իրականում մեր ճաշասենյակն ավելի լուսավոր ա, քան՝ միջանցքը», եւ Սիրավը զարմացած հարցրեց՝ «բա ինչի՞ եք Սեյրանինը միջանցքում  կախել», եւ Վերժինեն ժպտալով պատասխանեց  ու ասաց՝ «Սեյրանինը միջանցքում ենք կախել, որ միջանցքն էլ լուսավորվի», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «հետո էլ ասում ես՝ Վերժինեն Սեյրանին չի սիրում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Սեյրանին չի սիրում, բայց Սեյրանի արվեստն ուղղակի պաշտում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մանավանդ՝ աբստրակցիաները», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու Վերժինեին ասաց՝ «որ Սեյրանին էդքան սիրում եք, իրա հետ էլ Ահնիձոր կգնաք», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «Սեյրանին որպես աբստրակցիոնիստ ենք սիրում, ոչ թե՝ որպես ճամփի ընկեր», եւ Վերժինեն ծիծաղելով ասաց՝ «Սեյրանն ի՞նչ սիրելու բան ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «աբստրակտ ա նկարում, բայց անցյալ դարի բաներ ա խոսում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «տնաշենը ոնց որ Պատկանյանն ըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մենակ ակնոցն ա պակաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Հրանտը ճիշտ ա ասում», եւ Սիրավը հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Վերժինեն ասաց՝ «Սեյրանին որպես նկարիչ ենք հավանում, ոչ թե՝ որպես ճամփի ընկեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «համ էլ՝ Սեյրանն ավտո չունի», եւ Սիրավը մի քիչ մտածեց ու նեղացած ասաց՝ «փաստորեն, ինձ որպես շոֆեր եք հավանում», եւ Հրանտը մի քիչ մտածեց եւ ժպտալով  Սիրավին ասաց՝ «քեզ համ որպես շոֆեր ենք հավանում, համ էլ՝ որպես գեղանկարիչ» եւ Սիրավի բնանկարը ցույց տալով՝ Վերժինեին հարցրեց՝ «ըսենց ուժեղ պեյզաժ տեսել ե՞ս, Վերժուկ», եւ Վերժինեն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ամեն օր էլ տեսնում եմ», եւ Հրանտը զարմացած հարցրեց՝ «որտե՞ղ ես տեսնում», եւ Վերժինեն պատից կախված Սիրավի նկարը ցույց տալով ասաց՝ «մեր ճաշասենյակում», եւ Հրանտը ժպտալով Սիրավին ասաց՝ «մենք քեզ համ որպես շոֆեր ենք սիրում, համ էլ՝ որպես պեյզաժիստ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ որպես ընկեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ավելի ճիշտ՝ որպես ախպեր» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «համ էլ՝ որպես պայծառ գոյություն», եւ մինչ Հրանտը կմտածեր՝ ինչ ավելացներ, Վերժինեն ժպտալով Հրանտին ասաց՝ «ամենակարեւորը մոռացար», եւ Հրանտը հարցրեց՝ «ամենակարեւորը ո՞րն ա», եւ Վերժինեն ժպտալով ասաց՝ «մենք Սիրավին նաեւ որպես  իտալական արիաների անզուգական կատարող ենք սիրում», եւ Հրանտը ժպտալով ավելացրեց՝ «որպես իտալական արիաների անզուգական մեկնաբան», եւ Սիրավն ինչ-որ բան էր ուզում ասել, բայց չասաց եւ խորը շունչ քաշելով՝ անսպասելի ու հանկարծակի սկսեց, եւ չնայած մենք Սիրավի կատարմամբ էդ իրիկուն երկրորդ անգամ էդ երգը լսեցինք, էդ երկրորդն էապես էր առաջինից տարբեր, եւ քանի որ էդ երգը նախկինում ոչ թե Կարուզոյի կատարմամբ էի լսել, այլ՝ Պավարոտիի, ընդամենը կարող եմ պնդել, որ Սիրավի էդ իրիկվա  երկրորդ կատարումն ամենեւին չէր զիջում Պավարոտիին, եւ Հրանտն ու Վերժինեն էլ, չնայած Կարուզոյին ու մանավանդ Սիրավին բազմիցս էին լսել, խորապես էին ցնցված իրենց հյուրընկալ օջախում Սիրավի էդ երկրորդ կատարումից, եւ, հիշում եմ, երեքս էլ էդ կատարումից չափազանց էինք հուզված, եւ ինքը՝ Սիրավն էլ մեզնից պակաս հուզված չէր, եւ երբ Սիրավն իր ամենավերջին նոտան մեղրի պես ծորացնելով ավարտեց, ավարտին հաջորդած  լռությունը բավական երկար տեւեց, ու էդ տեւական լռությունն առաջինը Վերժինեն խզեց՝ հուզված խոստովանելով, որ Սիրավի դույն կատարումը նույնիսկ քառսունքի օրվա կատարմանն էր գերազանցում, եւ չնայած Վերժինեի էդ խոստովանությունից հետո Սիրավն սկսեց ու բավական երկար շարունակեց կատակներ անել, էդ կատակներից որեւէ բան չեմ հիշում, որովհետեւ, մինչ Սիրավը կատակում էր, երեքս էլ խորապես Սիրավի կատարման տպավորության մեջ էինք, եւ հատկապես  ձեր խոնարհ ծառան էր էդ տպավորության մեջ, ու էդ իրիկվանից որեւէ այլ խոսակցություն չեմ հիշում, որովհետեւ տեւականորեն Սիրավի կատարման տպավորության տակ գտնվելով՝ էդ իրիկվա հետագա խոսակցություններն ու կատակները չէի ընկալում, էնքան որ Սիրավի կատարման տպավորությունն իշխող էր՝ էդ իրիկուն ու դրանից հետո էլ, եւ դրանից հետո՝ երբ Սիրավի էդ իրիկվա երգածը Կարուզոյի կամ Պավարոտիի կատարմամբ լսում եմ, աչքիս ու ականջիս Սիրավն ու իր անկրկնելի կատարումն են գալիս, ու ես ակամա Կարուզոյի ու Պավարոտիի կատարումները համեմատում եմ Սիրավինի հետ, այլ ոչ թե՝ հակառակը, եւ միշտ Սիրավն է շահած դուրս գալիս, այլ ոչ թե՝ հակառակը, որովհետեւ Սիրավի կատարման մեջ կյանքի ու մահվան  գաղափարներն առավել էին առկա, եւ հատկապես հիմա են առկա՝ երբ Սիրավը բացակայում է կյանքից, եւ նմանապես Պավարոտին, Հրանտն ու Սեյրանն են բացակայում, եւ միայն Վերժինեն ու ես ենք համառորեն ներկա, եւ, հուսով եմ, էս անգամ Վերժինեն չի հերքի էս պատմածս, որն իսկականի հետ ճիշտ է:

Առաջինը Սեյրանը հեռացավ կյանքից ու  մեզանից, ընդ որում՝ հույժ անսպասելի ու հանկարծակի, եւ իր հեռացումը հատկապես ի՛նձ համար էր անսպասելի, եւ էդ անսպասելին կատարվեց ու տեղի ունեցավ հիշածս ու նկարագրածս երեկոյից շուրջ երկու տարի անց, իսկ մինչ այդ Սեյրանն առաջվա պես ամեն ինձ տեսնելիս՝ իր նկարից էր հարցուփորձ անում, եւ ես իրեն հանգստացնելով ասում էի, որ իր նկարն ապահով ձեռքերում է, եւ, իհարկե, չէի մոռանում նշել, որ Հրանտն ու Վերժինեն իր աբստրակցիան շատ են հավանում, եւ Սեյրանը հատկապես Վերժինեի՛ հավանելու հանգամանքին էր կասկածանքով վերաբերվում, որովհետեւ տիկին Վերժինեն անհամեմատ չմահավան էր, քան՝ Հրանտը, եւ տիկին Վերժինեն հատկապես հյուրերի հարցում ու հատկապես սովետական տարիներին էր չմահավան, որովհետեւ մանավանդ սովետական տարիներին ով ասես  մտնում էր իրենց տուն՝ տեսնելու Հրանտ Մաթեւոսյանին, ընդ որում՝ դրանք հիմնականում անկոչ ու չսպասված հյուրեր էին, եւ չնայած տիկին Վերժինեն էությամբ հյուրասեր է, քչերին էր սրտաբաց ընդունում, որովհետեւ  իրավամբ կարծում էր, որ էդ անկոչներն իր տուն ներխուժելով ու իր կողակցին զբաղեցնելով՝ վերջինիս կտրում էին գրից ու գրականությունից, ու ես էն երջանիկ քչերից էի՝ ում տիկին Վերժինեն հնարավորինս սրտաբաց էր ընդունում ու հյուրընկալում, եւ դա էլ ի՛ր պատճառներն ուներ, ու պատճառներից մեկն էն էր, որ ես երբեք երես չէի առնում իմ հանդեպ իր սրտաբացությունից ու թփով տոլմաներից, եւ պատճառներից մյուսն էլ էն էր, որ ես երբեք իրենց տանը չափից ավելի չէի լռվում ու ճիշտ ժամանակին էի փասափուսես քաշում, եւ պատճառներից մյուսն էլ երեւի էն էր, որ ես իրենց սրտով էի գնում ու իրենց համար հաճելի բաներից էի հետները խոսում, բայց, այնուամենայնիվ, պատճառներից գլխավորն էն էր, որ իսկական ու գլխավոր տանտեր Հրանտ Մաթեւոսյանն էր իր տանն իմ հայտնվելուն նորմալ վերաբերվում, եւ չնայած իրենց տանը չափից ավելի չէի լռվում եւ ճիշտ ժամանակին էի փասափուսես քաշում, իննսուներկու թվականի էդ իրիկուն Հրանտի ու Վերժինեի հյուրընկալ օջախում Սիրավի հետ բավական երկար լռվեցինք, եւ չնայած Սիրավի էդ երկրորդ կատարումից հետո էլ շարունակեցինք խոսել ու կատակել, էդ  կատակներից ու խոսակցությունից որեւէ բան չեմ հիշում, որովհետեւ  Սիրավի էդ երկրորդ երգեցողությունից հետո էդպես էլ էդ երկրորդ երգեցողության տպավորության տակից դուրս չեկա, ու առ էսօր էդ տպավորության տակ եմ, իսկ ինչ վերաբերում է Խաթլամաջյան Սեյրանին, իննսուներկուսի Սիրավի էդ կատարումներից  հետո Սեյրանին ավելի հաճախ էի տեսնում, որովհետեւ իննսուներկուսից սկսած՝ աշխատում էի Թումանյանի թանգարանում, եւ Սեյրանի արվեստանոցն էլ Թումանյանի թանգարանին շատ մոտ էր՝ Սարյանի վրա:

Ես էդ տարիներին Թումանյանի թանգարանի ոչ բարով տնօրենն էի, ու էդ տարիները մեր համընդհանուր ցուրտ ու մութ տարիներն էին, եւ մայրաքաղաքային տրանսպորտը գրեթե չէր աշխատում, եւ ես ոտով  ու անշտապ աշխատանքի գնալու միանգամայն հիմնավոր ու հարգելի պատճառ ունեի, եւ քանի որ իմ տեւական կյանքում բազմաթիվ կոլեկտիվներում եմ աշխատել ու մինչ էդ էլ բազմաթիվ դպրոցներում եմ սովորել՝ ներառյալ նկարչականն ու երաժշտականը, դրանցից հետո էլ՝ տեխնիկումն ու մանկավարժականը, եւ եթե հաշվի առնենք նաեւ մարդամոտ բնավորությունս ու էությունս, դժվար չի պատկերացնել, որ մեր քաղաքում լիքը ծանոթներ ու մտերիմներ պիտի ունենայի, ու էդպես էլ կա, ու նաեւ դժվար չի պատկերացնել, որ ես իմ էդ բազմաթիվ ծանոթներին ու մտերիմներին հանդիպելիս՝ սովորաբար արագ բարեւում ու անցնում եմ, որովհետեւ եթե ամեն ծանոթի հետ թեկուզ մի քանի րոպե կանգնեմ ու խոսեմ, օրս կանցնի:

Բայց էդ տարիներին Կրիվոյից ու Գնունուց մինչեւ թանգարան իմ ոտով ընթացքին հանդիման ով պատահում էր, հետը երկար կանգնում ու երկարբարակ զրուցում էի, որ հնարավորինս ուշ հասնեի թանգարան, որովհետեւ Թումանյանի թանգարանն էս քաղաքի էն հատուկենտ վայրերից էր, որտեղ ես որեւէ անելիք չունեի՝ ի տարբերություն էդ թանգարանի մյուս աշխատողների:

Թումանյանի թանգարանը պատմություն ուներ, եւ, ի տարբերություն էդ թանգարանի մյուս աշխատողների, ես էդ թանգարանի պատմությունից բացարձակապես անտեղյակ էի. ես, օրինակ, նոր-նոր էի տեղեկանում, որ էդ թանգարանը հիմնադրվել է հազար ինը հարյուր հիսուներեք թվականին՝ Անտոն Քոչինյանի նախաձեռնությամբ ու Անաստաս Միկոյանի գործուն աջակցությամբ: Այսինքն, էդ թանգարանը ճիշտ եւ ճիշտ իմ տարիքին էր, ու ես էդ թանգարանից էնքան էի տեղյակ՝ ինչքան ինքս ինձանից, որովհետեւ եթե գոնե մի քիչ ինքս ինձ ճանաչեի, չպիտի համաձայնվեի տնօրեն աշխատել մի  բնագավառում, որից էնքան էի տեղյակ՝ ինչքան, ասենք, աստղագիտությունից:

Ես, նախքան էդ թանգարանում տնօրեն աշխատելս, չգիտեի, որ էդ թանգարանը ոչ թե Թումանյանի տուն-թանգարանն է, այլ պարզապես Թումանյանի թանգարանը՝ էն պարզ ու հասկանալի պատճառով, որ Թումանյանն էդ շենքում երբեւէ չի ապրել: Ես նախքան էդ թանգարանում  տնօրեն աշխատելս նույնիսկ չգիտեի, որ դրսից էդ թանգարան առաջնորդող աստիճանները հիսունչորս հատ են, այսինքն ճիշտ էնքան՝ ինչքան մեծ լոռեցին է էս երկրային կյանքում ապրել, եւ թանգարանի մասին էս ու այլ տեղեկություններն իմ աշխատողները մանավանդ առաջին ամիսներին հետեւողականորեն ու շարունակաբար հրամցնում էին  ինձ, որովհետեւ, կարելի է ասել, սիրում էին ինձ, ընդ որում՝ ինձ սիրում էին ոչ միայն էն պատճառով, որ դույն թանգարանի վերաբերյալ իրենց սպեցիֆիկ իմացությունը ցուցադրելու առիթ ու պատճառ էի հանդիսանում, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ ես հիմնականում օրվա երկրորդ կեսին էի ոտք դնում էդ թանգարան, եւ օրվա առաջին կեսին իրենք ազատ ֆռֆռում էին էդ թանգարանի հինգ հազար քառակուսի մետր փակ ու բաց տարածքներում, չնայած, չեմ կարող ասել, թե օրվա  երկրորդ կեսին՝ թանգարան  մտնելուցս հետո նրանց ազատությունը պակասում էր, եւ ամենաէականն էն էր, որ աշխատողներս իմ կանոնավոր բացակայություններից չէին օգտվում եւ աշխատանքից չէին ուշանում ու բացակայում, որովհետեւ թանգարանն իրենց տունն էին համարում, ընդ որում՝ ո՛չ երկրորդ տունը:

Ես էդ թանգարանն ընդունեցի, ավելի ճիշտ՝ էդ թանգարանն ինձ ընդունեց անցյալ դարի իննսուներկուսին, երբ Սովետն արդեն  քանդվել էր, բայց սովետական մտածողությունը դեռեւս կար՝ մեջներս հիմնավոր նստած էր, եւ թանգարանն ընդունելիս մտածում էի, որ գրողի ու մանավանդ բանաստեղծի համար դրանից հարմար պաշտոն չի կարող լինել. աշխատավարձը՝ դեռեւս նորմալ, ազատ ժամանակը՝ լիքը. հարմարվում ես թանգարանի տնօրենի անտիկվար սեղանաթոռին, որի վրա ժամանակին Թումանյանն է հարմարավետ տեղավորվել, հանգավորում ես մտքիդ եկածն ու հոնորարներդ ուզածիդ չափ ու ուզածիդ պես վայելում ես:

Սովետն արդեն որոշակիորեն քանդվել էր, եւ սովետական մտածողությունը հատկապես իմ մեջ որոշակիորեն կար, բայց շուտով  ոչ միայն մեր հոնորարները ցամաքեցին, այլեւ՝ աշխատավարձերը, եւ պատահում էր՝ աշխատողներս ու ես չորս ու հինգ ամիս աշխատավարձ չէինք ստանում, ու էդ օրերին թանգարանում հայտնվելու երեսատեղ չունեի, բայց, այդուհանդերձ, օրվա  երկրորդ կեսին կանոնավոր հայտնվում էի, որպեսզի աշխատավարձի առումով թեթեւակի հույսեր փոխանցեմ աշխատողներիս:

Ես ամենից ավելի նախարարություն մտնել չէի սիրում, բայց համարյա ամեն  օր մտնում էի, կաբինետից կաբինետ էի անցնում, ժամերով գյալաջի էի անում պարապուրդի մեջ լճացած մշակութային չինովնիկների հետ, մեկ առ մեկ հետները սուրճ էի խմում ու վերջում, բոլոր դեպքերում, պարտադիր մտնում էի հաշվապահություն ու հերթական հերթապահ տեղեկությունն էի կորզում աշխատավարձի մասին, ավելի ճիշտ՝ աշխատավարձի ուշանալու պատճառների մասին, որպեսզի աշխատողներիս ասելու բան ունենամ, թեկուզեւ՝ վատ բան:

Այդուհանդերձ, աշխատողներս թախանձագին էին խնդրում, որ ազատման դիմում չգրեմ, որովհետեւ հավատում էին, որ աշխատավարձի հարցն ինձնից կախված չի, եւ, բացի այդ, ես իրենց ազատության գլխավոր, հիմնական ու հիմնավոր երաշխավորն էի, եւ, դրանից էլ բացի, ես որոշակի, իրական ու լավուվատ մեկն էի՝ դեռեւս  անորոշ, անհայտ ու միանգամայն վիրտուալ հաջորդ տնօրենի համեմատությամբ, եւ, էդ ամենից էլ բացի, իմ աշխատողները հիմնականում տարեց կանայք էին եւ իրենց իսկ կյանքի փորձից գիտեին, որ փորձված թանն անփորձ մածնից անհամեմատ լավ է, եւ, որ ամենակարեւորն էր, իմ աշխատողներն արդեն միանգամայն հաշտվել էին աշխատավարձ  չստանալուն եւ առանձնապես չէին տրտնջում, որովհետեւ ինֆլյացիայի եռուն ժամանակներն էին, եւ թանգարանի աշխատավարձն  արդեն էական նշանակություն չուներ իմ ու իրենց կյանքում, եւ ես ու աշխատողներս երկրորդ աշխատանք էինք փնտրում:

Բայց աշխատանք չկար: Աշխատանք ոչ միայն քաղաքում ու երկրում չկար, այլեւ՝ հենց Թումանյանի թանգարանում, որովհետեւ թանգարանի հին էքսպոզիցիան դեռեւս Սովետի օրոք հանված ու մի կողմ էր շպրտված, իսկ նորը նոր պիտի ստեղծեինք, եթե, իհարկե, նախարարությունից հատուկ էդ նպատակով  փող փոխանցեին, բայց դա ընդամենը բարի ցանկություն էր, իսկ իրականում ոչ միայն էքսպոզիցիայի փողը չկար, այլեւ՝ վերջին  չորս ու հինգ ամիսների աշխատավարձը, եւ եթե փոխանցում էլ էին, ընդամենը մի ամսվանն էին փոխանցում, ու էլի շարունակում էին պարտք մնալ մեզ, չնայած, ինչպես արդեն ասացի, ինֆլյացիան ահավոր էր, եւ եթե հրաշքով նույնիսկ չորս ու հինգ ամիսների աշխատավարձերը փոխանցեին, մի օրում կծախսվեր կգնար:

Ես օրվա կեսին նախարարությունից դուրս էի գալիս, անշտապ շարժվում էի դեպի Թումանյանի թանգարան եւ ճանապարհին  մեկ առ մեկ նկատում էի բոլոր ծանոթներիս եւ նույնիսկ ամենատհաճներին չէի շրջանցում. հետներն ուզածիս չափ չանա էի ծեծում, ուզածիս չափ ոտքս կախ էի գցում, որպեսզի  ժամանակից շուտ թանգարան չհասնեի, որովհետեւ թանգարանում բուն անելիքս չէի պարզել, եւ,  դեռեւս բուն անելիքս չպարզած, դիտավորյալ դանդաղեցնում էի դեպի թանգարան ընթացքս՝ ճանապարհին մեկ առ մեկ նկատելով ինձ հանդիպող ու ինձ ճանաչող բոլորին: Բացի Խաթլամաջյան Սեյրանից:

Գեղանկարիչ ու աբստրակցիոնիստ Սեյրան Խաթլամաջյանին հանդիպելուց հատկապես էի խուսափում, որովհետեւ, որպես կանոն, իրեն տեսնում էի երկուսից հետո, երբ արդեն պատրաստվում էի հաղթահարել թանգարանի հիսունչորս աստիճանները, իսկ Սեյրանը սովորաբար էդ ժամին արդեն ավարտած էր լինում իր հերթական աբստրակցիան եւ Նալբանդյանի կամ Պատկանյանի պատահական որեւէ էջի ընթերցումից հետո իր արվեստանոցից դուրս էր գալիս ու զրուցակից փնտրելով՝ շարժվում էր դեպի «Սկվազնյակ» ու «Պապլավոկ», որպեսզի Նալբանդյանի կամ Պատկանյանի դույն էջի բովանդակությունն ու գաղափարներն ազգի գիտակցությանը հասցներ, եւ հաճախ առաջինն էի Սեյրանի էդ հանապազօրյա ու ազգային հոգեորսության թիրախ դառնում, որովհետեւ հաճախ թանգարանին մոտենալս ու արվեստանոցից իր թանգարան հասնելը մեկ էին լինում, ու էդ դեպքերում այլեւս թանգարան չէի մտնում, որովհետեւ անհնարին էր իրենից ու իր ազգային քարոզչությունից մի քանի րոպեում ազատվել, բայց կյանքը ստիպեց, եւ ժամանակի ընթացքում ազատվելու ձեւը գտա,  ավելի ճիշտ՝ իրենից եւ իր քարոզչությունից ազատվելու մի քանի ձեւ գտա. երբ հեռվից իրեն նկատում էի, անմիջապես թաքնվում էի Թումանյան-Սարյան փողոցների հատման կետում ազատորեն աճած ու ծավալված ամենահաստաբուն ծառի հետեւում ու սպասում էի՝ մինչեւ Սեյրանն անցներ գնար, եւ երբ ինքը տեսադաշտիցս անհետանում էր, էդ ժամանակ արդեն թաքստոցիցս դուրս էի գալիս ու հանգիստ բարձրանում էի թանգարան, բայց էն անհաջող դեպքերում, երբ չէի հասցնում թաքնվել, ուղնուծուծով Սեյրանի ազգային գաղափարախոսության թակարդն էի ընկնում, եւ Պատկանյանի ու Նալբանդյանի թեմաներով Սեյրանի մի քանի ժամանոց գոռգոռոցից հետո այլեւս չէի բարձրանում թանգարան, որովհետեւ չորսի կողմերը թանգարանում հայտնվելս  աշխատողներս իրենց ու թանգարանի հանդեպ ծաղր կհամարեին, ու էդ անհաջող դեպքերում Սեյրանի հետ ճանապարհս շեղում էի դեպի «Սկվազնյակ» ու «Պապլավոկ» եւ Պատկանյանից ու Նալբանդյանից փրկվում էի միայն էն ժամանակ, երբ սրճարանի մեր սեղանին այլ զրուցակիցներ էին հայտնվում:

Այդուհանդերձ, ես հազվադեպ էի Սեյրանի թակարդում հայտնվում, որովհետեւ թանգարանի ցերեկային պահակ Հայկազը ձեւը գտել էր, եւ երբ Հայկազը թանգարանի դռների մոտից Սեյրանի բամբ ձայնն առնում էր, անմիջապես վերեւից ինձ ձայն էր տալիս՝ «պարոն Շեկոյան, հեռախոսով ձեզ են հարցնում», եւ երբ առաջին անգամ Հայկազը վերեւից ինձ ձայն տվեց ու էդ ասաց, ես Հայկազի էդ իմպրովիզացիոն ստից անակնկալի եկա, եւ հետագայում ու մշտապես Հայկազի  հետ, փաստորեն, լուռ ու հանցավոր համաձայնության մեջ էինք, եւ ամեն անգամ Հայկազը վերեւից Սեյրանի գոռգոռոցն առնելով՝ ինձ հեռախոսի մոտ էր կանչում, ու ես Սեյրանի հերթական դասախոսությունից բարեհաջող պրծնում էի, եւ Սեյրանն էլ մանկան պարզամտությամբ հավատում էր ինձ ու Հայկազին, որովհետեւ չգիտեր, որ թանգարանի հեռախոսը վաղուց անջատված էր՝ վարձը չմուծելու պատճառով:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել