Բնանկար, խճանկար, դեկորատիվ կոմպոզիցիա ու նույնիսկ դիմանկար. գյումրեցի ու վանաձորցի ուսանող-նկարիչները Հայաստանն այսպես են պատկերել իրենց ստեղծագործություններում:
Արդեն երկրորդ տարին է՝ դեկտեմբերի 1-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում բացվում է միջբուհական ցուցահանդես՝ «Ես իմ անուշ Հայաստանի», որին մասնակցում են վանաձորցի ու գյումրեցի ապագա մանկավարժ-նկարիչները: Կազմակերպիչներին ուղղորդել են ոչ միայն հայրենասիրական մղումները, այլեւ տարբեր մարզերի երիտասարդ արվեստագետներին մշակութային երկխոսության ուղղորդելը: Վանաձորցի Արուսյակ Վարդանյանը նկատում է. «Գյումրեցիներն ավելի ազատ են եւ չեն վախենում սխալ գիծ գծել: Բայց մեր գործերն ավելի բազմազան են»: «Վանաձորցիների մոտ գերակշռում է դեղինն ու շագանակագույնը: Մենք ավելի վառ գույներով ենք նկարում»,- ասում է Գյումրիի ուսանողներից մեկը: «Գուցե դա նրանից է, որ երկար տարիներ Գյումրիում իշխել են գորշ գույները, եւ հիմա երիտասարդներն ուզում են աշխարհն ավելի վառ տեսնել»,- հավելում է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի ամբիոնի վարիչ Լաուրա Աթանեսյանը:
Հետո համեմատելով երկու բուհերը՝ հիանում է ՎՊՄԻ-ի արվեստի ամբիոնի մասնաշենքով ու երիտասարդ արվեստագետների ստեղծագործելու պայմաններով. «Այստեղ հնարավորությունները շատ ավելի լավ են՝ նյութատեխնիկական բազայի առումով: Մենք ընդամենը մի արվեստանոց ունենք: Ձեր ուսանողների վիճակը նախանձելի է»:
ՏԱԹԵՎ ԱՇՈՒՂԱԹՈՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ