Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունն ապրում է «Հ1»-ի Հայաստանում»

Դեկտեմբեր 03,2011 13:43

«Առաջ Հայաստան» կարգախոսի արդյունքում Հայաստանից 105 հազար մարդ է հեռացել. երեկ կուսակցության վեցերորդ համագումարում հայտարարեց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը:

«Եթե որեւէ մեկին թվում է, որ բանակցության արդյունքում այսպիսի իշխանությանը կարելի է դուրս հրել քաղաքական դաշտից, ուրեմն այդ մարդը իսկապես ապրում է «Հ1»-ի Հայաստանում: Եթե մարդը մտածում է այդպես, ուրեմն «Աննա» սերիալի հերոս է». սա ընդդիմությանը վերաբերող միակ քննադատական միտքն էր, որ երեկ հնչեցրեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կուսակցության համագումարի իր ելույթում: Քննադատության մնացյալ՝ առյուծի պաշարը բաժին հասավ իշխանություններին եւ հատկապես նախագահ Սերժ Սարգսյանին. «Մայիսին Սերժ Սարգսյանը ձեռքը խփեց սեղանին ու ասաց՝ գնաճ լինի՝ բոլորիդ կհանեմ: Երեկ պաշտոնապես տպագրվել է, որ այս ընթացքում գնաճը Հայաստանում կազմել է 5,6 տոկոս: Ո՞ւմ է հանել գործից: Ձեռքը խփելով՝ ասաց՝ եթե չգտնեք «մարտի 1»-ի բոլոր մեղավորներին, ձեզ չգիտեմ՝ ի՞նչ կանեմ: Գտա՞ն մեկին գոնե»,- ասաց ՆԺԿ նախագահը՝ հավելելով. «Դրա համար էլ այսօրվա իշխանության վիճակն այսպիսին է. ձեռքով կխփի, չի խփի՝ բոլորը գիտեն՝ կխփի էլ, կմոռանա էլ»: Մեր քաղաքական կյանքի աբսուրդն, ըստ Արամ Կարապետյանի, այն աստիճանի է հասել, որ «ընտրության օրը չկա, շտաբը չկա, բայց շտաբի պետն ու տեղակալը կան. մարդը քնեց-վեր կացավ՝ հրաժարական տվեց, թե՝ չեմ ուզում, գնում եմ շտաբի պետ, որովհետեւ շտաբի պետն ավելի կարեւոր է, քան Սահմանադրությամբ սահմանված երկրի երկրորդ պոստը»: Նա հիշեցնում է, որ «օդից կախված» մնացին Սերժ Սարգսյանի՝ նաեւ մյուս ոլոտներում ընդամենը մի քանի ամիս առաջ տրված հանձնարարականները, ավելին, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից բոլորը գոհ էին, բայց նրան աշխատանքից ազատեցին: Ելնելով այս ամենից՝ բանախոսը գտնում է, որ Հայաստանում դեգրադացիան այն աստիճանի է հասել, որ նույնիսկ վերնախավի ներսում արդեն որեւէ մեկը՝ իր անպատժելիության մթնոլորտից ելնելով, որեւէ ձեւով չի զգում, որ գոյություն ունի իշխանություն: Հասարակական կարծիքի մասին հիշելը անգամ նա ավելորդ է համարում, քանի որ վերջինիս վրա «իշխանությունը թքած ուներ շատ ավելի վաղ, երբ կրակում, ջարդում, ընտրություններ էր անցկացնում»: Բայց որ իշխանական բուրգում էլ մարդիկ ընդհանրապես որեւէ բանից չվախենան, նա նորություն է համարում Հայաստանի կյանքում. «Իշխանության մեջ միշտ եղել է մեկը, որից քաշվել են: Այսօր այդ մեկն էլ չկա: Պաշտոնական տվյալներով՝ «Առաջ Հայաստան» կարգախոսի ուղեկցությամբ Հայաստանից արդեն հեռացել է 86,5 հազար մարդ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 105 հազար մարդ»:

Անդրադառնալով ՀՀ կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը՝ բանախոսն այն անվանեց «ալան-թալանի տնտեսական կացութաձեւ»: Նրան հատկապես ապշեցրել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի՝ վարչապետի դեմ արած հայտարարությունների ճակատագիրը. «Մարդը ելույթ է ունեցել, թղթեր է հրապարակել եւ ասում է, որ «Նաիրիտի» սեփականաշնորհման գործընթացում Տիգրան Սարգսյանը, որպես վարչապետ, 31 միլիոն դրամ է գրպանել: Մանրամասն ներկայացրել է, թե ո՞ւր եւ ինչպե՞ս են գնացել այդ գումարները: Տիգրան Սարգսյանը, իհարկե, դիմել է գլխավոր դատախազին, նա էլ գործն ուղարկում է ոստիկանապետին, սա էլ իր հերթին՝ գլխավոր քննչական վարչություն, վերջիններս էլ՝ Կենտրոն համայնքի ոստիկանության քննիչին: Լավ է՝ քննիչն էլ «ուչաստկովիին» չի ուղարկում: Մարդը ուղղակիորեն մեղադրում է վարչապետին գողության մեջ, հարցը հասնում է «ուչաստկովիին»: Ապա՝ «Վարչապետը հայտարարում է, թե 105 միլիարդ պետք է ավելացնենք բյուջեի մուտքերը: Պետեկամուտների կոմիտեի նախագահը մինչեւ օրս կռիվ է տալիս, թե ասեք՝ որտեղի՞ց ես պետք է այդ փողերը հավաքեմ: Նախընտրական տարի է, PR են անում: Մյուս տարվա բյուջեով նախատեսված 2,5 հազար բարձրացումները չենք էլ հասցնի նկատել, որովհետեւ գնաճն ամեն ինչ միանգամից կտանի»: Այս ամենն, ըստ նրա, հիշեցնում է Կալիգուլային, երբ վերջինս բերել էր ձիուն եւ ասում էր. «Այս հայվանը պիտի սենատում լինի», Ներոնին, ով Հռոմը վառում էր, որպեսզի կարողանար բանաստեղծություններ գրել:

Ինքը՝ Արամ Կարապետյանը, ստեղծված տնտեսական իրավիճակից Հայաստանը դուրս բերելու միակ ճանապարհը տեսնում է «Եվրասիական տնտեսական միությանն» անդամագրվելու մեջ: Համագումարին ներկաները համաձայնեցին կուսակցական առաջնորդի հետ եւ այդ առիթով որոշում ընդունեցին: Իսկ քաղաքական խնդիրների լուծման համար ՆԺԿ-ն որոշեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել սեփական ցուցակով, ինչպես նաեւ սեփական թեկնածուով մասնակցել ՀՀ նախագահի արտահերթ կամ հերթական ընտրություններին. «Ընտրությունները օգտագործելով որպես քաղաքական պահ եւ համագործակցելով այլ քաղաքական եւ հասարակական ուժերի եւ ակտիվ քաղաքացիների հետ՝ հայկական քաղաքական թատերաբեմից անվերապահորեն հեռացնել բացառապես խմբային շահերով առաջնորդվող գործող վարչախմբին եւ նրա սպասարկուներին»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031