Լրահոս
Օրվա լրահոսը

Երրորդ հանրապետության լույսն ու ստվերը

Դեկտեմբեր 03,2011 13:21

Պատմաբանի հայացք

Նորանկախ Հայաստանի առջեւ սկզբնական շրջանում ծառացած բարդագույն խնդիրների շարքում առանձնանում էին փլուզվող ԽՍՀՄ-ի փլատակների տակ չմնալը, արցախյան պատերազմը, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամը, ավերիչ երկրաշարժի հետեւանքները, ժողովրդի սոցիալական ծանր վիճակը, փախստականների լայնամասշտաբ հոսքը, արտագաղթը: Սակայն հայ ժողովրդի հերոսական ջանքերի շնորհիվ Հայաստանը դուրս եկավ անելանելի թվացող իրավիճակից: Բնականաբար, դրանում անուրանալի է ժամանակի իշխանությունների դերակատարությունը՝ ՀՀ առաջին նախագահի գլխավորությամբ: Հասկանալի պատճառներով 3-րդ հանրապետության լիդերները պետության կառավարման փորձ չունեին եւ գործում էին էքստրեմալ պայմաններում: Դա ինչ-որ առումով թերեւս մեղմացնում է այսօրվա հեռավորությունից նրանց թույլ տված սխալների ու բացթողումների քննադատության դոզան, բայց առավել արժեւորում կատարված դրականը: Պետական շինարարության գործում հատկապես առանձնահատուկ էր դեռեւս պառլամենտական երկիր համարվող Հայաստանի 1990-1995թթ. խորհրդարանի դերակատարությունը, որը գործելով բարդ, նաեւ պատերազմական պայմաններում՝ հընթացս ընդունում էր պետության կայացման համար ֆունդամենտալ նշանակություն ունեցող որոշումներ: Բոլորովին չթերագնահատելով հետագա պառլամենտների գործունեությունը՝ նաեւ քաղաքական դեբատների մակարդակի ու պրոֆեսիոնալիզմի առումով, թերեւս 1990-1995թթ. խորհրդարանն առ այսօր անգերազանցելի է: Գերագույն խորհուրդը դարձավ երրորդ հանրապետության բազմաթիվ հայտնի գործիչների պատրաստման իսկական դարբնոց, մասնավորապես այդ պառլամենտի անդամներ են եղել Հայաստանի 3 նախագահները եւ 12 վարչապետներից՝ 10-ը: Երրորդ հանրապետության քաղաքական պատմության առանձնահատկություններից մեկն այն է, որ այդ տարիներին, միմյանց փոխարինելով, Հայաստանը ղեկավարել են Երեւանի «Ղարաբաղ» կոմիտեի լիդերներից առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Ստեփանակերտի «Կռունկ» կոմիտեի առաջնորդներ՝ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը եւ երրորդ նախագահ Ս. Սարգսյանը: Նրանցից յուրաքանչյուրը՝ իրենց բոլոր սխալներով հանդերձ, այս կամ այն չափով անուրանալի ավանդ է ունեցել նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Երրորդ հանրապետության ազդեցիկ եւ առանցքային դերակատարություն ունեցած գործիչների շարքում թերեւս առանձնանում են Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները, Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը: Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեության առանձնահատկությունները գերազանցապես պայմանավորված էին 1991-ի լեգիտիմ նախագահ ընտրվելու, բայց 1996-ի վիճահարույց նախագահության, ինչպես նաեւ 1998-ին պարտադրված հրաժարականի եւ 2008-ի քաղաքական ռեաբիլիտացիայի հանգամանքներով: Էքսնախագահի համար թերեւս ճակատագրական եղավ այն, որ 1996-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական լարվածությունը մեղմացնելու նպատակով Տեր-Պետրոսյանը կատարեց իր իշխանության համար ձեռնտու թվացող, բայց իրականում մինչեւ վերջ չհաշվարկված քայլ՝ Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետության լեգիտիմ նախագահ Քոչարյանին նշանակելով Հայաստանի վարչապետ: Այնուհետեւ հայտնի իրադարձություններից հետո՝ 1998թ. տեղի ունեցավ առաջին նախագահի պարտադրված հրաժարականը: Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ այսօր ընդդիմության առանցքային դեմքը էքսնախագահ է: Իշխանության համար մղվող պայքարում Տեր-Պետրոսյանի սցենարներից մեկը թերեւս առաջիկա խորհրդարանական կամպանիան օգտագործելով 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ՝ 2008-ի սցենարը խաղարկելն է: Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի քաղաքական ճակատագրի յուրահատկությունը կամ ողբերգականությունը միգուցե այն էր, որ լինելով արցախյան շարժման առաջնորդներից մեկը եւ Հայաստանում իր նախագահության փաստով խորհրդանշելով Մայր Հայրենիքի ու Արցախի միասնականությունը՝ Քոչարյանը մերժվեց հայաստանյան հանրության կողմից, որի վկայությունները 1998 եւ 2003թթ. նախագահական ընտրություններն էին: Վերջին ժամանակաշրջանի քոչարյանական դեգերումների առանցքում որոշ քաղաքական ուժերի՝ իր հետ գրկախառնվելու պարտադրանքի փորձն է, որը կարող է ասոցացվել «Գլադիատոր» ֆիլմի հայրասպան կայսեր եղերական գրկախառնությանը զորավար Մաքսիմուսի հետ՝ իր հայտնի հետեւանքներով հանդերձ: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եռամյա նախագահության եւ քաղաքական ճակատագրի առանձնահատկությունների շարքում թերեւս առանձնանում 2008թ. մարտի 1-ի արյունահեղության հետեւանքով ստացած քաղաքական ժառանգության եւ համաշխարհային ֆինանսատնտեսական աննախադեպ ճգնաժամի հայաստանյան հետեւանքների հաղթահարման պայմաններում գործելու պարտադրանքը: 2008 թվականի մարտի 1-ի սպանդի հետեւանքով բզկտված եւ բարիկադավորված միջավայրում հանդուրժողականության մթնոլորտ սերմանելու, քաղաքական գործընթացները բացառապես քաղաքական հարթությունում դիտարկելու գիտակցումով պայմանավորված՝ նախագահ Սարգսյանի իրականացրած կշռադատված քայլերի, ինչպես նաեւ էքսնախագահ Տեր-Պետրոսյանի արկածախնդրությունից զերծ մնալու գործելաոճի արդյունքում Ս. Սարգսյանի նախագահության այս երեք տարիներին Հայաստանը խուսափեց քաղաքական ցնցումներից՝ այդ թվում նախկին նախագահների օրոք տեղի ունեցած 1996-ի սեպտեմբերյան բռնությունների, 2004-ի ապրիլյան վայրագությունների եւ 2008-ի մարտի 1-ի սպանդի նման արյունահեղություններից: 1988-ի համաժողովրդական շարժման փաստացի ղեկավար, 1996-ի նախագահական ընտրություններում թերեւս հաղթած երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի քաղաքական ճակատագրի տրագիզմն այն է, որ հայտնի պատճառներով նրան բախտ չվիճակվեց օգտագործելու 1996-ի իր աստեղային ժամը, իսկ հետագայում Մանուկյանին լիարժեք շանս չտրվեց՝ իրացնելու իր կարողությունները՝ ի շահ մեր պետության: Երկրորդ հանրապետության ականավոր գործիչներից մեկը՝ Կարեն Դեմիրճյանը, 1998-ին վերադառնալով մեծ քաղաքականություն եւ Վազգեն Սարգսյանի հետ ձեւավորելով «Միասնություն» դաշինքը՝ տպավորիչ հաղթանակ տարավ 1999թ. խորհրդարանական ընտրություններում: Այդ ժամանակ Դեմիրճյան-Սարգսյան տանդեմի գլխավորած դաշինքը վճռական գործոն էր Հայաստանի քաղաքական կյանքում, որի արդյունքում Քոչարյանը վերածվել էր անգլիական թագուհու: Հայոց բանակի ստեղծման գործում վճռական դերակատարություն ունեցած եւ նոր Հայաստանի կերտման տեսլականը կրող Վ. Սարգսյանի եւ քաղաքական ասպարեզ վերադարձած Կ. Դեմիրճյանի քաղաքական գործունեությունը, ցավոք, ընդհատվեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ: Ուշագրավ է, որ եթե 1996-ին Վ. Սարգսյանը վճռական դեր կատարեց Տեր-Պետրոսյանի իշխանությունը պահպանելու հարցում, ապա 1998-ին գործեց տրամագծորեն հակառակ հայտնի սցենարը: Պատմության քմահաճույքով հենց տասը տարի պարբերականությամբ մեծ քաղաքականություն վերադարձած Կ. Դեմիրճյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի պարագայում էր, որ ժամանակին նրանց հրաժարականը պահանջող ժողովրդի մի ստվար հատված հետագայում ոչ պակաս ոգեւորությամբ ողջունում էր այդ գործիչների քաղաքական հայտը: Տասը տարի ընդմիջումով մեծ քաղաքականություն վերադարձած այդ երկու գործիչների քաղաքական եւ անձնական ճակատագրերի յուրահատկություններից մեկն այն է, որ 2008-ի Տեր-Պետրոսյանի քաղաքական ռեաբիլիտացիան հանգուցալուծվեց մարտի 1-ի սպանդով, իսկ Կարեն Դեմիրճյանի քաղաքական վերադարձը մթագնվեց հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ: Հայաստանյան քաղաքական իրականության մեջ ազդեցիկ եւ առանցքային դերակատարություն ունեցած 6 գործիչների՝ Լ. Տեր-Պետրոսյանի, Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Վ. Մանուկյանի, Կ. Դեմիրճյանի եւ Վ. Սարգսյանի քաղաքական ու անձնական ճակատագրերի նրբերանգները ամբողջացնելով եւ բյուրեղացնելով՝ նորանկախ Հայաստանի պատմության լույսն ու ստվերը կենսական են դարձնում առաջիկա քաղաքական գործընթացների քաղաքակիրթ հանգուցալուծման անհրաժեշտությունը:

ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031