Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ բոլոր հարցերի պատասխանները տրվելու էին

Դեկտեմբեր 03,2011 13:18

Երեկ Կիեւի «Ուկրաինա» հյուրանոցում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանության պաշտոնական արարողությունը, որին Ուկրաինան նախապատրաստվել էր ամենայն մանրամասնությամբ եւ արել հնարավոր ամեն բան, որպեսզի ապահովվի պաշտոնական արարողության առավելագույն մակարդակ:

Միայն վիճակագրական մի քանի թվերը վկայում են, որ կազմակերպիչները դրա համար արել էին հնարավոր ամեն բան:

Հրավիրված էին 700 VIP հյուրեր, որոնց թվում էին ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի նախագահները, Ուկրաինայի, Լեհաստանի եւ մասնակից երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ու ֆուտբոլային ֆեդերացիաների բարձրաստիճան ներկայացուցիչները, համաշխարհային համբավ վայելող ֆուտբոլիստներ:

Վիճակահանության արարողությունը լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է Ուկրաինայի եւ աշխարհի ամենատարբեր լրատվամիջոցների 500 ներկայացուցիչ:

Վիճակահանությանը ներկա գտնվելու համար հրավիրված բարձրաստիճան հյուրերի եւ մասնակիցների համար պատրաստվել է նվերների 1800 հավաքածու:

Վիճակագրության այս ցուցակը կարելի է շարունակել անվերջ, որի անհրաժեշտությունը չկա: Տեղեկացնենք, որ եկող տարի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացել են Ուկրաինան եւ Լեհաստանը՝ որպես կազմակերպիչ երկրներ, ինչպես նաեւ ընտրական մրցաշարի բոլոր արգելքները հաղթահարած աշխարհի չեմպիոն Իսպանիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իռլանդիան, Իտալիան, Հոլանդիան, Պորտուգալիան, Ռուսաստանը եւ Շվեդիան:

Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ վիճակահանության արարողությանը ներկա գտնվելու նպատակով արդեն Կիեւում են նշված երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, նրանց օգնականները, ազգային ֆեդերացիաների ղեկավար եւ պաշտոնական անձինք: Ավելին, արարողությանը հատուկ հյուրի կարգավիճակով ներկա է լինելու ոչ միայն Անկախ Ուկրաինայի ներկայիս նախագահ Վիկտոր Յուշչենկոն, այլեւ նրան նախորդած նախագահները՝ Լեոնիդ Կրավչուկը եւ Լեոնիդ Կուչման: Հրավիրվածների թվում են նաեւ Եվրո 2012-ի պաշտոնական դեսպաններ եւ ընկերներ Անդրեյ Շեւչենկոն, Օլեգ Բլոխինը, լեհեր Զբիգնեւ Բոնեկն ու Անջեյ Շարման, ինչպես նաեւ Վիտալի Կլիչկոն եւ Անդրեյ Բուբկան:

Վիճակահանության արարողությունն սկսվելու էր Կիեւի ժամանակով ժամը 19.00-ին:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031