ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները իրենց նվաստացած են զգում Հայաստանում
2009 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի ժամանակ 64 երկրների թվում Հայաստանը եւս ստորագրեց մի հայտարարության տակ, ըստ որի՝ մեր երկիրն այլեւս պարտավորվում է բացառել սեռական փոքրամասնությունների (լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների՝ ԼԳԲՏ-ների) հանդեպ ցանկացած բռնություն: Սակայն փաստաթուղթը այս տարիների ընթացքում չօգնեց ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին՝ պաշտպանելու պարբերաբար ոտնահարվող իրենց իրավունքները: Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները շարունակում են որպես «տեսակ» ծպտված ապրել: Ոտնահարվող իրավունքների, իրենց հանդեպ ցուցաբերված անհանդուրժողականության մասին վկայում են 27-ամյա Աշոտն ու 21-ամյա Յաշան :
Ըստ Յաշայի, «ոչ մի հայ կամ ինչպես ընդունված է ասել՝ «շրջապատի տղա» չի հանդուրժում միասեռականներին: Եթե հանկարծ իմանան, որ, օրինակ, իրենց հարեւան շենքի Ալիկը գեյ է, դա կդառնա ամբողջ թաղամասի քննարկման թեման. կսկսեն տղերքով հավաքվել ու պլաններ գծել, թե ոնց Ալիկին բռնեն-ծեծեն: Մի քանի տարի առաջ գնացել էի Բուժական՝ ամառանոցում հանգստանալու: Հարեւանները նկատել էին, որ ես միայն տղա հյուրեր եմ ունենում, դրա համար էլ սկսել էին հետեւել իմ ամեն քայլին: Մի օր էլ, երբ ընկերոջս հետ լողավազանում էինք, նկատեցինք, որ լողավազանին կպած պարսպի հետեւի կողմից մեծ-մեծ քարեր են թափվում մեզ վրա՝ հարեւաններն էին…»:
Աշոտի փոխանցմամբ, ինքն էլ է անհանդուրժողականության դրսեւորումների բախվել՝ դեռեւս բանակում ծառայելու տարիներից: «Ինձ անընդհատ նվաստացնում էին, անգամ բռնաբարության փորձեր եղան, իսկ ես չէի կարող բողոքել, որովհետեւ հենց հրամանատարն էր կարգադրել ինձ ճնշել: Ծառայությունից հետո ընդունվեցի բուհ, իմ անձի հանդեպ ճնշումները շարունակվեցին եւս հինգ տարի: Ավարտելուց հետո անցա աշխատանքի, այնտեղ էլ իմ՝ ոչ ավանդական կողմնորոշման համար անվտանգության աշխատողների կողմից ծեծվեցի»,- հիշում է Աշոտը:
Հայաստանում ո՞ր ոլորտում են ԼԳԲՏ ներկայացուցիչները ավելի շատ: Յաշան նշում է, որ հիմնականում գեղեցկության սրահներում են, բարերում, ռեստորաններում. «Սակայն դա չի նշանակում, թե մերոնք կրթություն չունեն: Այն մարդիկ, որոնց մենք ճանաչում ենք, բոլորն էլ բարձրագույն կրթությամբ, զարգացած անհատներ են: Մեր շրջապատում բժիշկներ կան, որոնք հրավիրվում են արտասահման՝ վիրահատություններ կատարելու, իսկ Հայաստանում նրանց կոլեգաները լուրեր են տարածում, թե այդ գոմիկներին մարդու կյանք մի՛ վստահեք: Մեկը լինի, նման կերպ մտածողներին բուժի»:
Տարածաշրջանի երկրներից որտե՞ղ են ավելի ազատ եւ պաշտպանված ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները: Մեր այս հարցի առնչությամբ տղաները նշեցին, որ ԼԳԲՏ ներկայացուցիչների վրա ճնշումներ բոլոր տեղերում էլ լինում են, բայց ամենատխուր վիճակը Հայաստանում է: Նրանց համոզմամբ, Վրաստանում պատկերն ավելի բարվոք է՝ սեփական փորձով են համոզվել, Վրաստանում աշխատելով, ապրելով:
Դիտարկմանը, թե Հայաստանում ԼԳԲՏ համայնքը ներկայացնող կազմակերպություններից մեկն ամեն տարի հանդուրժողականության մրցանակ է հանձնում լրագրողներին, դա չի՞ նշանակում, որ արդեն կարծրատիպեր են փշրվել, քանի որ նմանատիպ կազմակերպությունները ավանդաբար պնդում են, որ ԶԼՄ-ները հոմոֆոբիա են տարածում, Աշոտը պատասխանեց. «Չեմ կարծում, թե կարծրատիպեր են փշրվել, իսկ այդ մրցանակը տալու փաստը ուղղակի հարմար առիթ է՝ մեր մասին եւս մեկ անգամ բարձրաձայնելու համար: Համաձայն եմ, լրագրողներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին համարում են հիվանդներ, շեղվածներ»:
Իսկ թե ինչպես կընդունվի, օրինակ, գեյ-շքերթի անցկացումը Հայաստանում, Աշոտը համոզված է, որ հայաստանյան գեյ-շքերթների մասին խոսք լինել չի կարող. «Բացառվում է: Եթե հիմա նույնիսկ փողոցով ազատ չենք կարող քայլել, ոստիկաններն անընդհատ հետապնդում են մեզ, էլ ի՞նչ շքերթի մասին է խոսքը: Եթե այդ թեմայով անգամ խոսակցություն լինի, մեզ տեռորի կենթարկեն: Նախկին ոստիկանապետն ինքն էր ասել, որ մեզ պիտի վառեն-վերացնեն, բա որ գեյ-շքե՞րթ կազմակերպենք՝ ինչ կանեն»: Շարունակելով ընկերոջը՝ Յաշան ավելացրեց, որ Հայաստանը այս առումով շատ հետամնաց է. «Եթե հանկարծ մարդիկ լսեն, որ գեյ-շքերթ է անցկացվելու, Հայաստանի բոլոր ընդդիմադիր ու դիմադիր ուժերը կմիավորվեն ու քարերով, թրերով-սրերով կգան այդ շքերթին»:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ