Պետք է անհապաղ կասեցվի հանցավոր սեփականաշնորհումների եւ վաճառքների հաղթարշավը:
60-ական թվականների սկզբում ցուցադրվում էր դեմոկրատական Գերմանիայում նկարահանված մի ֆիլմ՝ «Քաղաքը կկործանվի գիշերը»: Շարժանկարը միջնադարյան քրիստոնեական քաղաքակրթության եւ վերածննդի ճարտարապետության դասական կանոններով կառուցված Դրեզդեն քաղաքի ռմբակոծման մասին էր: Հիրավի ճիշտ է, որ պատմությունը նույնպես ունի խորթ եւ հարազատ զավակներ: Այսօր վերլուծելով մոտ անցյալի բազմաթիվ դեպքեր, դրվագներ, համարյա չի հիշվում այն սահմռկեցուցիչ անհիմն ռմբակոծության մասին, որ տեղի ունեցավ Երկրորդ աշխարհամարտի վերջին օրերին, երբ դաշնակիցների ավիացիան մի գիշերում հողին հավասարեցրեց հարյուրավոր միջնադարյան ճարտարապետական կոթողներ, սպանելով քաղաքում ապաստան գտած շուրջ 20 հազար երեխաների, կանանց, ծերերի: Ֆիլմից հիշում եմ մի դրվագ: Ռմբակոծման թոհուբոհից փախած երեք ռազմագերիներ ապաստանել են շենքերից մեկի նկուղում, դիտում են այրվող, կործանվող քաղաքը: Նրանցից երկուսը անչափ հրճվանքի մեջ են, երրորդը՝ մի կողմ քաշված, տխուր եւ զարմացած արտասանեց.
– Խղճուկ վայրենիներ…
Աշխատանքի բերումով 70-ական թվականների սկզբում Դրեզդենում եմ: Դիտելով ժամանակակից գերմանական դիզայնի սակավ նյութածախս, պարկեշտ-էսթետիկական եւ ֆունկցիոնալ բրենդները, շրջում եմ քաղաքում: Ակնհայտ էր եւ ուսանելի քաղաքի վերականգնման մտածված, հետեւողական ծրագրի իրականացումը: Արդեն իսկ վերականգնված էին հանրահայտ Ցվինգերը, պատկերասրահը, հրաշալի Սեքստինյան Մադոննայով: Բայց իմ տեսածը ուրիշ բան էր: Դա ժողովրդի, համարյա յուրաքանչյուր քաղաքացու անմռունչ, ոչ ցուցամոլ մասնակցությունն էր քաղաքի բազմաթիվ կործանված շինությունների՝ կամուրջների, առանձնատների, եկեղեցիների, այգիների վերականգնման աշխատանքներում: Աշխատանքից հետո (իսկ այդ ժամանակ աշխատանքը սկսվում էր առավոտյան ժամը 7-ին), մի փոքր հանգստից հետո, բազմաթիվ մարդիկ ինքնակամ ու անվճար կարգավորում էին իրենց շուրջը, փլատակներից հանում, խոզանակներով մաքրում եւ հաստատված կարգով համարակալում-դասավորում էին առանձին զարդաքանդակներ, աղյուսներ, որոնք պետք է հիմք դառնային հաջորդ բարդ ռեստավրացիոն աշխատանքների համար: Մի քանի տարի հետո կրկին այցելեցի Դրեզդեն: Զարմացա եւ հիացա, թե ինչպես էին արդեն վերականգնված ոչ միայն առանձին բարդ միջնադարյան շինությունները, այլ նաեւ այլ տեղում, առանց քաղաքի պատմական տեսքը խեղելու, կառուցվել էին ժամանակակից, ֆունկցիոնալ հարմարավետ բնակելի համալիրներ: Իրենց հերթին էին սպասում այլ հուշակոթողներ, նախօրոք վերին աստիճանի ակուրատ կանոնակարգված կոնսերվացումով: Կործանարար ռմբակոծության հետքերը դժվար էր որսալ: Քաղաքի նվիրյալները, քաղաքապետարանից անկախ, բանվորից մինչեւ մտավորական, իրենց օրնիբուն աշխատանքով վերականգնման եւ ռեստավրացիայի փայլուն օրինակ էին ներկայացրել հազարավոր զբոսաշրջիկների, ընդարձակ կանաչ տարածքներում իրենց համար եւս ստեղծելով ապրելու եւ աշխատանքի գեղագիտական ու հարմարավետ պայմաններ:
Մենք նույնպես ունենք ուրիշ, համարյա նման բարդ իրավիճակ: Բայց աղետի գոտին մինչեւ այսօր… Եվ նաեւ մեր մոտեցումներից մեկը 90-ականների հիրավի դաժան փորձությունների՝ երկրաշարժի, շրջափակման, պարտադրված պատերազմի պայմաններում եղան մարդիկ, նույնիսկ «մտավորականներ», որոնք չխորշեցին օգտվել ստեղծված իրավիճակից:
Խոսքս քաղաքի կենտրոնում գտնվող Նկարիչների միության տարածքների արդեն իսկ քննարկվող անպատասխանատու, հանցավոր վաճառքի մասին է: Այսօր արդեն քաղաքի, ինչպես նաեւ երկրի առջեւ անլուծելի խնդիր է հառնել, թե ինչպե՞ս դիմակայել տեղանքին եւ քաղաքի ճարտարապետությանն անհարիր, շահագործման բազմաթիվ խնդիրներ ստեղծող 50 հարկանի երկնաքերի կառուցման նպատակին: Կատարվածը երկրի նորագույն պատմության մեջ ամոթալի գործարք է: Այս անգամ մեր մարդկանց գործունեության քստմնելի մի օրինակ:
Ապօրինի վաճառքը կատարվել է 1996թ.-ի Նկարիչների միության նախկին նախագահի կողմից: Գործարքի մանրամասներն առկա են դատական խճճված գործերում (հիրավի արդարությունը հիվանդանում է, չի մեռնում, սակայն, այս դեպքում, թողել է վատթար հետեւանքներ): Այս մարդիկ ստեղծել են քաղաքապետարանի, ճարտարապետական հանրության, շահագրգիռ մտավորականների եւ, վերջապես, քաղաքացիների համար փակուղային վիճակ, քանի որ տարածքը թանկ գնով վերավաճառվել է օտարներին:
Նախապատմության մեջ, բացի հանցագործ վաճառքից (տարածքը Նկարիչների միության սեփականությունն էր համընդհանուր նպատակային շահագործման համար), առկա է նաեւ հետագա ոչ պակաս հանցավոր շարունակություն: Այդ ժամանակի գլխավոր ճարտարապետի կողմից հաստատվել է մեկ ուրիշ անհեթեթ՝ 25 հարկանի կառույցի ճարտարապետական նախագծային խնդիր, որը գոնե առայժմ, գործող օրենքի համաձայն, կորցրել է իր ուժը:
Այս դեպքը հուշում է, որ պետք է անհապաղ կասեցվի հանցավոր սեփականաշնորհումների եւ վաճառքների հաղթարշավը: Խիստ արդիական է դարձել բազմաթիվ արվեստի օջախների՝ գրադարանների, կինոթատրոնների, ինստիտուտների, մանկապարտեզների, արդեն իսկ սեփականաշնորհված, բայց նպատակային չօգտագործվող անհիմն առք ու վաճառքի առարկա դարձած տարածքների վերանայումը:
Բերված երկու օրինակները տարբեր վերաբերմունք են դժվարին պայմաններում երկրի առաջ ծառացած խնդիրների նկատմամբ:
Ժամանակն է, որ մենք սթափ նայենք մեր շուրջը, համեմատենք մեզ ուրիշների հետ…
ՄԱՐՏԻՆ ԿԱԿՈՍՅԱՆ
Քանդակագործ, դիզայներ,
Հայաստանի դիզայներների
միության նախագահ
«Առավոտ» օրաթերթ