Լրահոս
Օրվա լրահոսը

Տուրի՞զմ, թե՞ հանքարդյունաբերություն

Դեկտեմբեր 03,2011 13:34

Սյունիքի մարզի Տաթեւ եւ հարեւան գյուղերի համար կարեւորը զարգացման իրական պայմաններն են, թեեւ նրանք չեն թաքցնում իրենց կարծիքը:

Սյունիքի մարզում «Տաթեւի զբոսաշրջության զարգացման ծրագրում» ընդգրկված՝ Հալիձոր, Տաթեւ, Սվարանց, Շինուհայր եւ Տանձատափ գյուղական համայնքների մի մասը գյուղի ապագան կապում է զբոսաշրջության զարգացման հետ, մի մասն էլ՝ հանքարդյունաբերության: Այս տարածաշրջանում ոսկու եւ երկաթի հանքավայրի հնարավոր շահագործման տարբերակներ են քննարկվում ու գործընթացներ իրականացվում: Տանձատափի գյուղապետ Ռոբերտ Մուշեղյանը նշում է, որ իրենց գյուղը միանշանակ կողմ է, որ զբոսաշրջության ծրագրի ակտիվացմամբ գյուղը զարգանա, ոչ թե՝ հանքարդյունաբերության: Տանձատափը մարզի այն սակավաթիվ գյուղերից է, որտեղ ներգաղթ է արձանագրվում, գյուղ ապրելու են գալիս տարբեր տարածաշրջաններում ապրող տանձատափցիները: Տանձատափը 105 մշտական բնակիչ ունի, 55 խոշոր եղջերավոր անասուն ու 100-ից ավելի մեղվափեթակներ: Գյուղապետի խոսքով, տուրիզմի ծրագրի ազդեցությունը որոշակի չափով արդեն զգացվում է գյուղում, ամռանը մոտ 60 այցելու են ընդունել, որոնց մեծ մասը ֆրանսիացիներ են եղել: «Գալիս են զբոսաշրջիկները, գիշերը մնում՝ օրը 3000-3500 դրամ վճարում, նախաճաշում ու գնում, դժգոհություններ առայժմ չենք լսել, եթե ավելի ակտիվանա շարժը, գյուղն էլ ավելի կզարգանա: Գտնում եմ, որ միանշանակ ճիշտ է գյուղը զարգացնել զբոսաշրջությամբ, ոչ թե հանքեր բացելով»,- ասում է պարոն Մուշեղյանը:

Այլ տրամադրվածություն է Սվարանց գյուղում: Դատարկվող ու ծերացած գյուղում համայնքի փրկությունը տեսնում են երկաթի հանքի շահագործմամբ գյուղացիների համար աշխատատեղերի ստեղծման մեջ: Տարեկան 15-20 մարդ է հեռանում գյուղից՝ աշխատանք ու գյուղում զբաղմունք չունենալու պատճառով: Բնակավայրի 123 տնտեսությունից միայն 68-ում է մարդ բնակվում, մնացածը դատարկ են: Այս 68 ընտանիքներից միայն 38-ում է 1-ից ավելի շունչ ապրում, մյուս 30-ում միայնակ տարեցներ են: «Թող ինչով ուզում են զարգացնեն գյուղը, մենակ թե գյուղը չդատարկվի, ուզում են հանք բացեն, թե տուրիստներ բերեն լցնեն, մերն էն է՝ մարդիկ գործ ունենան, ապրեն»,- նշում են սվարանցցիները: Իսկ համայնքի ղեկավար Արթուր Մարգարյանը հավաստիացնում է, որ մինչեւ օրս տարածաշրջանում տուրիզմի զարգացման ծրագրից իրենց գյուղում նույնիսկ չնչին առաջընթաց չի նկատվել: «Մի քանի անգամ տուրիստ է եկել, զուգարանի համար հարցրեցին, իմացան, որ գյուղում կոյուղի չկա, իսկ զուգարաններն առանձին են, տների դիմաց՝ այգիների մեջ, չհարմարվեցին էդ տարբերակին, իրենց դուր չեկավ ու հետ գնացին: Մեզ մոտ տուրիստներ չեն գալիս, դրա համար կողմ ենք, որ երկաթի հանքը բացեն, մարդիկ էլ աշխատեն: Թե չէ՝ հիմա ո՛չ տուրիզմի ծրագրից օգուտ ունենք, ո՛չ էլ գյուղացիները ապրուստի միջոց ունեն, արտագաղթն էլ շարունակվում է: Սվարանցում երկաթի հանքը մի 20 տարի աշխատել է՝ մինչեւ 78-79 թվականները: Տաթեւից, Հալիձորից, մոտակա այլ գյուղերից, Սիսիանի տարածաշրջանից մարդիկ էին գալիս՝ աշխատում, աշխատատեղեր կային: Հիմա էլ, որ աշխատեցնեն՝ գյուղը կբարգավաճի: Էս պահին ոչ մի գործ չեն անում էդ հանքում: 3-4 տարի առաջ մի խումբ մարդիկ եկան լիցենզիաները ձեռքներին, թե պիտի հանքի բերանը փակենք, որ գազերը դուրս չգան միջից: Դրանից մի տարի էլ անց՝ ուրիշ խումբ եկավ, թե պիտի հանքի բերանը բացենք, որ գազերը դուրս գան միջից, վտանգավոր է: Ըտենց էլ չհասկացանք՝ որն է ճիշտ՝ բացելը, թե փակելը»,- հավելում է Սվարանցի գյուղապետ Արթուր Մարգարյանը եւ նշում, որ դեմ չեն, եթե գյուղը զարգացնելու համար ընտրվի զբոսաշրջության զարգացման տարբերակը, բայց իրենք կարծում են, որ ճիշտը հանքարդյունաբերության զարգացման տարբերակն է:

Ի տարբերություն Սվարանցի, ակտիվ շարժ է նկատվում Շինուհայրում, բնակիչները փաստում են, որ տուրիզմը խթանել է գյուղի կյանքի ակտիվացումը: Ամառվա ամենապիկ սեզոնին օրական 400-500 այցելու է անցնում գյուղով եւ գնումներ անում գյուղի խանութներից: «Գյուղի կյանքը բավականին աշխուժացել է, նույնիսկ մարդիկ շահագրգռված են իջեւանատներ ստեղծեն՝ զբոսաշրջիկներին ընդունելու համար: Կարծում եմ, տուրիզմը կխթանի բնակիչների բյուջեի ավելացմանը, փաստն այն է, որ տուրիզմի ծրագիրը դրականորեն է անդրադառնում գյուղի կյանքի վրա: Իսկ ինչ վերաբերում է Հալիձորի հանքի շահագործմանը, ապա դեռ ուսումնասիրություններ են իրականացվում, եւ պարզ չի՝ վաղն այն կաշխատի, թե ոչ, կամ աշխատելու դեպքում ինչ ծավալով կաշխատի ու ինչպես կանդրադառնա գյուղի կյանքի վրա»,- նշեց Շինուհայրի գյուղապետ Սմբատ Երեմյանը:

Տաթեւում էլ կողմ են եւ տուրիզմի, եւ հանքարդյունաբերության զարգացմանը, եթե, իհարկե, հանքերի շահագործմամբ բնակիչների առողջությանը ու շրջակա միջավայրին վնաս չլինի: Դրական տեղաշարժ Տաթեւում նկատելի է զբոսաշրջիկների հոսքից, բայց դրանից ամբողջ գյուղին չի օգուտ եղել: «Սվարանցի հանքն էստեղից հեռու է՝ չի երեւում, կարծում եմ՝ վնաս չի լինի դրա շահագործումից, իսկ ահա ճոպանուղուց Հալիձորի հանքը պարզ երեւում է, եթե էդ հանքի շահագործումից ուրան կամ այլ ճառագայթավտանգ հանքանյութեր չլինեն, մարդկանց չվնասեն, էդքան էլ դեմ չենք հանքի գործարկմանը, գյուղացիներն էլ Կապանի կամ Քաջարանի կոմբինատներ աշխատելու մեկնելու ու գյուղը լքելու փոխարեն՝ էստեղ կաշխատեն»,- կարծում է Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը:

Հալիձոր համայնքի մերձակա տարածքում ոսկու հանքավայրում իրականացվող հետախուզական աշխատանքը բնակչության դժգոհությունն է առաջացրել: Նրանք ցավով նշում են, որ Սյունիքում միակ էկոլոգիական մաքուր վիճակում գտնվող տարածաշրջանն էլ է կանգնած աղտոտման վտանգի առջեւ: «Իբրեւ մի մաքուր տեղ կար, էն էլ են ուզում կեղտոտեն: Հենա ամբողջ հանրապետությունը հանքարդյունաբերություն է, թող էս մի կտոր տեղը մաքուր մնա, որ մարդիկ գոնե էստեղ գան մաքուր օդ շնչեն»,- ասում են հալիձորցիները: Հալիձորի գյուղապետ Սամվել Ասրյանի խոսքով, հետախուզական աշխատանքներ իրականացնող ընկերության աշխատակիցները հավաստիացրել են, որ համապատասխան լիցենզիա ունեն, բայց գյուղապետը մինչեւ օրս այն չի տեսել: «Մեկ ամիս առաջ հանդիպել եմ աշխատակիցների հետ, ասել եմ՝ լիցենզիան կբերեք ցույց տաք, բայց մինչեւ հիմա չեն բերել: Տվյալ տարածքի հողատերերի հետ են հանդիպել ու հորատման աշխատանքներ կատարել: Բայց ես առաջնահերթությունը տալիս եմ տուրիզմին, գտնում եմ, որ մեր տարածաշրջանի համար ամենաճիշտը տուրիզմը զարգացնելն է, ոչ թե հանքահանումը: Մեր գյուղը մասնակի օգուտներ արձանագրել է տուրիզմի ծրագրից: Սկզբնական շրջանում 30-40 հոգի ներգրավվել են ճոպանուղու կառուցման աշխատանքներում, այժմ էլ զբոսաշրջիկների շարժ կա, 5-6 ընտանիք իրենց տները բարեկարգել են տուրիստներին հյուրընկալելու համար, կարծում եմ տուրիզմը զարգացնելով՝ գնալով ավելի դրական տեղաշարժ կլինի Հալիձորի կյանքում»,- կարծում է 601 բնակիչ ունեցող Հալիձորի գյուղապետ Սամվել Ասրյանը:

Սյունիքի մարզում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն եղել է գյուղերում, լսել բնակչության տեսակետները, կատարել ուսումնասիրություններ, փորձել հասկանալ՝ ինչ տրամաբանությամբ պետք է համահունչ ու զուգահեռ զարգանան հանքարդյունաբերությունն ու տուրիզմը: «Բնակիչները դեմ չեն, որ բացվեն նոր աշխատատեղեր, բայց նրանք լավ չեն գիտակցում, թե իրականում ինչ է կատարվում: Տեղեկատվական բազա չունեն, վակուումի մեջ են: Հանքարդյունաբերությունը գյուղի զարգացման խթան չի կարող լինել, գյուղի զարգացումը գյուղատնտեսության զարգացման մեջ է: Էլ չենք խոսում տուրիզմի մասին: Առաջարկություն ունենք Տաթեւի տուրիզմի զարգացման նախագծի ղեկավարությանը, որ աչքաթող չանեն Սվարանց եւ Տանձատափ գյուղերը, որովհետեւ էդ տարածաշրջանում կա 5 գյուղ, եթե դրանցից 2-ը գրեթե ամբողջովին դուրս է մնում նախագծից, հնարավոր է, որ իրավիճակից ելնելով բնակիչները համաձայնություն տան հանքարդյունաբերության ծրագրին, որը անընդունելի է՝ մանավանդ Տաթեւի վանական համալիրի համար: Դրանով շահագրգռված պետք է լինի ՀՀ հուշարձանների պահպանության կառույցը, քանի որ, համոզված եմ՝ հանքարդյունաբերական աշխատանքներից Տաթեւի վանքը մեծ վնասներ կկրի: Բացի այդ, պայթեցումներից առաջացած տատանումները ճոպանուղու հենասյուները կարող են տեղից շարժել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի այս հարցը: Առաջարկում ենք դադարեցնել բոլոր տեսակի հանքերի հետախուզական աշխատանքները՝ տուրիզմի զարգացման այդ հատվածում: Նաեւ առաջարկում ենք, որ տրված եւ տրվելիք որոնողական աշխատանքների լիցենզիաների հետ կապված փորձաքննական շատ լուրջ աշխատանքներ կատարվեն: Մենք գտնում ենք, որ այն լիարժեք չի իրականացվում, փակ ու մութ վիճակում է գտնվում այդ գործընթացը, թող փորձաքննության մասին ինֆորմացիա տրամադրեն հասարակությանը, որ մարդիկ կոնկրետ իմանան՝ ինչ է կատարվում, ոչ թե թաքուն գործեն, ինչպես դա արվում է մեր երկրում»,- տեղեկացնում է հ/կ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031