Լրահոս
Օրվա լրահոսը

«Մաշված» մասնակիցներ

Դեկտեմբեր 03,2011 12:17

Կիրակի օրը կայանալիք ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքներն, իհարկե, կանխատեսելի են՝ չնայած, այդ երկրի հեղինակավոր սոցիոլոգիական հարցումների համաձայն, «Միացյալ Ռուսաստանի» հաղթանակն այնքան էլ փայլուն չի լինելու: Գլխավոր պատճառն այն է, որ մարդիկ հոգնել են Պուտինից եւ բացարձակապես խանդավառված չեն այն գաղափարով, որ նա իշխելու է եւս 14 տարի: Այն թարմությունը, որը նա ուներ որպես ուժեղ առաջնորդ, որը իբր վեր է խոյացրել Ելցինի ժամանակ ծնկի իջած Ռուսաստանը, այլեւս խամրել է: Ենթադրենք, ծնկից բարձրացրեց, բա հետո ուր տարավ: Քարոզչությունն, ըստ որի՝ 90-ական թվականներին ամեն ինչ քանդած էր, իսկ 2000-ականներին ամեն ինչ կայունացավ, այլեւս ազդեցիկ չէ: Նոր գաղափարներ, նոր ծրագրեր Պուտինի թիմը չունի: Բայց ամենացավալին այն է, որ դրանք չունեն նաեւ Զյուգանովի եւ Ժիրինովսկու թիմերը: Զարմանալի կլիներ, եթե ունենային. հնարավոր չէ 20 տարի «ընդդիմություն աշխատել» եւ որեւէ բանով զարմացնել քաղաքացիներին:

Ռուսաստանում կազմակերպվող նախընտրական դեբատներն իրոք շքեղ էին՝ բարձր տեխնոլոգիական, հեռուստատեսային եւ լրագրողական մակարդակով: Դրանց միակ, բայց ամենակարեւոր թերությունն այն է, որ այստեղ բուն քաղաքական գործիչներն ասելիք չունեն: Եվ դա ոչ միայն նրանց «մաշվածության» հետեւանքն է, այլեւ՝ իրական կյանքից կտրված լինելը: Դումայի ընտրությունների մասնակցող հիմնական ուժերը, ինչպես կասեր Զյուգանովի հոգեւոր առաջնորդը, «սարսափելի հեռու են ժողովրդից», նրանք ապրում են իրենց ներփակված եւ, ի դեպ, չափազանց բարգավաճ աշխարհում եւ երբեմն՝ հատկապես ընտրությունների ժամանակ, ստիպված են դերասանություն անել՝ կրկնելով իրենց 20 տարվա «երկացանկը»:

Այն, որ թե Ռուսաստանում եւ թե Հայաստանում ուժերն իրականում քաղաքական չեն, որ նրանք առաջնորդվում են բացարձակապես ոչ քաղաքական, այլ խմբակային, կլանային էթիկայով, ապացուցեցին թեկուզ վերջին իրադարձությունները: Բացահայտ կրիմինալ հակումներ ունեցող Սյունիքի մարզպետին «պլստացրեցին» պատասխանատվությունից, իսկ այս շաբաթ խորհրդարանում Շմայսի հայհոյանքներից հետո ոչ մի հանրապետականի լեզուն չպտտվեց գոնե կեսբերան դատապարտել պատգամավորի վարքը: Ճիշտ հակառակը՝ բոլոր զինակիցներն արդարացրին իրենց «քաղցր աղբորը»:

Վերջերս ՀԱԿ-ը նոր ռազմավարություն է առաջ քաշել. միավորվել բանդիտների մի մասի հետ՝ բանդիտների մյուս մասին տապալելու համար: Իրոք որ, քաղաքականությունն այն տեղը չէ, որտեղ պետք է գործել սպիտակ ձեռնոցներով: Սակայն դա պարզապես սխալ հաշվարկ է՝ իշխանությունը իր բանդիտներին ոչ մեկի չի տա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031