Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաբել են քաղաքացուն ու «թռել»

Դեկտեմբեր 03,2011 13:05

Ստացականի վերջնամասը հայհոյանքով էր:

Թաքցրել էր մեքենայի արգելանքի տակ գտնվելու փաստը

Առաջին կարգի հաշմանդամ, մեղվապահ Հարություն Բարսեղյանն ավտոշուկայում ծանոթանում է Դավիթ անունով մի երիտասարդի հետ, ցանկություն է հայտնում գնել մեքենա:
Դավթի կողքին էր հայրը, որը չի ներկայանում, իսկ Դավիթն էլ, պարզվում է, սովորում է Քանաքեռի «Զենքի դպրոցում»: «Բարիշում են», ու Հարությունը գնում է Դավթի մեքենան:
3-րդ տարին է, որ Հարություն Բարսեղյանը մեքենան կանգնեցրել է /ամիսը 20 000 դրամով վարձակալած ավտոտնակում/, սակայն չի կարողանում օգտագործել, ապահովագրել, քանի որ, պարզվել է, գնել է արգելանքի տակ գտնվող մեքենա:
Հարուցվել էր քրեական գործ, ըստ որի՝ «Վահան եւ որդիներ» ՍՊ ընկերության հիմնադիր Վահան Մելքոնյանը, որի որդին էր Դավիթը, 2009թ. սեպտեմբերի 13-ին խաբեությամբ, չարաշահելով Հարություն Բարսեղյանի վստահությունը, վերջինիս՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք 1մլն 885 հազար 850 դրամով փաստացի վաճառել է ընկերությանը պատկանող «ԳԱԶ 3110» մակնիշի 600ՍԼ61 պետհամարանիշի ավտոմեքենան՝ թաքցնելով ավտոմեքենայի արգելանքի տակ գտնվելու հանգամանքը:
Նախաքննությունն իրականացվել է ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում՝ ՀՀ քրօրի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով: 2010թ. հուլիսի 6-ին կայացված որոշմամբ՝ Վահան Մելքոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը եւ հայտարարվել է հետախուզում:
Տուժող է ճանաչվում
Հարություն Բարսեղյանը
Սակայն քրեական գործով վարույթը կասեցվում է՝ Վահան Մելքոնյանի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով:
Անցյալ տարվա նոյեմբերի 12-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվում է վերացնել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը:
Քրեական գործով որոշում է կայացվում քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին:
Այս տարվա փետրվարի 9-ին քրեական գործով վարույթը, կրկին, նույն հիմքով կասեցվում է: Նորից բողոք է բերվում եւ դատարանով պարտավորեցվում է՝ վերացնել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչի վարույթը կասեցնելու մասին որոշումը:
Հուլիսի 25-ին որոշում է կայացվում քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին:
Փախածին
նոր մեղադրանք է
առաջադրվում
Նախաքննության ընթացքում՝ սեպտեմբերի 14-ին որոշվում է Վահան Մելքոնյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ լրացնելու մասին, եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով, 345 հոդ. 1-ին մասով: Մեղադրյալ Վահան Մելքոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողնվել է անփոփոխ:
Ինչ վերաբերում է Դավիթ Մելքոնյանին, ապա մինչդատական վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ հիշյալ հանցագործության կատարման մեջ նրա մասնակցությունը հիմնավորող տվյալներ եւ ապացույցներ դեռեւս ձեռք չեն բերվել, հետեւաբար, Դավիթ Մելքոնյանի արարքի քրեաիրավական գնահատմանը հնարավոր կլինի անդրադառնալ միայն Վահան Մելքոնյանի հայտնաբերումից եւ քննության ներկայացնելուց հետո:
Մեկ դրվագ էլ՝
մեղվափեթակների
մասով
Հարություն Բարսեղյանի կողմից նախաքննության ընթացքում ներկայացվել է եւս մեկ դրվագ այն մասին, որ Վահան Մելքոնյանը, չարաշահելով իր վստահությունը, փորձել է նաեւ տիրանալ իր թվով 85 մեղվափեթակներին: Սակայն մինչդատական վարույթ իրականացնող մարմինը գտել էր, որ քրեաիրավական գնահատական կտրվի Վահան Մելքոնյանի հայտնաբերումից հետո: Ըստ շրջանառու լուրերի, Վահանն իր աներձագի՝ Կալինինոյի անցագրայինի պետ Մհերի օգնությամբ է հեռացել հանրապետությունից:
Ըստ տուժողի, նախաքննական մարմինը չի անդրադարձել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման մեջ արձանագրված այլ անձի՝ որդուն եւս սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու հնարավոր հավանականությանը ու այդ առումով սույն գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելուն ուղղված անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել: «Վահան եւ Դավիթ Մելքոնյանները նշված ապօրինի գործողությունները կատարել են իրար հետ հանցավոր համաձայնությամբ, հետեւաբար, այլ անձ, ում հնարավոր է մեղադրանք առաջադրել, հանդիսանում է միայն Դավիթ Մելքոնյանը»,- ասում է տուժողը:
Հարցեր՝ արգելանքի
հետ կապված
Հարություն Բարսեղյանը մեր զրույցի ժամանակ ասաց, որ իր ցուցմունքում հայտնել է, որ երբ ինքը Դավիթ Մելքոնյանին հարցրել է, թե ինչու իրեն նախապես չի ասել ավտոմեքենայի արգելանքի տակ գտնվելու մասին, Դավիթ Մելքոնյանը պատասխանել է. «Ինչո՞ւ ասեի: Որ ասեի՝ ավտոմեքենան չէիք վերցնի»: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խափանման միջոցները կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ՝ քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու եւ դատավճռի կատարումն ապահովելու նպատակով: Այս առումով լիովին համոզված եմ, որ Վահան Մելքոնյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը ակնհայտ մեղմ է, չի համապատասխանում նրան մեղադրված հանցանքի ծանրության աստիճանին, ու այն չի նպաստի վերջինիս հայտնաբերմանը եւ քննության ներկայացնելուն: Եվ այս առումով Վահան Մելքոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը միանշանակ պետք է փոփոխվի եւ փոխարինվի կալանքով»,- ասում է տուժողը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նաեւ արձանագրել է, որ սույն գործով Վահան Մելքոնյանը, հետախուզման մեջ գտնվելու ընթացքում, լիազորել է իր որդուն՝ Դավիթ Մելքոնյանին՝ իր անունից որպես ներկայացուցիչ հանդես գալու տարբեր դատարաններում, ինչը եւ վերջինս կատարել է:
Այլ խոսակցություն է, թե նախաքննական մարմինը ինչու չի պարզել, թե այդ լիազորագիրը հայրը որդուն ինչպես է ուղարկել, երբ, ինչ հանգամանքներում: Բայց կա մի անհասկանալի կարգավիճակ էլ, եթե անգամ որդին հանդես գար, որպես վկա, նա նախաքննության մարմնի գաղտնիքներն իրավունք չուներ փոխանցելու հորը: Ինչը ուշադրություն չի դարձվել:
Տուժողի, ականատես վկայի եւ այլ վկաների ցուցմունքների համաձայն, Դավիթ Մելքոնյանն իր գործողություններով հանցավոր համաձայնությամբ համագործակցել է Վահան Մելքոնյանի հետ՝ Հարություն Բարսեղյանին խաբելու եւ գումարը հափշտակելու հարցում:
Տուժողի ներկայացուցիչը՝ փաստաբան Վահանգն Մանուկյանը նշում է, որ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերոնշյալ դիմում-բողոքի քննության վերջին երկու դատական նիստերի ընթացքում ոչ նախաքննական մարմինը եւ ոչ դատախազը չեն ներկայացել, անգամ հարկ չհամարելով որեւէ կերպ հիմնավորել իրենց բացակայությունը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031