«Դատապարտյալը տառապում է հեռախոս ունենալու մոլուցքով»
Ազատազրկված վայրերը վերահսկող դիտորդական խմբին, ինչպես նաեւ «Առավոտին» էր դիմել արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Համլետ Ղազարյանը: Մենք Համլետ Ղազարյանի հետ կապված տեղեկացրել էինք, որ մեկ ամիս առաջ նա հացադուլ էր հայտարարել, ապա դիմել՝ ինքնավնասման:
Դատապարտյալի հերթական ահազանգից հետո՝ նրան այցելած դիտորդական խմբի 2 անդամները նախ առանձնազրույց են ունեցել նրա հետ, ապա տեղեկացել են. Ղազարյանն ունի բազմաթիվ պատիժներ: «Բազմաթիվ անգամ Ղազարյանի մոտ հայտնաբերվել է հեռախոս, որն առգրավվել է: Ղազարյանը տառապում է հեռախոս ունենալու մոլուցքով, որը նրան չի հաջողվում: Տաքսաֆոնը նրան չի բավարարում, այդ իսկ պատճառով՝ նա գտնվում է անհանգիստ վիճակում»,- արձանագրել են դիտորդները:
Դիտորդները տեղեկացել են նաեւ, որ հոկտեմբերի 14-ին, երբ Հ. Ղազարյանին տարել են դատախազի մոտ ընդունելության, նա «միջանցքում անհարկի բղավել է, աշխատակիցների հետ ստեղծել կոնֆլիկտներ, որպեսզի ուշադրություն գրավի»:
Կարդացեք նաև
Ուշադրություն գրավելու դրվագներից մեկն էլ այն էր, որ իր խցից հայհոյանքներով «խոսել» է արգելապատի ուղղղությամբ, եւ երբ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները փորձել են ճշտել, թե ում հետ է խոսում կալանավորը, պարզել են, որ պատի հետեւում ոչ ոք չկա:
Ղազարյանը պարբերաբար հացադուլ է անում: Վերջին հացադուլն իր դեմ հարուցված քրեական գործի հետ էր կապված:
Ի դեպ, մի ուշագրավ դրվագ էլ կա՝ կապված Հ. Ղազարյանի անձի հետ: Բուժզննման նպատակով նրան նոյեմբերի 9-ին ուղեկցում են բուժմաս. նա հասցնում է վերցնել եւ իր խցի զուգարանակոնքի տակ թաքցնել բուժաշխատողի բջջային հեռախոսը, ինչը, իհարկե, հայտնաբերվում եւ առգրավվում է:
Դիտորդները հետազոտել են նաեւ Ղազարյանի բժշկական քարտում առկա գրառումները: Պարզվել է, որ Ղազարյանն այս տարվա հուլիսի 1-ից վերցվել է դիսպանսեր հաշվառման՝ «անձի էմոցիոնալ անկայուն խանգարում» ախտորոշմամբ: Նրան այցելել է հոգեբույժը, նշանակվել է համապատասխան ամբուլատոր բուժում:
Ադմինիստրացիայի բնորոշմամբ՝ «Ղազարյանը պարբերաբար նամակներ է գրում դատախազություն, որոշ ժամանակ հետո փոշմանում եւ գրավոր դիմում է դատախազություն, որպեսզի հիմա էլ ընթացք չտան»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ