Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեր շուկայում 3000 անուն չարտոնագրված ապրանք է վաճառվում

Դեկտեմբեր 03,2011 13:13

Տաքսի ծառայությունների հաշվիչները, ապրանքների կշեռքները լավ չեն աշխատում, «ռեգուլյար» բենզինն էլ «սուպերի» տեղ են վաճառում։

«Մեզ դիմել էր մի կին եւ դժգոհել, որ ինքը խանութից գնել է երեկոյան զգեստ, սակայն տանը հագնելուց հետո հասկացել է, որ սա ոչ թե երեկոյան զգեստ է, այլ՝ ամենօրյա». անգամ այս տեսակ բողոքներ է ստանում էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի վերահսկողության տեսչությունը: «Առավոտի» հետ զրույցում այս մասին պատմեց տեսչության պետ Լեւոն Խալիկյանը։ Ըստ նրա, միայն այս տարի մեծածախ եւ մանրածախ վաճառք իրականացնող սուբյեկտները մոտ 3000 անուն չարտոնագրված ապրանք են վաճառել՝ սկսած կանանց եւ երեխաների հիգիենայի պարագաներից, խաղալիքներից ու մաքրող հեղուկներից մինչեւ խոշոր կենցաղային տեխնիկա։ Նրա խոսքերով, խախտումներն այսքանով չեն սահմանափակվում. «Հանդիպել ենք ապրանքների, որոնց վրա հայերեն մակնշում չկար, բայց փոխարենը կար ադրբեջաներեն մակնշում։ Այդ ապրանքները հանվել են շրջանառությունից: Տնտեսվարողի կողմից պատրաստվել են հայերեն նմուշագրումով թերթիկներ եւ փակցվել տվյալ ապրանքի վրա, որից հետո է միայն թույլատրվել դրանց վաճառքը։ Ստուգումների ժամանակ հանդիպել ենք համակարգիչների, ուր նույնպես բացակայել է հայերեն մակնշումը, ինչպես նաեւ ուղեցույցում չի եղել հայերենով գրված բովանդակությունը»։ Պարոն Խալիկյանի ներկայացմամբ, իրենք վաճառքից հանել են նաեւ չարտոնագրված խաղալիքներ. «Մենք հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում ռիսկային խմբում եղած ապրանքներին՝ այն, ինչ վերաբերում է երեխաներին՝ մանկական խաղալիքներ, հագուստ, կոշիկներ ու հիգիենայի պարագաներ: Նշեմ, որ բոլոր չարտոնագրված ապրանքների վաճառքը կասեցրել ենք, մինչեւ որ այն ստացել է համապատասխան արտոնագիր: Ինչպես նաեւ կիրառվել են դրամական տույժեր։ Ուզում եմ շեշտել, որ չարտոնագրված ապրանքի տերերը կրկնակի վնասներ են կրում»։

Ըստ Լ. Խալիկյանի, իրենք ստուգումներ են արել նաեւ տաքսի ծառայություններում. «Մի շարք տաքսիների հաշվիչներ համապատասխան արտոնագիր չունեին, եւ, բնականաբար՝ դրանք նորմալ չէին աշխատում, այսինքն՝ կիլոմետրաժը ճիշտ չէին հաշվարկում: Տվյալ տաքսի ծառայությունների նկատմամբ տուգանքներ ենք կիրառել։ Վերջին 1 ամսում 5 տաքսի ծառայություն ենք ստուգել, բոլորում էլ արձանագրվել են խախտումներ, բայց նշեմ, որ եղել են նաեւ այնպիսիները, որոնք նորմալ աշխատող հաշվիչներով են սպասարկել»։

«Առավոտի» հարցին, թե ինչպես սպառողները կարող են գլխի ընկնել, որ չարտոնագրված ապրանք են գնում եւ տեր կանգնեն իրենց իրավունքներին, կամ ինչպես պարզեն, որ տաքսու հաշվիչը խաբում է, նա պատասխանեց. «Սպառողը կարող է հարցնել՝ ստուգաչափվա՞ծ է տվյալ տաքսու հաշվիչը, թե՞ ոչ։ Իմ կարծիքով, ավելի ամոթ է չհարցնել, քան, օրինակ, երեխայի համար գնել անորակ ապրանք: Ամենակարեւորն այն է, որ մենք կարողանանք փոխել մեր սպառողի մտածելակերպը: Մի ֆիլմ կար՝ «Տանը մենակ», այդ ֆիլմում 5 տարեկան երեխան ատամի խոզանակ գնելիս վաճառողին հարցնում է, թե այդ խոզանակը երաշխավորվա՞ծ է ատամնաբույժների ասոցիացիայի կողմից: Մեր սպառողների մոտ այդ գիտակցությունը չկա, որ մենք էլ ապրանք գնելիս հարցնենք՝ այն ունի՞ որեւէ երաշխավորում կամ պետական արտոնագիր: Եվ սպառողի հարցնելը նորմալ է, քանի որ, եթե ապրանքն ունի սերտիֆիկատ, ուրեմն անցել է լաբորատոր փորձարկում եւ համապատասխանում է չափորոշիչներին»:

Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենց տեսչությունը մեծածավալ ստուգումներ է սկսել հանրապետության գազալցակայաններում, քանի որ այս տարվա ապրիլից կառավարությունը որոշել է, որ այստեղ էլ պետք է բենզալցակայանների պես բաշխիչ աշտարակներ տեղադրվեն, որպեսզի սպառողը տեսնի, թե իր վճարածի դիմաց աշխատակիցը ինչքան է լիցքավորում։ «Մեծ մասում տեղադրված չէին այդ աշտարակները։ Մեր ստուգումների արդյունքում արձանագրություններ են կազմվել, եւ մեծ քանակությամբ ԱԳԼՃԿ-ներ տուգանվել են ու միեւնույն ժամանակ տեղադրվել են այդ բաշխիչ աշտարակները: Սրա նպատակն այն էր, որ սպառողի խաբված լինելու հավանականությունը հասցվի նվազագույնի»,- ներկայացրեց Լ. Խալիկյանը: Ինչ վերաբերում է բենզալցակայաններում իրականացված ստուգումներին, նա նշեց, որ տեսչությունն ունի 2 շարժական լաբորատորիա, որոնք եզակի են իրենց տեսակի մեջ. «Լաբորատորիայի մեքենայի մեջ հնարավորություն է տրվում պարզելու, թե ինչ որակի բենզին է լիցքավորվում եւ դրա բոլոր չափորոշիչները: Այդպիսի ստուգման ժամանակ տեսել ենք, որ «ռեգուլյարը» վաճառվում է «սուպերի» փոխարեն։ Տեղում կասեցրել ենք: Ի դեպ, նման դեպքերի հանդիպել ենք եւ Երեւանում, եւ մարզերում»։

Նշենք, որ տեսչությունը բողոքների համար ունի «թեժ գիծ»՝ 23 56 00։ Ըստ Լ. Խալիկյանի, եթե սպառողները հանդիպում են կասկածելի ապրանքների կամ կոնկրետ դժգոհություն ունեն, կարող են դիմել իրենց։ Մեր հարցին, թե որո՞նք են հիմնական թեմաները, որոնցով մտահոգված սպառողները հաճախ դիմում են տեսչություն, շուկայի եւ սպառողների շահերի վերահսկողության պետը պատասխանեց. «Հիմնականում բողոքում են նրանից, որ ապրանք են ձեռք բերել եւ ցանկանում են վերադարձնել, սակայն տնտեսվարող սուբյեկտը հրաժարվում է ընդունել: Եթե սպառողը գնել է որեւէ ապրանք եւ ՀԴՄ-ի կտրոնն իր մոտ է, նա կարող է 14 օրվա ընթացքում փոխանակել կամ վերադարձնել այդ ապրանքը, բայց եթե ՀԴՄ-ի կտրոն չկա, փաստը, որ նա այդտեղից ապրանք է գնել, հնարավոր չէ ապացուցել: Քաղաքացիները դժգոհում են նաեւ վատ աշխատող կշեռքներից։ Նշեմ, որ լայնածավալ ստուգում այս ոլորտում չենք արել, բայց ինչքանով որ ստուգել ենք, 35%-ն է, որ ստուգաչափված չի եղել եւ խախտումով է աշխատել»:

ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031