Մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, երեկ ուշ երեկոյան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անակնկալներ է մատուցել մի քանի օր առաջ Շիրակի ոստիկանությունում նոր պաշտոններ ստացածներին: Ինչպես հայտնի է` նա աշխատանքից ազատել էր Գյումրու ոստիկանապետ Արթուր Բիչախչյանին` նրա փոխարեն նշանակելով Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանին: Այս նշանակումից ոգևորված Վահրամ Ենգոյանը երեկ մեկնել է Երևան՝ իր հրամանը ստանալու ու պարզվել է, որ Վովա Գասպարյանը նրան այլ պաշտոն է առաջարկել. նշանակել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ: Այսպիսով ՀՀ ոստիկանապետը կռվախնձոր է գցել այդ պաշտոնը զբաղեցնող Գևորգ Թադևոսյանի և Վահրամ Ենգոյանի միջև: ՀՀ ոստիկանապետը, բնականաբար, առանց պաշտոնի չի թողել նաև Գևորգ Թադևոսյանին, նրան հրամցրել է Ախուրյանի ոստիկանապետի աթոռը, որը սակայն դուր չի եկել վերջինիս: Նշենք, որ Գևորգ Թադևոսյանը պրոֆեսիոնալ կադր է. ծնունդով շիրակցի այս անձնավորությունը երկար տարիներ աշխատել է ոստիկանության Երևանի քրեական հետախուզության վարչության սպանությունների գծով բաժնի պետ և Շիրակի մարզ եկավ վերջերս` նախորդ ոստիկանապետ Արամ Տեր-Թովմասյանի խնդրանքով: Մեր աղբյուրների փոխանցելով, այս պահին ռազբորկաներ են տեղի ունենում այդ պաշտոնի շուրջ: Գևորգ Թադևոսյանը ոչ մի պայմանով չի ուզում լքել իր պաշտոնը, և մեկնել է Երևան ոստիկանապետին համոզելու: Ոստիկանական մեր աղբյուրների ասելով, Գևորգ Թադևոսյանին նույնիսկ չի հրապուրում այն, որ բաժնի պետի փող աշխատելու հնարավորություններն ավելի մեծ են, նա ինքնուրույն անձնավորություն է, իսկ վարչության պետի տեղակալը չոր ռոճիկով ապրող մարդ է: Վովա Գասպարյանի նոր մտահղացմամբ փաստորեն խառնվում են բոլոր պլանները. եթե Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը ստանձնելու էր իր հին պաշտոնը, նորից գալու էր Ախուրյանի ոստիկանապետ, Ղուկասյանի ոստիկանապետ Վարազդատ Աբաջյանն էլ հույս էր փայփայում Ամասիայի ոստիկանապետ դառնալու, ապա այս ամենը տեղի չի ունենալու: Մի խոսքով, այս պահին շիլաշփոթ է Շիրակի մարզի ոստիկանության տարբեր բաժանմունքներում. ինչպես բնութագրում են մեր աղբյուրները՝ անկանխատեսելի վիճակ է ստեղծվել, և ոչ մեկը իր պաշտոնի տերը չէ : Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանը, որը ի սկզբանե ռեզերվ էր գցել Գյումրու ոստիկանապետ Արթուր Բիչախչյանին, դարձյալ փոշմանել ու նրան երեկ նշանակել է Եղվարդ քաղաքի ոստիկանապետ: Մեր աղբյուրների փոխանցելով, Շիրակի մարզում հաջորդը իր պաշտոնը կլքի Գյումրու անձնագրային բաժնի պետ Գագիկ Խաչատրյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ